Սոմալին հետ է մղել Իրաքին ահաբեկչության ամենաբարձր սպառնալիք ներկայացնող երկրների վարկանիշային աղյուսակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2010 11:35

Սոմալին գլխավորել է ահաբեկչության ամենաբարձր սպառնալիք ներկայացնող երկրների   վարկանիշային աղյուսակը` Իրաքին առաջին տեղից հետ մղելով: Երկուշաբթի այդ մասին տեղեկացրել է Ռեյթեր գործակալությունը`վկայաբերելով բրիտանական խորհրդատվական` Maplecroft ընկերությանը: Maplecroft ընկերության գնահատման համար հիմնարարար չափանիշ է եղել 2009 թվականի հունիսից մինչև 2010 թվականի հունիսը ընկած ժամանակահատվածում ահաբեկչական հարձակումներից զոհված բնակչության տոկոսը:Այդ ժամանակահատվածում Սոմալիում ավելի քան 500 ահաբեկչություն  է իրականացվել, զոհվել է 1400 մարդ և գրեթե 3500-ը վիրավորվել են: «Սոմալին դարձել է ամենավտանգավոր երկիրը աշխարհում»,- եզրաբանել են Maplecroft ընկերության մասնագետները`ընդգծելով,որ  այս  ոչ պատվավոր առաջնությունը կապված է«Ալ Ղաիդա» միջազգային կազմակերպության  գործունեության հետ:

Սոմալիում զինյալ հակամարտությունը շարունակվում է 1991 թվականից, այդ ժամանակահատվածում երկրում չկա կենտրոնացված կառավարություն:Ներկայումս իշխանության համար պայքարում են կառավարությունը և ընդդիմադիր`«Աշ Շաբաբ» և «Հիզբ ալ Իսլամ» արմատական իսլամիստները: Ի դեպ, իսլամիստները հսկում են երկրի ողջ հարավը և կենտրոնը: Նրանք ջանում են շարիաթի չափանիշերը տարածել ողջ երկրում:Դիտորդների կարծիքով` երկրի ընդդիմությունը նյութական և կադրային աջակցություն ստանում է «Ալ Ղաիդա» կազմակերպությունից: 2007 թվականից սկսած` Սոմալիում մարտական գործողություններից զոհվել է 19 հազար խաղաղ բնակիչ, իսկ 1,5 միլիոնը հարկադրաբար լքել են երկիրը: Այս վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Պակիստանը, երրորդ տեղում Իրաքն է, իսկ չորրորդում`Աֆղանստանը:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply