Սամվել Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, բայց կպարտվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2009 15:00

mhm42988-copyԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, քանի որ հարևան պետությունը ցանկանում է գնդակը տեղափոխել հայկական դաշտ։
«Ադրբեջանը չունի որևէ պարտավորվածություն` պատերազմ չվերսկսելու: Ադրբեջանը գնում է պատերազմի, իսկ մենք պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին»,-այսօր մամուլի ասուլիսին ասաց Բաբայանը և հավելեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը թույլատրելի քանակից շատ ռազմատեխնիկա է ձեռք բերում:

Բաբայանի կարծիքով`պատերազմ սկսելու դեպքում, այդուհանդերձ, Ադրբեջանը կպարտվի:
Իսկ երեկվա այն լուրերի մասին, թե Քարվաճառում կրակոցներ են սկսվել, Բաբայանն ասաց, որ հնարավոր է` դրանք եղել են զորավարժություններ, կամ դիպուկահարներն են կրակել:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ նույնպես պաշտոնապես հերքել էր այս լուրերը: Ղարաբաղից տեղեկացնում են, որ սա հերթական ապատեղեկատվությունն է եղել:

Բաբայանն ասում է, որ 94-ից  մինչ օրս իշխանական օղակները ցանկացել են Ադրբեջանին զիջել 7 շրջան , որը «էսօրվա ու երեկվա հարց չի, խնդիրը  կայանում է նրանում, որ Ադրբեջանը չի բավարավում այդ 7-ով և 12 շրջան է ուզում»:

«Արցախում այսօրվա իշխանությունները չեն կարող դեմ գնալ Հայաստանի իշխանություններին ինչ-որ պատճառներով,-ասաց Բաբայանը: Իսկ թե ինչու արցախցիները չեն բարձրաձայնում, որ իրենք պետք է բանակցային կողմ լինեն հարցին, ԼՂՀ նախկին պաշտպանոթւյան նախարարը նախընտրեց պատճառներ չնշել` ասելով, որ չի ցանկանում այդ խոհանոցը մտնել: Ըստ Բաբայանի` ԼՂ հակամարտության բանակցություններում Հայաստանը ընդհանրապես չպետք է մասնակցի,  այլ  «պետք է լինի որպես մեծ պապա, ոնց որ Թուրքիան»:
Բաբայանի կարծիքով` ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլում անհանգստանալու և մտահոգության կարիքը չկա. «Ադրբեջանի ցանկությունները որևէ իշխանության համար անհնար է բավարարել»:

«Առանց պատերազմի, հայկական կողմը հողերը չի վերադարձնի, և ոչ էլ Լեռնային Ղարաբաղը որևէ պայմանով կինտեգրվի Ադրբեջանի կազմի մեջ»,-այս մասին էլ երեկ «1news.az»-ին ասել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատ Ալեքսեյ Միտրոֆանովը:
Նա հայտարարել էր, որ «հայերը ոչինչ չեն վերադարձնի: Եվ նույնիսկ եթե Ադրբեջանն իր ողջ գազը տա Ռուսաստանին, հետո հավաքի ևս 10 միլիարդ դոլար և վարկ տրամադրի Ռուսաստանին, ապա ոչինչ չի փոխվի: Դուք կարծում եք, թե հայերը կհրաժարվե՞ն Ղարաբաղից և կհեռանան այնտեղից կամ ինքնավար շրջանի իրավունքի պայմաններով դաշինքի մե՞ջ կմտնեն Ադրբեջանի հետ: Պետք է ճանաչել հայերին: Ո’չ զիջումները և ո’չ էլ փողն այստեղ ոչինչ չեն լուծի: Ղարաբաղի հարցում դա ոչինչ չի փոխի»:  Միտրոֆանովն ավելացրել է, որ «ո’չ Ռուսաստանը, ո’չ ԱՄՆ-ը չեն օգնի: Նույնիսկ Օբաման ոչինչ չի կարող անել»:

Դիտվել է 1966 անգամ:
Print Friendly

Leave a Reply