Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի նախագահ դառնալու շանսեր ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 14, 2010 17:40Ֆրանսուա Ֆիյոնը, որ կիրակի օրը կրկին նշանակվեց Ֆրանսիայի վարչապետ, հայտնի է որպես համոզված բարեփոխիչ և քաղաքականության անգլոսաքսոնական` առավել դինամիկ ոճի կողմնակից: Ինչպես նշում են մեկնաբանները, նա պահպանել իր պաշտոնը նախևառաջ շնորհիվ իր վայելած լայն աջակցության իշխող կուսակցությունում և առհասարակ երկրում:
Նրա վարկանիշն էապես բարձր է նախագահից, և ըստ վերջին հարցման` յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին կուզենար, որ Ֆիյոնը մնար վարչապետի պաշտոնում: Ավելին, հարցումները հուշում են, որ նա լավ արդյունքներ կունենա, եթե 2012 թ. իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում:
Հասարակության աչքում համեստ և շրջահայաց Ֆրանսուա Ֆիյոնը նախագահի հակատիպն է, որը հակված է շքեղության և երբեմն անհարկի էքսպանսիվ է: Միաժամանակ նա ցույց է տվել իր բանիմացությունը վարչապետի պաշտոնում երկրի համար դժվարին ժամանակներում և անհրաժեշտության դեպքում հաստատակամություն դրսևորելու պատրաստակամությունը երկրի ղեկավարության դիրքորոշումը պաշտպանելու հարցում: Ինչպես և 2007 թ., շատերը հիմա էլ նրան են համարում վարչապետի միակ հարմար թեկանծու, որը պատրաստ է ստանձնել “կաբինետի տնօրենի” դերը այնպիսի ակտիվ նախագահի պարագայում, ինչպիսին Նիկոլյա Սարկոզին է: Ոմանք նրան անվանում են “խաղաղ պատվախնդիր”:
Ի տարբերություն Սարկոզիի, Ֆիյոնը չափավոր, կշռադատող, անգամ ֆլեգմատիկ քաղաքական գործչի համբավ ունի: Իրոք, նա երբեք չի բարձրացնում ձայնը, երբեք հունից դուրս չի գալիս: Այդ հինգ երեխաների հայրը միշտ թարմ, երիտասարդ տեսք ունի, փարթամ մազեր և թեթևակի ժպիտ շրթունքների անկյունում: Կողմնակի մարդը, նայելով նրա անվրդով դեմքին, երբեք չի կռահի, թե ինչ է կատարվում նրա հոգում, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ֆիյոնը կառավարման նախագահական ձևի կողմնակից է: Նրան համարում են արդյունավետ քաղաքական գործիչ “սոցիալական գոլականների” կոհորտայից, սոցիալական և տնտեսական բարեփոխումների հմուտ և անփոխարինելի ճարտարապետ, որոնք մտադիր է իրականացնել Սարկոզին: Նրան համարում են սոցիալական ու հանրապետական խոր համոզմունքներ ունեցող գործիչ` իրավահավասարության սուր զգացումով: Ինքը` վարչապետն իրեն համարում է սոցիալական լիբերալ: Լիբերալ, քանի որ կարծում է, որ միայն մրցակցության ոգին կարող է նպաստել հարստության ստեղծմանը, սոցիալական, որովհետև համարում է, որ չի կարելի մոռանալ թույլերի ու անտունների մասին:
Ֆրանսուա Ֆիյոնի հարաբերությունները նապագահի հետ բավական բարդ են: Վերջերս նա հայտարարել է, որ Նիկոլյա Սարկոզին “երբեք իր վարպետը” չի եղել, իսկ իր համագործակցությունը նախագահի հետ այն միության արդյունքն է, որ կնքվել է 2007 թ. նախագահական ընտրություններից առաջ:
Ինչպես և նախագահը, 56-ամյա Ֆիյոնը մասնագիտությամբ իրավաբան է: Նա ծնունդով Սարտայից է` Ֆրանսիայի հյուսիսից: Նրա հայրը նոտարիուս է, համոզված գոլական, մայրը` գիտնական` պատմաբան: Սովորել է ճիզվիտական քոլեջում, ավարտել է Լը Մանեի և Ռենեի համալսարանները, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և մասնագիտացել հասարակական իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում: 1981 թ. առաջին անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ապա հինգ անգամ վերընտրվել, 2005-ի սեպտեմբերին դարձել է սենատոր: Իր նախարարական առաջին պորտֆելը ստացել է 1993 թ. Էդուարդ Բալլադյուրի կառավարությունում:
Ֆրանսուա Ֆիյոնը միշտ խնամքով սանրված է, սիրում է Շատոբրիանին, ալպինիզմի, քայլարշավի և ավտովազքի մեծ սիրահար է: Նրա կինը` Պենելոպան, Ուելսից է: Նա չի թաքցնում, որ Սաբլե սյուր Սարտի իրենց տանն ավելի լավ է զգում, քան Մինյոնի պալատում, բայց համարում է, որ իր պարտքը միշտ իր ամուսնու կողքին լինելն է:






Facebook
Tweet This
Email This Post
