Արամ Ա. կաթողիկոս. “Միջին արևելքի քրիստոնեությունը կը պատկանի այս շրջանի հողին, մշակույթին ու պատմության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 14, 2010 14:45

Հատուկ ժամադրությամբ Անթիլիասի Մայրավանք ժամանած տասնհինգ ամերիկացի ու կանատացի մամլույ ներկայացուցիչներուն հետ ունեցած հանդիպման ընթացքին խոսք առնելով` Արամ Ա. կաթողիկոս կարևորությամբ շեշտեց Միջին Արևելքի եկևեցիներուն ամուր կապվածությունը շրջանին: Վեհափառը ըսավ. “Միջին Արևելքի քրիստոնեությունը եկվոր չէ. ան կը պատկանի Միջին Արևելքի հողին, մշակույթին, քաղաքակրթության ու պատմության: Շրջանին զարգացման ու առաջդիմության մեջ կարևոր դեր ունեցած է քրիստոնեությունը: Միջին Արևելքի մեծ իրագործումներուն մեջ ան իր հատկանշական դերը ունեցած է: Չմոռնանք, որ քրիստոնեության ծննդավայրը հոս է: Չմոռնանք, որ քրիստոնեության մտածողության, վկայության ու մշակույթին մեծագույն դէմքերը Միջին Արևելքին կը պատկանին: Այս խոր գիտակցությամբ կ’ապրին ու կը վկայեն եկեղեցիները Միջին Արևելքի մէջ”:

Պատասխանելով Միջին Արևելքի մեջ քրիստոնեության դիմագրաված ներկա տագնապներուն գծով իրեն ուղղված հարցումի մը` վեհափառը ըսավ. “Երբ քրիստոնեությունը տագնապներ չէ ապրած Միջին Արևելքի մեջ: Մոտեն քննեցեք պատմությունը քրիստոնեության այս շրջանին մեջ: Արդարև, քրիստոնեության պատմությունը եղած է կենդանի նահատակություն մը: Քրիստոնեությունը իր կյանքով ու նպատակով վկայություն է. վկայություն` Բեթղեհեմի ճամփով աշխարհին հայտնված արժեքներուն, սկզբունքներուն ու ճշմարտություններուն մասին: Նման վկայություն մը դյուրին չէ. ան կ’ենթադրե զոհողություն ու նույնիսկ նահատակություն, ինչպես եղավ վկայությունը Քրիստոսին: Հետևաբար, քրիստոնեության դիմագրաված ներկա տագնապները ես կը նկատեմ, որոշ իմաստով, անբաժան մասը քրիստոնեության վկայության”:

Այլ հարցումի մը, թե Միջին Արևելքի կարգ մը շրջաններու մեջ իսլամ արմատականներ կամ ծայրահեղականներ սկսած են հալածել քրիստոնյաները, վեհափառին պատասխանը եղավ հստակ. “Անհրաժեշտ է այս հարցը դիտել ավելի լայն հայեցակետով. ծայրահեղ իսլամությունը ամեն բանե առաջ վտանգ մըն է նույնինքն իսլամության համար: Ան լուրջ վտանգ մըն է նաև շրջանին մեջ ներքին կայունության ու ապահովության գծով: Հետևաբար, ես վստահ եմ, որ նույն այս մոտեցումը ունին նաև իսլամները: Հավաքական մարտավարություն ու ռազմավարություն պետք է մշակել արմատական ու ծայրահեղ շարժումներուն դեմ: Այլապես անոնք կրնան Միջին Արևելքը լուրջ վտանգներու դիմաց դնել: Այս ծիրին մեջ քրիստոնյա-իսլամ երկխոսությունը և գործակցությունը ես կը նկատեմ հրամայական: Խոր գոհունակությամբ կ’ուզեմ հաստատել, որ Բաղդադի եկեղեցու մեջ տեղի ունեցած ոճրային արարքին առիթով նույնիսկ քրիստոնյաներեն առաջ իսլամներ` պետական թե քաղաքական, կրոնական թէ համայնքային պատասխանատուներ, խիստ կերպով հակազդեցին` դատապարտելով բարբարոսային այս արարքը: Նման չարագործություններ պարտության մատնելու ապահով ճամփաներէն մեկը քրիստոնյա-իսլամ գործակցությունն է”:

Ապա, լրագրողները իրենց հարցումներուն ուղղությունը դարձուցին դեպի վերջերս Վատիկանի մեջ տեղի ունեցած Միջին Արևելքի հատուկ սինոդը: Այս ծիրին մեջ վեհափառին ուղղված առաջին հարցումն էր` ինչպես կը բնորոշեք Վատիկանի սինոդը: Վեհափառը ըսավ. “Վատիկանի սինոդը ես կը նկատեմ արթնության կոչ մը. կոչ մը` ուղղված Միջին Արևելքի եկեղեցիներուն, կոչ մը` ուղղված իսլամներուն, կոչ մը` ուղղված աշխարհի բոլոր քրիստոնյաներուն”:

Վեհափառի հիշյալ բնորոշումին լույսին տակ լրագրողները նախ հարցուցին, թե շրջանի քրիստոնեության ուղղված արթնության կոչը ինչ կ’ենթադրե: Պատասխանելով այս հարցումին` Արամ Ա. կաթողիկոս ըսավ. “Նախ կուզեմ կարևորությամբ հիշեցնել, թե երբ Վատիկանի սինոդին մեր Սուրբ Աթոռին ներկայացուցիչը ղրկելու հրավեր ստացա, թե իմ պատասխան նամակիս մեջ և թե մեր ներկայացուցիչը սինոդի ընթացքին իր պատրաստած խոսքին մեջ հետևյալ կետերը շեշտեցինք. ա) Բնական է, որ Վատիկանի նախաձեռնությամբ տեղի ունենալիք նման սինոդ մը ուղղված ըլլա միայն կաթողիկե եկեղեցիներուն: Սակայն Միջին Արևելքին մեջ կաթողիկե եկեղեցիներու մտահոգությունները ու մարտահրավերները նաև մյուս եկեղեցիներուն կը պատկանին: Հետևաբար, Վատիկանի սինոդը ես որոշ իմաստով կը նկատեմ շրջանի ամբողջ քրիստոնեության վերաբերող կարևոր նախաձեռնություն մը: բ) Միջին Արևելքի մեջ քրիստոնեական միությունը հրամայական անհրաժեշտություն է, թերևս երկրագնդի որևէ մեկ շրջանեն ավելի: Անհրաժեշտ է, որ պահելով հանդերձ իրենց աստվածաբանական տարբերությունները, եկեղեցիները գործնապես արտահայտեն իրենց միությունը կառչած մնալով քրիստոնեական հիմնական արժեքներուն: գ) Վատիկանի սինոդին մեջ հատուկ կարևորություն պետք է ընծայվի քրիստոնյա-իսլամ գործակցության, որովհետև ոչ միայն դարեր շարունակ քրիստոնեություն ու իսլամություն միասին ապրած ու գործած են, այլ նաև այսօր ներկա աշխարհի տագնապներուն ու մարտահրավերներուն դիմաց, անոնք կոչված են վերաշեշտելու իրենց գույակցությունը ու գործակցությունը”: Ապա վեհափառը ավելցուց ըսելով. “Ուրախությամբ ողջունեցի Վատիկանի սինոդի քննարկումներուն ու եզրակացություններուն մեջ հիշյալ կետերուն գծով կատարված կարևոր անդրադարձը՚”

http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=41854

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply