Դռնից այն կողմ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 14, 2010 14:20

Վերջին ժամանակներս բոլորի զրույցի թեման աշակերտներն ու ուսուցիչներն են: Այսօր սոցիալական կայքերում հայտնվել են մի շարք տեսահոլովակներ, որոնցում պարզ երևում է, թե ինչպես է ուսուցիչը բռնի ուժ գործադրում և ծեծի ենթարկում աշակերտին: Սակայն, չգիտես ինչու, տեսահոլովակներում բացակայում են մինչ ծեծը տեղի ունեցած դեպքերը:

Մի քանի օր առաջ ես զրուցում էի Տաթևիկ Քոչարյանի հետ, որն այս տարի էր ավարտել դպրոցը: Նա պատմում էր, թե ինչպես է անցնում դասի մեծ մասը. “Մի անգամ հայոց լեզվի ուսուցչուհին մեր դասարանի տղաներից մեկին ասաց, որ դասարանից դուրս գա, քանի որ իրեն անկարգ էր պահում: Դասընկերս բորբոքված ասաց, որ դուրս չի գա, իսկ երբ ուսուցչուհին մոտեցավ, որ դուրս հանի, նա ուսուցչուհուն այնպես հրեց, որ արդեն ընկնում էր, եթե երեխաները հետևից չբռնեին: Եվ նմանատիպ ինչքան պատմություններ են եղել, որոնց մասին խոսելու համար մեկ օրն էլ չի բավականացնի: Այս ամենի մասին ոչ ոք չի խոսում, երբ ոտնահարում է ուսուցչի ինքնասիրությունը, իսկ երբ ուսուցիչը փորձում է, եթե ոչ խոսքերով, այլ ձեռքերով բացատրել, ողջ հասարակությունը ելնում է նրա դեմ: Այսպիսի դեպքերում ուսուցիչը, չունենալով ոչ մի ապացույց, որով  ցույց տա աշակերտի հղփացած վիճակը դասի ընթացքում, մնում է գլխիկոր”:

Իսկ թե այդ տեսահոլովակների մասին ինչ են մտածում դպրոցներում, պատասխանում է թիվ 140 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, փոխտնօրեն` տիկին Մարինե Սարգսյանը. “Այդ ամենը նկարված է հատուկ ուսուցչին զրպարտելու համար: Մենք միանշանակ դեմ ենք աշակերտին ծեծի ենթարկելուն: Աշակերտը դպրոց է գալիս միայն կրթվելու, կրթություն ստանալու համար: Սակայն կան աշակերտներ, որոնց այլանդակություններին նույնիսկ ծեծը չի կարող արգելք լինել: Ըստ իս, նրանց միջև պետք է որոշակի սահման լինի, որն էլ հնարավորություն կտա հարգելու միմյանց իրավունքները: Իսկ տեղի ունեցող այս դեպքերը կանխելու համար մենք շատ քիչ բան կարող ենք անել, քանի որ երեխային դաստիարակողը ընտանիքն է, իսկ այս ամենը կանխելու համար պետք է հասարակությունը միջոցներ ձեռնարկի: Չպետք է մեղավորներ փնտրել և նրանց դատապարտել, այլ պետք է պայքարել դրանց  վերացման համար”:

Լուսինե  Ասատրյան

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply