Դ. Ֆահրադյանը սահմանեց Գինեսի ռեկորդ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 14, 2010 13:19
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը պտտաձողի վրա մեկ ձեռքով 75 պտույտ կատարելով սահմանեց Գինեսի ռեկորդ: Մինչ այժմ այս վարժությունում գինեսի ռեկորդ չէր գրանցվել, իսկ Դ. Ֆահրադյանի` 75 պտույտները խորհրդանշական են. այս տարի լրանում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 75-ամյակը:
Ռեկորդը գրանցելու համար Երեւան են ժամանել նաեւ գինեսի ռեկորդների գրանցման հանձնաժողովի անդամները: Լրագրողների հետ զրույցում նորընծա ռեկորդակիրը խոստովանեց, որ վարժության վերջում արդեն հոգնել էր, կար նաեւ լարվածություն: «Չնայած դրան` վստահ էի, որ կկարողանամ կատարել վարժությունը, որի վրա աշխատել էի շուրջ մեկ տարի»,- ասաց Դ. Ֆահրադյանը` ավելացնելով, որ այս պահին կարողանում է կատարել շուրջ 80 պտույտ:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հպարտություն արտահայտեց, որ Դ. Ֆահրադյանը հանդիսանում է իրենց բուհի դասախոս: «Նա բոլորիս համար պետք է օրինակ ծառայի: Յուրաքանչյուրս իր ոլորտում պետք է ձգտի հասնել առավելագույնի»,- ասաց Ս.Զոլյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով Դ. Ֆահրադյանին, ընդգծեց, որ ՀԱՕԿ-ն ըստ արժանավույնս կգնահատի մարզիկի աշխատանքը:
«Հայ ազգը, լինելով փոքր, բոլոր ոլորտներում ունի իր ուրույն տեղը, այդ թվում նաեւ` սպորտում: Սպորտի զարգացման եւ օլիմպիական գաղափարների տարածման ախատանքները շարունակվելու են, ստեղծվելու են պայմաններ` մարզիկների լավագույն պատրաստվածությունն ապահովելու համար»,- խոստացավ Գ. Ծառուկյանը: Դ. Ֆահրադյանն ազգությամբ հայ 8-րդ մարզիկն է, որ գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում:






Facebook
Tweet This
Email This Post
