Նոր Տրոյան վիրուսը ներկայանում է որպես «Կասպերսկիի լաբորատորիայի» հակավիրուս

Օրվա լուր | | July 22, 2009 15:14

1111Ինտերնետում ի հայտ է եկել նոր Տրոյան վիրուս, որը հանդես է գալիս որպես «Կասպերսկիի լաբորատորիայի» ապրանքանիշ և պահանջում է վճարովի SMS հաղորդագրություն ուղարկել՝ համակարգիչը մաքրելու իրականում գոյություն չունեցող վիրուսից. այս մասին հաղորդել է «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերությունը:

Տրոյան վիրուսը, որ կոչվում է «Trojan-Ransom.Win32.SMSer», համակարգիչ է մտնում «Spam» նամակների կամ վիրուսավորված կրիչների միջոցով:

Վիրուսը հաստատվում է օպերացիոն համակարգ «Windows»-ում և ոչ մի կերպ չի դրսևորվում: Համակարգիչը գերբեռնելուց հետո «explorer.exe»-ի հետ վիրուսը սկսում է գործել, և համակարգչի էկրանին հաղորդագրություն է հայտնվում «Kaspersky Lab Antivirus Online»-ի անունից՝ պահանջելով անմիջապես հաղորդագրություն ուղարկել նշված համարով, այլապես վիրուսը կսկսի գործել և համակարգիչը կփչանա:

Էկրանին երևում է նաև վայրկյանացույց, որի վրա ժամանակի հետհաշվարկ է կատարվում՝ իբրև թե ցույց տալով՝ որքան ժամանակ է մնացել մինչ վիրուսի ակտիվացումը:

Ընդ որում, վիրուսավորված համակարգչի էկրանին հայտնված հաղորդագրությունը թույլ չի տալիս համակարգչի կառավարման համակարգում որևէ քայլ  իրականացնել:

http://www.kaspersky.ru կայքը հաղորդում է, որ ընկերության անունն օգտագործում են հանցագործները՝ խաբեության միջոցով շահույթ ստանալու համար:

Ընկերությունը տեղեկացնում է, որ էկրանին հայտնված հաղորդագրության պահանջը կատարելուց և հաղորդագրություն ուղարկելուց հետո վիրուսը չի վերանում: Իսկ հակավիրուսի վերջին տարբերակը կարելի է ձեռք բերել «kaspersky»-ից:

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply