Հայաստանում 38 երեխա է որդեգրվել, որից 15-ը` օտարեկրացիների կողմից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 14, 2010 12:29

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում որդեգրվել է 38 երեխա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

Նա նշեց, որ առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է 23 երեխա, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից`15: Լենա Հայրապետյանը հայտնեց, որ այս տարի առաջին կիսամյակում Հայաստանում որդեգրման համար հաշվառվել է 100 երեխա:

Նրա խոսքով, որդեգրման համար հաշվառված երեխաների մեջ ընդգրկված են նաև առողջական խնդիրներ և մտավոր արատներ ունեցող երեխաները:

«Առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հիմնականում չեն ցանկանում որդեգրել, ցանկացողներն էլ օտարերկրյա քաղաքացիներ են լինում: Նրանք ծանոթանում են բժկական փաստաթղթերին, ուղարկում են իրենց երկրի բժիշկներին և եթե այնտեղ խոստանում են, որ կբուժեն երեխային, ապա որդեգրում են»,- ասաց Լ. Հայրապետյանը:
Բաժնի պետի խոսքով, որդեգրող կողմը հիմնականում ցանկանում է որդեգրել նորածին կամ մինչև 5 տարեկան երեխայի:
«Սակայն որդեգրման համար հաշվառված երեխաների մեջ մինչև 5 տարեկան երեխաները շատ քիչ են լինում, դրա համար որդեգրում են կամ նորածին կամ էլ 10 տարեկանից բարձր երեխաների»,- ասաց նա:
Լ. Հայրապետյանի խոսքով, այսօր մեծ թիվ են կազմում ազգակցական տիպի որդեգրումները, երբ երեխային որդեգրում է ազգականներից մեկը:
Նա նշեց, որ այսօր երեխաներին մանկատուն են հանձնում հիմնականում սոցիալական պայմանների պատճառով: «Մինչև ծնողները չեն հրաժարվում իրենց երեխայից, նրանց չեն կարող որդեգրել, կամ էլ երեխայի ծնողնեը պետք է մահացած լինեն: Որդեգրման համար պետք է լինեն իրավական հիմքեր: Այսօր մենք մանկատներում շատ երեխաներ ունենք, որոնք որդեգրման ենթակա չեն»,-ասաց մասնագետը:

Panorama.am

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply