Հայաստանում գրանցած է շաքարախտով հիվանդ շուրջ 42 հազար մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2010 15:53

Աշխարհում ներկայում 250 մլն-ից ավելի մարդ տառապում է շաքարային դիաբետով, Հայաստանում նրանց թիվը 41 հազար 932 է: Նոյեմբերի 14-ի` շաքարախտի համաշխարհային օրվա կապակցությամբ Մոսկվայի տանը կազմակերպված քննարկման ժամանակ Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանը նշեց, որ, պաշտոնական տվյալներով Հայաստանում հիանդների 79,4%-ը տառապում է Բ տիպի շաքարախտով, 21,6%-ը` Ա տիպի: Նրանցից 6 301-ը երեխաներ եւ դեռահասներ են, որոնցից 182-ը` մինչեւ 14 տարեկան:

Նա նշեց, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ` ողջ աշխարհում տարեցտարի մեծանում է հիվանդացության տոկոսը: «Եթե անցյալ տարի հաշվառել ենք 1000 հիվանդ, ապա այս տարի` 2000: Յուրաքանչուր հաշվառվածին համապատասխան կա մոտ ութ չհաշվառված հիվանդ»,- նշեց նա: Ամեն տարի միջոցառումներն անցակցվում են որոշակի կարգախոսով, եւ այս տարվա կարգախոսն է` «Եկեք հսկենք շաքարախտը հիմա»:

Ա.Հայրապետյանը կոչ արեց բոլոր բժիշկներին ու հիվանդներին բարձրացնել այս ոլորտում իրազեկության մակարդակը, հետեւել բուժական ցուցումներին եւ սննդակարգին` կանխելու հիվանդության հետագա ընթացքը եւ զարգացումը: «Եթե այն սոցիալական հիվանդություն է, ապա պարզ է, որ դրանով պետք է զբաղվեն թե պետական թե հասարակական մակարդակով: Երկրորդային պրոֆիլակտիկան կանխարգելում է հիվանդության զարգացումը` թույլ չտալով, որ այն հասնի հաշմանդամության: Հիվանդության ընդհանուր տարածվածությունն ու զարգացումը կանխելու համար, սակայն, անհրաժեշտ է համակարգված մոտեցում»,- նշեց նա:

Ա.Հայրապետյանը ներկայացրեց նաեւ այն կանխանշանները, որոնցով ամեն ոք կարող է կողմնորոշվել` ունի ինքը շաքարախտ, թե ոչ. դրանք են` հաճախամիզությունը, չհիմնավորված նիհարելը, ընդհանուր թուլությունը եւ շատ հեղուկ օգտագործելը: «Եթե ձեզ մոտ առկա են այս նշանները, անպայման հետազոտվեք»,- հորդորեց նա: Հայաստանյան դիաբետի դեղաշուկայի առաջատար ֆրանսիական «Սերվեյ» ընկերության տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Բելլա Խաչունցը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առավելագույնս կարեւոր է այս հիվանդության մասին տեղկատվության լայնորեն տարածումը, քանի որ առաջնորդվելով ազգային մտածելակերպով` հաճախ հիվանդները ինքնաբուժմամբ են զբաղվում:

«Այս պարագայում յուրաքանչյուր հիվանդի անհրաժեշտ է յուրահատուկ մոտեցում, բուժում, սննդակարգ, եւ շատ կարեոր է, որ դա նշանակվի մասնագետի կողմից»,- նշեց նա: Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թոռոմանյանը հատկապես նշեց սակավաշարժությունը, գիրությունը, սննդակարգը եւ սնվելու ռեժիմը, որոնք նախապայման են շաքարախտի ձեւավորման համար:

«Նման հակում ունեցող օրգանիզմի համար բավական կարող է լինել փոքրիկ սթրեսը, որ շաքարախտը դրսեւորվի»,- նշեց նա` հիշեցնելով, որ այս հիվանդությունը դասվում է նաեւ ժառանգական հիվանդությունների շարքում: Երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում ժառանգի հիվանդանալու հավանականությունը 80% է, իսկ մեկի` 50%:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply