Աշխատանքի տոնավաճառ` Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2010 15:18

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ եւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ այսօր Կառավարության 3-րդ տանը կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ` 80 գործատուների մասնակցությամբ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով` Հայաստանում զբաղվածության պետական քաղաքականությունը, զբաղվածության կարգավորման ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը մեծ նշանակություն ունեն: «Դա հատկապես կարեւորվում է ֆինանսատնտեսական ճգնածամի հետեւանքների մեղմանն ուղղված միջոցառումների շարքում, եւ պետության առաջնահերթ քայլերն ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, զբաղվածության կարգավորմանը, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ընտրության աջակցության իրավունքի իրականացմանը»,-ասաց նա` ավելացնելով, որ այդ համատեսքտում ողջունելի է զբաղվածության կարգավորմանն ուղղված ցանկացած ակտիվ միջոցառում, որոնցից մեկը աշխատանքի տոնավաճառն է:

Այն գործատուին եւ աշխատողին առաջարկում է թերեւս ամենաարդյունավետ եւ կարճ ճանապարհը` հնարավորություն տալով գործատուին գտնել արհեստավարժ մասնագետներ, իսկ անձին` ունենալ արժանապատիվ աշխատանք եւ կայուն եկամուտ: Նախարարի հավաստմամբ` առաջին երկու տոնավաճառները` 2007 եւ 2008 թթ-ին անց են կացվել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, եւ դրանց արդյունավետությունից ելնելով` 2009 թ-ին այն դարձել է պետական ծրագիր:

«2009-ից մինչ օրս հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվել են 11 տոնավաճառներ, որոնց շնորհիվ աշխատանքի են տեղավորվել շուրջ 688 քաղաքացիներ»,-ասաց Ա. Գրիգորյանը` հավելելով, որ այսօր տոնավաճառին ներկայացված էին շուրջ 230 առկա եւ 180 սպասվող թափուր աշխատատեղ: Աշխատանքի եւ սոցաիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ ակտիվորեն եւ հաջողությամբ համագործակցելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, «Կոկա-Կոլա» ընկերության կադրերի տնօրեն Ալիսա Վարդանյանը, «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ի տնօրեն Արշալույս Չոբանայնը, «Արմենիա-Մոլիբդեն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը եւ այլք ստացան շնորհակալագրեր: 2009 թ-ին հանրապետության տարբեր վայրերում, այդ թվում` Վանաձորում, Արտաշատում, Գյումրիում, Դիլիջանում, Կապանում, Հրազդանում իրականացվել են աշխատանքի 6 տոնավաճառներ, որոնց մասնակցել են շուրջ 220 գործատուներ, 10 հազար 750 աշխատանք փնտրողներ:

Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 1360, իսկ կանխատեսվողը` 2100: Տոնավաճառների արդյունքում աշխատանքի են տեղավորվել շուրջ 400 աշխատանք փնտրողներ: 2010թ.-ին եւս 5 աշխատանքի տոնավաճառ իրականացվել է 5 քաղաքներում` Գավառում, Վանաձորում, Իջեւանում, Գյումրիում եւ Աբովյանում: Նոյեմբերի մեկի դրությամբ` նշյալ 5 տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 288 անձ: Աշխատանքի տեղավորումների գործընթացը շարունակվում է:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply