«Փթիթ». մանկապատանեկան պարբերաթերթ Լիբանանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 13, 2010 15:06

«Փթիթ». Այսպես է կոչվում Լիբանանում հրատարակվող հայալեզու մանկապատանեկան պարբերաթերթը, որ կոչված է կրթել  հայ մանուկներին, նրանց մոտ զարգացնել  տրամաբանությունը, դաստիարակել առակներով ու հեքիաթներով, ինչպես նաև ապահովել հայերենի իմացությունը:

Պարբերաթերթը ունի հեքիաթների բաժին, որտեղ ներկայացվում են փոքրածավալ, սակայն կրթադաստիարակչական մեծ ուժ ունեցող հեքիաթներ: Վերջում տրված են հարցեր, որոնց պատասխանելով պարզ կդառնա, թե ընթերցող մանուկը որքանով է հասկացել հեքիաթի բարոյախրատական իմաստը:

Պարբերաթերթը իր ընրթերցողների հայերենի իմացությունը կատարելագործելու համար ուղղագրական վարժություններ է ներկայացնում: Այս բաժնում տրված են բառեր, արտահայտություններ, իսկ դիմացը տվյալ բառի հոմանիշը ճիշտ և սխալ գրելաձևերով: Հայերենի իմացությանը նվիրված մեկ այլ բաժնում էլ ընթերցողից պահանջվում է տրված արմատներից կազմել բարդ բառեր, կիրառել վերջադաս և նախադաս ածանցներ ու ստանալ նոր բառեր և այլն:

Տրամաբանության զարգացմանն են միտված հանելուկները, մաթեմատիկական տրամաբանական վարժությունները,  տրված կետերը միմյանց միացնելով պատկեր ստանալու առաջադրանքները:

Պարբերաթերթը հոգում է նաև իր ընթերցողների տրամադրության մասին` ներկայացնելով հումորային իրավիճակներ, թարմ մանկական կատակներ:

«Փթիթ»-ն ունի նաև բաժին ծնողների համար, որտեղ ներկայացնում է, թե Լիբանանում  ու նաև փողջ Սփյուռքում հրատարակվող մանկապատաներակն հրատարակությունները, դրանց կոնտակտային տվյալները:

32 էջանոց պարբերաթերթի վերջում ներկայացված են նաև տվյալ համարի բոլոր առաջադրանքների և խաղերի լուծումները, ինչը հնարավորություն կտա երեխաներին ինքնուրույն ստուգել, թե որքանով են տիրապետում հայերենին կամ  տրամաբանելու իրենց կարողությունները:

Դիտվել է 1690 անգամ:
Print Friendly

Leave a Reply