ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան. «Ադրբեջանը դուրս է գալիս ՄԽ եռանախագահների աջակցությամբ ընթացող բանկացությունների ձեւաչափի դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2010 13:04

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցի, նոյեմբերի 11-ին հանդես է եկել ելույթով:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթում մասնավորապես նշել է. «Ինչպես նշվել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը հաջորդած` նախագահ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հենց այս դահլիճում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարեւորությունը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը (PC.DEL/936/10): Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել»: Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստորեն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցությամբ ընթացող բանկացությունների ձեւաչափի դեմ:

Եզրափակելով ելույթը` Աշոտ Հովակիմյանն ասել է. «Մեկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերվում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ռազմական ոլորտում վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժվել է Ադրբեջանի կողմից:

Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` այդ ուղղությամբ կատարված առաջին քայլին պետք է հաջորդեն վստահության ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահության ամրապնդմանն ուղղված առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները»:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply