Նոյեմբերի 19-ն երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 13, 2010 12:26
Նոյեմբերի 19-ն ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Երեւանի «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ կազմակերպությունները նախաձեռնել են կլոր սեղանների շարք` քննարկելու իրավիճակը Հայաստանում եւ վեր հանելու այն խնդիրները, որոնք ծագում են երեխաներին բռնությունից պաշտպանելու գործընթացում:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է 11 կլոր սեղան (10-ը` մարզերում, 1-ը` Երեւանում)` երեխաների հետ աշխատող մասնագետների եւ լրագրողների մասնակցությամբ: «Ինչպես կանխել», «ինչպես օգնել»` սրանք են կլոր սեղանի հիմնական հարցադրումները: Իջեւանում նույնպես տեղի ունեցավ քննարկում, որին հրավիված էին Տավուշի մարզի պետական կառույցների եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ մանկավարժներ, իրավապահներ: Ելույթներում նշվեց, որ աշխարհում յուրաքանչյուր տարի միլիոնավոր երեխաներ դառնում են ֆիզիկական, սեռական եւ հուզական բռնության զոհեր:
Երեխաների հանդեպ բռնության կիրառումը ամբողջ աշխարհում լուրջ հիմնախնդիր է, քանի որ այն լրջորեն վնասում է զոհերի ֆիզիկական, հոգեկան առողջությանը, բարեկեցությանը, անձի զարգացմանը: Համաձայն ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի վիճակագրության` 2008-2010թթ. կենտրոնում ապաստանած 470 երեխաների գերակշիռ մասը տառապել են տարաբնույթ զրկանքներից, հոգեբանական բռնություններից, մոտ կեսը` ֆիզիկական բռնություններից, իսկ 36 անչափահասներ ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից ներկայացրին մարզում գրանցված այն դեպքերը, որտեղ խախտվել են երեխաների իրավունքները, նրանց նկատմամբ բռնություն է իրականացվել:
Որոշ դեպքերում անչափահասների գծով տեսուչները համապատասխան բացատրական աշխատանք են տարել ծնողների հետ: Մասնագետները նաեւ խոսեցին օրենսդրական այն թերություններից, որոնց արդյունքում հաճախ հնարավոր չէ ազդել ծնողների վարքի վրա, խնդիրն իրավական դաշտում լուծում չի ստանում: Հնչեցին կարծիքներ եւ առաջարկներ` պատկան կառույցներին երեխաներին բռնությունից պաշտպանելու համար ավելի լայն լիազորություններ տալ: Քննարկման կազմակերպիչները նշեցին, որ բոլոր առաջարկները ներկայացվելու են նոյեմբերի 19-ին Երեւանում կայանալիք քննարկման մասնակիցներին, որոնց թվում նաեւ երկրի պաշտոնատար անձինք են լինելու:






Facebook
Tweet This
Email This Post
