«Կոռուպցիան և մարդու իրավունքները. կապի հաստատումը» համաշխարհային զեկույցի թարգմանության առաջին լեզուն հայերենն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 22, 2009 13:25

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել «Կոռուպցիան և մարդու իրավունքները. կապի հաստատումը» զեկույցը:

Մարդու իրավունքների քաղաքականության միջազգային խորհրդի (ՄԻՔՄԽ) հետազոտությունների գծով տնօրեն Մագդալենա Կարմոնայի պատրաստած զեկույցի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009-ի սկզբին: Առաջին` հայերեն թարգմանությունից հետո այժմ ընթացքի մեջ են նաև այլ լեզուներով թարգմանությունները:

Զեկույցը լուսաբանում է կոռուպցիայի ներգործությունը մարդու իրավունքների կիրառման վրա` ներառյալ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները:

«Զեկույցում ներառված են կոռուպցիոն դրսևորումների մի շարք ձևեր, կոռուպցիայի և մարդու իրավունքների միջև կապը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնման կարևորությունը»,-գրում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` զեկույցի հայերեն տարբերակի առաջաբանում:

Հարությունյանն ասում է, որ Հայաստանում կոռուպցիան լուրջ խնդիր է. այն հասարակությունում բավական խորը արմատներ է ձգել, ու դժվար է պայքարել դրա դեմ, քանի որ այն թաքնված երևույթ է:

«Երկրի ապագան կախված է այն բանից, թե որքանով են ներդաշնակ պետական մարմինների և քաղաքացիների միջև հարաբերությունները: Որպեսզի հարաբերությունները լինեն ներդաշնակ, կոռուպցիա պետք է չլինի»,- ասում է Հարությունյանը:

ՄԻՔՄԽ նախագահ Ռոբերտ Արչերն ասում է, որ չնայած Հայաստանում լուրջ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, սակայն «բարեփոխումները շատ դանդաղ են իրականացվում, հարցումները վկայում են, որ կոռուպցիան արմատացած է պաշտոնական օղակներում»:

Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի՝ տարածաշրջանում Հայաստանի վիճակը բարվոք է կոռուպցիայի առումով. միայն Վրաստանում է այն ավելի քիչ, «սակայն համաշխարհային մակարդակով Հայաստանն ունի լուրջ խնդիրներ»:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է արդյունավետ կերպով նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին. որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը»,- ասում է Ռոբերտ Արչերը:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply