ՀՀ արդարադատության նախարարի նամակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 12, 2010 21:20

Մարդու իրավունքների պաշտպան
Պարոն Ա.Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում քննարկվել է Ս.թ. նոյեմբերի 11-ին «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի` իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ Ձեր կողմից մամուլին ներկայացված հաղորդագրությունը, որում անընդունելի եք համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանի և ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա.Բաբայանի կողմից, մինչև հայտարարության հիմքով քննության, մասնավորապես` դատաբժշկական փորձաքննության ավարտը, պաշտոնական հայտարարություններ անելը:
Այդ առթիվ անհրաժեշտ եմ համարում իրազեկել, որ կոնկրետ ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պաշտոնական հայտարարությունը ոչ թե նախորդել, այլ` հաջորդել է նյութերի նախապատրաստմանը: Մասնավորապես, մինչև պաշտոնական հայտարարությունը, այսինքն` մինչև նոյեմբերի 11-ի ժամը 11.00-ը, նյութերը նախապատրաստող պաշտոնատար անձը բացատրություն է վերցրել Ն.Փաշինյանի հետ նույն կացարանում գտնվող բոլոր դատապարտյալներից, ՔԿՀ-ի հերթապահություն իրականացնող բոլոր աշխատակիցներից (դատապարտյալ Ն.Փաշինյանը հրաժարվել է բացատրություն տալուց), կազմակերպել է Ն.Փաշինյանին մարմնական զննության ենթարկելը և սահմանված կարգով կազմել արձանագրություն, կազմակերպել է նաև անկողնային պարագաների և հագուստի զննություն և դարձյալ սահմանված կարգով կազմել արձանագրություն, նյութերին կցել է դատապարտյալի անձանական գործի հիման վրա սահմանված կարգով կազմված տեղեկանքը և այլն: Հավելեմ, որ հիշյալ գործողությունների կատարման հիմնական մասին ներկա են գտնվել նաև հասարակական դիտորդները, որոնք ևս առանձնազրույց են ունեցել դատապարտյալների հետ:
Տվյալ դեպքում, մասնավորապես բավարար հիմքերի առկայության տեսանկյունից, պաշտոնական հաղորդագրություն անելը համարվել է նպատակահարմար` նկատի ունենալով հարցի նկատմամբ հանրության իրավաչափ հետաքրքրությունը:
Այսպիսով, ձեռք բերված նյութերը բավարար են եղել դատավարական որոշում կայացնելու համար: Ինչ վերաբերում է նաև դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն, ապա դա արվել է համապատասխան միջնորդության հիմքով և հիշյալ նյութերի պարագայում դիտվել է սոսկ լրացուցիչ դատավարական գործողություն:

Հարգանքով`

Գևորգ Դանիելյան

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply