ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ-ի փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2010 21:10

Նոյեմբերի 1-ից 4-ը Տրապիզոնում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 36-րդ լիագումար նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Արեգ Ղուկասյանը միաձայն ընտրվել է Վեհաժողովի փոխնախագահ: ԽՎ-ի հինգ փոխնախագահներից միակ թափուր պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է հայաստանյան պատվիրակությունը: Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտնեց պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ Ա.Ղուկասյանի թեկնածության միաձայն ընդունումը ՙչափազանց մեծ ձեռքբերում է մեր պատվիրակության համար, որովհետև բարձրագույն մարմնում` Բյուրոյում, մենք արդեն ունենք մեր ներկայացուցիչը՚: Սա կարևոր է այն առումով, որ
Ա.Ղուկասյանն ունի Վեհաժողովի աշխատանքներում նախագահելու հնարավորություն, և ՙբազմաթիվ հարցեր են լինում, մասնավորապես, ՀՀ-ի շահերին ուղղակի վերաբերող, որտեղ նախագահողի դերն իսկապես էական է՚: Հայաստանը նաև առաջիկա երկու տարիներին Վեհաժողովի մշտական հանձնաժողովում կունենա երկու ներկայացուցիչ` Գ.Մինասյան և Ա.Ղուկասյան: Ըստ Գ.Մինասյանի, կազմակերպության 12 անդամ երկրներից միայն 4-ն ունեն երկուական ներկայացուցիչ:

Նշվեց նաև, որ նստաշրջանի քննարկման հիմնական թեման միջմշակութային և միջքաղաքակրթական շփումներն էին եւ խորհրդարանների դերն այդ հարցերում: Այս կապակցությամբ Գ. Մինասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը և անդրադարձել խնդրի կարևորությանը միջազգային հարաբերություններում` խաղաղ և կայուն զարգացման տեսանկյունից: Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանում և Թուրքիայում առկա դրսևորումներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՙԱդրբեջանում չեն դադարում հայկական ժառանգությունից խուսափելու ծայրահեղ և անընդունելի մեթոդները՚` հիշատակելով Ջուղայում հազարից ավելի խաչքարերի ՙվայրագ ոչնչացումը՚: Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության մասով էլ նշվել է Հայաստանի շրջափակումը: Գ.Մինասյանը հայտնեց նաև, որ նույն խնդիրների մասին խոսել է Թուրքիայի TRT 3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որն ամբողջությամբ հեռարձակվել է:

Գ.Մինասյանը նշեց, որ պատվիրակությունը Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է ամբողջ կազմով, և հայ պատգամավորները ԽՎ-ի երեք հանձնաժողովներում քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել են Հայաստանի դիրքորոշումը:

Նստաշրջանի օրերին պատվիրակության անդամները թուրք պատգամավորների հետ շփվելու հնարավորություն են ունեցել, և, ինչպես նշեց պատվիրակության անդամ Ա.Ղուկասյանը, ակնհայտ է, որ խոսակցություններն ընթացել են հիմնականում հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կարգավորմանն ուղղված արձանագությունների մասին: Հայ պատվիրակները վերահաստատել են արձանագրությունների վավերացման վերաբերյալ պաշտոնական տեսակետը, եւ ընդգծել, որ թուրքական կողմը կամ պետք է դրանք վավերացնի, կամ պաշտոնապես հրաժարվի:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply