Մամուլի ասուլիս Ազգային ժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2010 21:05

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, անդամներ Արեգ Ղուկասյանը, Վարդան Բոստանջյանը հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեցին նոյեմբերի 1-ից 4-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ 36-րդ լիագումար նիստի աշխատանքներից։

Պատվիրակության ղեկավարի հավաստմամբ, քննարկման հիմնական թեման եղել է «Միջմշակութային եւ միջքաղաքակրթական շփումներն ու խորհրդարանների դերն այդ հարցերում»։

Գագիկ Մինասյանը ելույթ ունենալով հիմնական թեմայի վերաբերյալ, ներկայացրել է մեր երկրի եւ արտաքին, եւ ներքին քաղաքականությունը միջմշակութային եւ միջքաղաքակարթական խնդիրների շուրջ, որոնք առնչվում են ազգային փոքրամասնություններին։

Պարոն Մինասյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման, ինչպես նաեւ Թուրքիայի՝ Հայաստանի Հանրապետության շրջափակման խնդիրներին։ Նշվել է, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ իր հատուկ որոշումով դատապարտել է 2005 թվականին հազարից ավելի հայկական խաչքարերի ոչնչացումը։

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ պարոն Մինասյանը նշել է, որ բացարձակապես անընդունելի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, որի շուտափույթ վերացումը թույլ կտա ասելու, թե Թուրքիան դավանում է 21-րդ դարին հարիր քաղաքական գործընթացներին։

Նշվեց, որ հայկական պատվիրակաության անդամները մասնակցել եւ ելույթ են ունեցել ՍԾՏՀ ԽՎ երեք հանձնաժողովների նիստերին՝ ներկայացնելով իրենց տեսակետները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ հարյուր տոկոսանոց արդյունքով, դեմ եւ ձեռնպահ չեն եղել, ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալ է ընտրվել հայաստանյան պատվիրակության անդամ Արեգ Ղուկասյանը։ Այս հանգամանքը գնահատվեց, որպես աննախադեպ երեւույթ եւ մեծ ձեռք բերում մեր պատվիրակության համար։

Պատվիրակության ղեկավարը նաեւ նշեց, որ իր տված հարցազրույցը թուրքական TRT-3 հեռուստալիքին, որի ընթացքում խոսել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին, ամբողջությամբ հեռարձակվել է ուղիղ եթերում։

Պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարեւորելով Արեգ Ղուկասյանի ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու հանգամանքը, ընդգծեց թուրքական պատվիրակության դրական առումով առանձնահատուկ մոտեցումը հայկական պատվիրակությանը։

Արեգ Ղուկասյանը նշեց, որ վեհաժողովի աշխատանքների ընթացքում իրենց հնարավորություն է ստեղծվել շփվելու թուրք պատգամավորների հետ եւ ներկայացնել հայկական կողմի տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, ընդգծել, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների։

Հայկական պատվիրակության անդամներն ասուլիսի ընթացքում պատասխանեցին նաեւ լրագրողների բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցերի։

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply