Գեղարքունիքում հավաքվել է 109 հազ. 800 տ հացահատիկ, 268 հազ. տ կարտոֆիլ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 16:34
Գեղարքունիքի մարզում այսօրվա դրությամբ բերքահավաքի եւ աշնանացանի հետ կապված աշխատանքները ավարտված են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, երկրագործների համար գյուղատնտեսական տարին նպաստավոր էր, ինչի մասին են վկայում բերքահավաքի արդյունքները: Մարզում հավաքվել է 109 հազար 800 տոննա հացահատիկ, 268 հազար տոննա կարտոֆիլ, 51 հազար 700 տոննա կաղամբ, 2105 տոննա պտուղ եւ հատապտուղ: Հացահատիկի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20-25ցենտներ, կարտոֆիլինը` 190-195, կաղամբինը` 310:
Առանձին ֆերմերային տնտեսություններում հեկտարից ապահովվել է 600-700 ցենտներ կարտոֆիլ: Նրա գնահատմամբ` այս տարի բարձր է եղել կարտոֆիլի որակական ցուցանիշը. եթե 2009թ-ին հավաքած բերքի 50 տոկոսը պարենային կարտոֆիլ էր, ապա այս տարի` 60-70 տոկոսը: Տարին, ըստ Վ. Մելքոնյանի, անչափ նպաստավոր է եղել անասնապահական տնտեսությունների համար: Անասունների ձմեռացման նպատակով կուտակվել է ավելի քան 400 հազար տոննա անասնակեր, ինչն աննախադեպ է մարզի վերջին 10 տարիների համար: Կուտակվել է 25 հազար տոննա ծղոտ, որոշակի քանակության սիլոս, սենաժ, այլ բարձրորակ անասնակեր:
Այսօրվա դրությամբ, ցանվել է 11 հազար հեկտար աշնանացան ցորեն, որից 1100 հեկտարը Ռուսաստանի Դաշնությունից ներկրված բարձրորակ սերմացու ցորենի ցանքերն են: Ներկայումս ամբողջ թափով ընթանում են ցրտացելի աշխատանքները` գարնանը արդյունավետ եւ ժամանակին ցանք կատարելու համար: Ցրտացել արդեն կատարված է մոտ 6000 հեկտարի վրա: Կանխատեսվում է, որ եկող գարնանը մարզում մեծ կլինի գարնանացան հացաբույսերի տեսակարար կշիռը, սակայն միայն այն դեպքում, երբ արդեն մարզ ներկրվի ցորենի ու գարու բարձրորակ սերմացու, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում Գեղարքունիքում սորտաթարմացում չի կատարվել: Մարզում արդեն նկատվել է հողի մշակության կառուցվածքային փոփոխություն. եթե նախկինում այստեղ հիմնական մշակաբույսերը կաղամբն ու կարտոֆիլն էր, ապա վերջին տարիներին, մանավանդ այս տարի, արմատավորվում են նոր մշակաբույսեր` ոլոռ, սիսեռ, սխտոր, լոլիկ, լոբի, ոսպ, որոնց ցանքերը գնալով ընդարձակվում են:
Գյուղատնտեսության աջակցության կենտրոնի աշխատակիցները խորհրդատվություն են անցկացրել համայնքներում, բաժանել խորհրդատվական թերթիկներ, աջակցել նոր մշակաբույսերի արմատավորմանը եւ տարածմանը: Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի կարտոֆիլի եւ կաղամբի իրացումը խնդիրներ չի հարուցում: Պարենային կարտոֆիլը տեղում վաճառվում է 180, ցրտադիմացկուն կամ ուշահաս կաղամբը` 80-120 դրամով: Կաղամբի մեծ խմբաքանակ ներկայումս արդեն արտահանվում է:






Facebook
Tweet This
Email This Post
