ՀՀ-ում խաղողի մթերման ծավալը այս տարի ավելացել է 7200 տոննայով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 16:11
Հանրապետությունում 2010 թ. նախորդ տարվա համեմատ բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից գնման ծավալները նվազել են 2627 տոննայով: Մասնավորապես` լոլիկի գնումների ծավալները նվազել են 5400 տոննայով, իսկ ծիրանինը` ավելի քան ութ անգամ: Ինչպես Հանրային խորհրդի նիստին ներկայացված հաշվետվության ժամանակ հայտնեց խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը, զգալի չափով նվազել են նաեւ պտուղ-բանջարեղենի արտահանումները հանրապետությունից: 2010 թ-ին արտահանվել է 1970 տ ծիրան, անցյալ տարվա 13 հազ. 418-ի փոխարեն: Այս տարի 717 տոննայով ավելացել են միայն խաղողի արտահանման ծավալները` կազմելով 4371 տոննա:
«Գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված կանխատեսումների արդյունքում այս տարի նախորդ տարվա համեմատությամբ բանջարեղենի արտադրությունը կնվազի 22 տոկոսով, պտուղներինը` 64, կարտոֆիլինը` 18, իսկ հացահատիկինը` 14»,-նշեց Վ. Մովսիսյանը: Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով` 2010 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից գնվել է 29 հազ. 681 տ բանջարեղեն, այդ թվում` 24 հազ. 313 տոննա լոլիկ, 1137 տ վարունգ, 1865 տ սմբուկ, 784 տ պղպեղ, 209 տ ոլոռ եւ լոբի, 1374,6 տ այլ բանջարեղեն:
Այդ նույն ժամանակահատվածում գնվել է 3626 տ պտուղ, որից միայն 614 տ խնձոր, 881,3 տ բալ: Խաղողի գնումների ծավալը կազմել է 134,9 հազ. տոննա` 2009 թ. 127,7 հազար տոննայի դիմաց: Հանրապետությունում իրացվել է 16789, 0 մլն դրամ արժողությամբ խաղող, 1 կգ խաղողի արժեքը կազմել է 124 դրամ: Խաղողի մթերումների ընդհանուր ծավալը 2010 թ-ին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 7200 տոննայով, որի շնորհիվ խաղող արտադրող տնտեսությունները իրացումից ավելի քան 2 մլրդ դրամ ավելի գումար են ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
