«Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդես` Երեւանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 15:14
Հայաստանի Հանրապետության մշակույթին նախարարության հովանավորությամբ նոյեմբերի 15-25-ը «Ակադեմիա պատկերասրահը» Հայաստանի նկարիչների միությունում կանցկացնի «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, նախարարության կողմից իրականացվող աշնանային միջոցառումների շարքում այս ցուցահանդեսն իր ուրույն նշանակությունն է ունենալու:
«Այն ունի թեմատիկա, կազմվել է կատալոգ, որտեղ առկա շատ աշխատանքներ առաջին անգամ են ցուցադրվում, եւ շատ բարձր մակարդակի գործեր են»,-հայտնեց Սոնա Հարությունյանը: Ցուցահանդեսում կներակայցվեն 39 ժամանակակից արվեստագետների ավելի քան 50 աշխատանքներ: Կատալոգի առաջաբանը գրել է մշակութաբան Հրաչ Բայադյանը: Հետազոտելով Մարտիրոս Սարյանի աշխատանքները` նա անդրադարձել է հայ արվեստի մեջ մարդկային մարմնի եւ բնանկարի փոխհարաբերություններին:
«Ակադեմիա պատկերասրահի» տնօրեն Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ ոչ բոլոր հայ նկարիչների գործերն էր հնարավոր ընդգրկել ցուցահանդեսում, որի թեմատիկային շատերն են անդրադարձել: Նրա խոսքով` կերպարվեստի ոլորտում պրոֆեսիոնալ կրթությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիմնվում է մերկ մարմնի ուսումնասիրության վրա, որն էլ հնարավորություն է ընձեռում նկարիչներին նորովի դիտարկել մերկությունը:






Facebook
Tweet This
Email This Post
