Ապօրինի անտառահտումների դեմ ծրագիրը ըստ ժամանակցույցի չի իրականանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 15:13

Տեխնիկական և մարդկային ռեսուրսների սակավության պատճառով Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անտառահատումների դեմ ուղղված ծրագիրը երկու տարվա ընթացքում նախատեսված 60-70 տոկոսի փոխարեն միայն 34 տոկոսով է իրականացվել:

2008 թ.-ից Համաշխարհային բանկը տրամադրել է 395 հազար դոլար դրամաշնորհ, որով երեք տարի գործելու համար ստեղծվել է Հայաստանում բնույթով եզակի մոնիթորինգի խումբ` ՀՀ անտառածածկ տարածքներն ուսումնասիրելու, ապօրինի ծառահատումներն արձանագրելու, փայտանյութի օգտագործման վերահսկողության նպատակներով:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն անհանգստանում է, որ ծրագրի իրավասությունը ստանձնած ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի կարողանա մեկ տարվա ընթացքում իրականացնել այն:

Գյուղնախարարության աշխատակիցները նշում են, որ չունեն անգլերեն իմացող համապատասխան մասնագետներ, չկա տեխնիկական զինվածություն, որին Համաշխարհային բանկի աշխատակիցները լուրջ չեն վերաբերվում:

«Իմաստը հենց այն էր, որ նախարարությունն իրականացներ ծրագիրը, բայց մենք չենք տեսնում մեծ կամք նրանց կողմից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սարգսյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը «ԱրմենիաՆաուին» հասվաստիացրեց, որ իրենք ծրագիրն անպայման ավարտին կհասցնեն:

Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության կայքի տվյալների` Հայաստանի անտառածածկ տարածքը պաշտոնական տվյալներով 11,2 տոկոս է, իսկ տիեզերքից կատարված հետազոտություններով` 2006 թ. Հայաստանի անտառածածակ տարածքը` 7-8 տոկոս է:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply