Ռ. Զոհրաբյան. «Աշունը քաղաքական առումով թեժ չէր»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 14:19
Հակառակ կանխատեսումերին` աշունը քաղաքական առումով ոչ միայն թեժ չէր, այլեւ սառն էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք արտահայտեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` նշելով, որ ընդդիմության վերջին շրջանի ակտիվությունը եւս ինքն ընկալում է որպես սովորական ընթացակարգով նախատեսված գործողություն:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը ոչ թե ազգային է, այլ ռասիստական` ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ինչո՞ւ հենց հիմա Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը հիշեց այդ գաղափարախոսության մասին: Մոտ 10-15 օր առաջ նրա արտահայտած այդ միտքը շրջանառվում էր ադրբեջանական մամուլում, եւ Լեւոն Տեր- Պետրոսյանը դարձավ այն մարդը, ով հայ հասարակությանը եւս ներքաշեց այդ խոսակցությունների մեջ` փաստորեն, դառնալով ադրբեջանական խոսնակ»: Նա նաեւ ավելացրեց, որ «ՀՀԿ գաղափարախոսությունը առողջ ազգայնական է, եւ նժդեհյան այդ գաղափարախոսության շնորհիվ էր, որ ժամանակին Զանգեզուրը փրկվեց թուրքական օկուպացիայից»: Ինչ վերաբերում է վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ նկատվող նախընտրական լարվածությանը, Ռ. Զոհրաբյանը նշեց, որ դա քաղաքական բանավեճ է եւ դրական է` որպես Հայաստանում բաց հասարակության ձեւավորման գործընթացի վկայություն:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայում Աստանայում կայանալիք հանդիպմանը` Ռ. Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Աստանայում բանակցությունները զրոյից են սկսվելու, քանի որ դրանց առարկան այս անգամ էլ առաջին հերթին լինելու է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը, ինչն Ադրբեջանի կողմից ընդունվելու դեպքում միայն կքննարկվեն միջազգային իրավունքի մյուս` ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:






Facebook
Tweet This
Email This Post
