Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 13:48

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, ովքեր ներկայացրել են իրենց բողոքը չորս ամիս չստացած աշխատավարձի կապակցությամբ: “Նաիրիտ”-ի աշխատակիցները նաև փոխանցել են աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց և գործընկերների մտահոգությունը` պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ: “Նաիրիտ գործարան”-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը ևս ներկա է եղել հանդիպմանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար:
“Նաիրիտ”-ի աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո, Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին Հանրապետության ղեկավարի տված հանձնարարականներն ու “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը:
Ընդգծելով, որ “Նաիրիտ”-ը պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ:
“Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, Երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է` պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար:

Դիտվել է 2370 անգամ:
Print Friendly

Leave a Reply