Կոռուպցիան հայ հասարակությանը հուզող հիմնախնդիրներում զբաղեցնում է 5-րդ տեղը
Օրվա լուր | Աննա Մուրադյան | July 21, 2009 18:15
Այսօր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ(ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնը ներկայացրեց 2008թ. Հայաստանի բոլոր մարզերից 1.549 չափահասների շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հետազոտության հիմնական արդյունքները, ըստ որոնց` հայ հասարակությանը հուզող հիմնախնդիրներում կոռուպցիան զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 16 տոկոս:
Առաջին տեղում է գործազրկությունը՝ 65 տոկոս, աղքատությունը՝ 37 տոկոս, գնաճը՝ 32 տոկոս և տնտեսական խնդիրները՝ 21 տոկոս:
«Հայաստանաբնակ յուրաքանչյուր 10 հարցվածից 6-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից»,- ասում է ՀՌԿԿ հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը:
Հասարակությունում կոռուպցիայի ընկալումը տարբեր կերպ է. hարցվածների 95 տոկոսը կոռուպցիայի ձև է համարում դատավորին կաշառելը:
Հարցվածների 42 տոկոսի համաձայն` ամենակոռումպացվածն ընտրական համակարգերն են, այնուհետև ոստիկանությունը՝ 40 տոկոս:
«Սակայն հայ հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ բավական հանդուրժողական է,- ասում է Մանասյանը,- և կոռուպցիայի փաստ հայտնաբերելիս շատ քչերն են դիմում պատկան մարմինների: Շատերը նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում կան հակակառուպցիոն կառույցներ»:
Մանասյանն ասում է, որ Հարավկովկասյան երեք պետություններից կոռուպցիայի ամենացածր մակարդակը Վրաստանում է. «Համենայն դեպս, այնտեղ այդպիսին է հանրության ընկալումը` կոռուպցիայի նկատմամբ»:
Իսկ Հայաստանի պետական հաստատություններում, ըստ հարցման, ամենակառումպացվածն իրավական համակարգն է ՝ 39 տոկոս:
ՀՌԿԿ–Հայաստանը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներում 2003թ. հիմնված և տարածաշրջանում հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը խթանելու նպատակ հետապնդող հետազոտական ռեսուրսների և ուսումնական կենտրոնների ցանցի մաս է:






Facebook
Tweet This
Email This Post
