Արտաշատի տարածաշրջանում գրանցվել է 1248 ծնունդ, 742 մահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 12:52

Արտաշատի տարածաշրջանում այս տարվա տասը ամիսներին գրանցվել է 1248 ծնունդ, 742 մահ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդներն ավելացել են 102-ով, իսկ մահվան դեպքերը նվազել 12-ով: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Արտաշատի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Լիանուշ Նազարյանը, 2009թ. 10 ամիսների համեմատ մեկով ավելացել է ամուսնալուծությունների թիվը, 30-ով` ամուսնություններինը. 2010թ. հունվար-հոկտեմբերին գրանցվել է 52 ամուսնալուծություն, 466 ամուսնություն: «Մեր կենցաղում արդեն մտել է քաղաքացիական ամուսնության փաստը: Շատ ամուսիններ այսօր արդեն ունեն 2-3 երեխա, ապրում են մի հարկի տակ, բայց նրանց ամուսնության փաստը ՔԿԱԳ բաժնում գրանցված չէ»,- նշեց Լ. Նազարյանը:

Բաժնի պետի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրերը միտումնավոր ձեռք են բերում «միայնակ մոր» կարգավիճակ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Լ. Նազարյանի տեղեկացմամբ` ծննդյան վկայականներ չունեցող երեխաների հայտնաբերման ու գրանցման գործընթացը սկսված է: Կան երեխաներ, ովքեր ծնողների անուշադրության պատճառով 9-10 տարի չեն ունեցել ծննդյան վկայականներ, կամ, նրա խոսքով, արտերկրում ծնված լինելու ու գրանցում չունենալու պատճառով ծնունդը չի փաստագրվել: Բնակչության մոտ կա նաեւ անունների եվրոպականացման միտում. բաժնի աշխատակիցներն աշխատում են ուղղորդել ծնողներին` նորածիններին հայկական անուններով կոչելու:

2010թ հուլիս-օգոստոսին քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել եւ եվրոպական չափանիշներին է համապատասխանեցվել ՔԿԱԳ Արտաշատի բաժինը: Իսկ հունվարի 14-ից այն` մարզի մյուս երեք տարածաշրջանների ՔԿԱԳ բաժինների հետ հագեցվել է համակարգչային տեխնիկայով, ինչը, ըստ բաժնի պետի, մեծապես դյուրացնում է կատարվող գրանցումների եւ թղթաբանությունների հետ տարվող աշխատանքը:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply