ՀՀ-ում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է պարենային ապրանքների 1.6 տոկոս գնաճ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 12:42
Պարենային մթերքների ոլորտում հանրապետությունում բանջարեղենի ապրանքախմբում 2010 թ-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 11.0 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է կաղամբի` 33.5 տոկոս, ծաղկակաղամբի` 28.4 տոկոս, գազարի` 24.7 տոկոս, կարտոֆիլի` 19.6 տոկոս, ճակնդեղի` 17.8 տոկոս, բողկի` 14.9 տոկոս գնանկումներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010 թ-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի գները նվազել են 2.1-15.5 տոկոս, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում նշված ապրանքախմբի գները նվազել են 12.4 տոկոսով: 2010 թ-ի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ մրգի ապրանքախմբում հանրապետությունում արձանագրվել է արքայանարնջի` 38.6 տոկոս, նարնջի` 6.2, նռան` 4.6, տանձի` 4.4, ադամաթզի` 2.2 տոկոս գնանկում: Նույն ապրանքախմբում 2010 թ-ի հոկտեմբերին 2009 թ-ի նույն ամսվա համեմատ գրանցվել է 36.2 տոկոս, իսկ 2010 թ-ի սեպտեմբերի համեմատ` 10.9 տոկոս գնաճ:
Վերջինս հիմնականում պայմանավորված է ձմերուկի` 57.3 տոկոս, դեղձի` 45.8, սեխի` 36.6, սալորի` 28.8, ելակի` 16.2, խաղողի` 12.2 տոկոս գնաճով: Այս ապրանքաշուկայում Էջմիածնում արձանագրվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը: Հանրապետության դիտարկված յոթ քաղաքներում 2010 թ-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2.8 տոկոսով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թալին քաղաքում: Սուրճի, թեյի կակաոյի, ոգելից խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի եւ շաքարավազի ապրանքախմբերում 2010 թ-ի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0.1-2.0 տոկոս գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբի գների մակարդակը սեպտեմբերի նկատմամբ մնացել է անփոփոխ: Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.6 տոկոս գնաճ:






Facebook
Tweet This
Email This Post
