Հայաստանն ու հայկական տարազի պատմությունը եվրոպացի նկարիչ-մոդելավորողների ուշադրության կենտրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 12, 2010 10:51
Հայ նկարիչ-մոդելավորողները եւ նրանց գործընկերները Եվրամիության երկրներից կստեղծագործեն միասին եւ փոխադարձ այցելությունների ընթացքում կծանոթանան միմյանց մշակույթներին` իրենց տպավորություններն ու խոհերն արտացոլելով սեփական աշխատանքներում:
Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է “Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագիրը: Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին կստեղծեն 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որը կցուցադրվի Հայաստանում եւ ծրագրին մասնակից եվրոպական 5 երկրում: Հայաստանում եւ Եվրոպայում ցուցադրվելուց հետո Բրիտանական խորհուրդը հավաքածուն կնվիրի հայաստանյան թանգարաններից մեկին:
Ծրագրի նպատակն է հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջեւ մասնագիտական կապերի հաստատումը, գիտելիքների եւ փորձի փոխանակումն ու համատեղ արտադրանքի ստեղծման խրախուսումը:
Մինչ հավաքածուի ստեղծումը հայ եւ արտերկրի 10 նկարիչ-մոդելավորող փոխայցելության միջոցով կծանոթանան միմյանց մշակույթներին, կբացահայտեն ազգային տարազների ստեղծման պատմությունն ու ավանդույթները: Այցերից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքածուի ստեղծման աշխատանքներին:
Բրիտանական խորհուրդը ծրագիրն իրականացնում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնի հետ համատեղ: Միջազգային այս կազմակերպությունները հանդիսանում են Ազգային մշակույթների եվրամիության ինստիտուտների (European Union National Institutes for Culture -EUNIC) անդամ: “Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” ծրագիրը մեր երկրում միջազգային այդ կազմակերպությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրամիությունը: Հայաստանյան գործընկերն է Հայկական նորաձեւության խորհուրդը:
Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 11-12-ը: Հայաստան կժամանեն Եվրամիության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները` մասնակցելու աշխատաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ծրագրի իրականացման ընթացքն ու կսահմանվեն նկարիչ-մոդելավորողների ընտրության կարգը:
Դիտվել է 2182 անգամ:
Print Friendly

Leave a Reply