Պայմանավորվել են, որ 2011-ին ՀՀ նախագահը կայցելի Հնդկաստան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | November 12, 2010 10:34

Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Դելի` Հնդկաստանի  ԱԳ նախարարն ասաց. «հայ-հնդկական բարեկամության պատմական հարուստ ավանդույթներ գոյություն ունեն եւ Հնդկաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները առավել խորացնելու համար:»

Շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի իր գործընկերոջը Դելի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս  Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը` մի երկրի, որի հետ Հայաստանին միավորում է երկու ժողովուրդների միջեւ հարուստ պատմությունը եւ քաղաքակրթական առնչությունները: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ» – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

Հայ-հնդկական բարեկամական գործընկերությանը նոր լիցք հաղորդելոււ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց 2011 թ. Հնդկաստան ՀՀ նախագահի այց կազմակերպելու մասին:

Նախարարներ Նալբանդյանն ու Կրիշնան նշեցին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ առկա է երկու երկրների քաղաքական կամքը եւ պատրաստակամությունը  ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ, ընդգրկելով փոխգործակցության նոր բնագավառներ:

Էդվարդ  Նալբանդյանն ու Սոմանահալլի Կրիշնան հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հնդկաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի հաջորդ նիստի գումարմանը, ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների աշխուժացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Նախարարները կարեւորեցին միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում  կուտակած փորձառության ընդլայնումը, զբոսաշրջությունը խթանող քայլերի ձեռնարկումը:

Նախարարները բարձր գնահատեց հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման եւ հարստացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Իր հերթին նախարար Կրիշնան ասաց, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարեւոր հարցերում, մասնավորապես Կաշմիրի խնդրի առնչությամբ:

Նախարարներն ընդգծեցին, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են եւ կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, եւ հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով` խաղաղ ճանապարհով:

Էդվարդ Նալբանդյանն Հնդկաստանի իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրների մասնավորապես` ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կրիշնան շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամության հարցում Հայաստանի աջակցության համար:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման եւ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները :

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրեցին Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թթ. մշակութային համագործակցության մասին հուշագիր:

Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդարձակ հարցազրույց տվեց Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը այցելեց Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհուրդ, ուր հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով, որին ներկա էին Նյու-Դելիում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրին կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Որպես առաջին քայլ ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին եւ վերադարձնելու զոհվածների դիակները:

Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով:

Նոյեմբերի 7-ին, այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ… որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում»:

Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ  Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան:

Սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է:

2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-ից 2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը:

Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն:»

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք, եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի «Մտքերը» վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել:

Միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների:»

Ելույթից հետո, Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդի տնօրեն Սուդհիր Դեվաերի հետի հետ կայացած հանդիպման ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները:

Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կալկաթա, ուր հանդիպում կունենա Արեւմտյան Բենգալի նահանգապետի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply