Մեծ հանրահավաք Կապանում ընդդեմ ուրանի հանքի հնարավոր շահագործման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 12, 2010 15:15

«Առաջ ՈՒրանաստան», «Չեք մարսելու», «Ուրանի շահագործումով 1915թվականին երանի կտանք», «Ուրանի հանքերի շահագործումը Հայաստանում  ցեղասպանություն է խաղաղ պայմաններում»,  «Թույլ չենք տա թալանել ընդերքը, հերիք եղավ» , «Չենք թողնի Նժդեհի փրկած հայրենիքը «նժդեհականները» վերածեն ռադիոակտիվ աղբանոցի», «Ուրանը գիտակցված Չեռնոբիլ է» և նման այլ պաստառներով էին Կապանի և  հարակից  գյուղերի բնակիչները,  հանրապետության այլ մարզերից ու մայրաքաղաքից ժամանած համակիրները եկել երեկ` նոյեմբերի 11-ին Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում կազմակերպված  հանրահավաքին` իրենց բողոքը  արտահայտելու Լեռնաձոր գյուղի մոտ ուրանի հանքաքարի երկրկաբանահետախուզական աշխատանքների  և հանքի հնարավոր շահագործման դեմ: Մեկ ժամից ավելի տևած հանրահավաքին մասնակցեց ավելի քան հազար մարդ:

Հանրահավաքը կազմակերպել էին տեղական 6 կազմակերպություններ` «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն, «Ազատամարտ»  կոմիտեն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը, «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպությունը, «Հայատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղը: Նրանք նախապես հայտարարել էին, որ հանրահավաքը էկոլոգիական բնույթ  ունի, ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, և  իրենք չեն թողնի քաղաքականացնել այն:

Ելույթներով հանդես եկան «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, Կապանի զարգացման բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմեն Փարսադանյանը, «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսանը, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, ԱԺ «Ժառանգություն»  խնբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը,  հասարակության այլ ներկայացուցիչներ:

«Հարգելի Սյունեցիներ, սա պայքար է հանուն մեզ, հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության: Սա պայքար է հանուն մեր ազատագրության: Եթե մենք այսօր թույլ տանք, որ շահագործվի ուրանի հանքավայրը, դա նշանակում է, որ մենք մեր հայ մարդուն հասցնում ենք արտագաղթի` մեր բնօրրանից»,- իր ելույթում մասնավորապես ասաց Զարուհի Փոստանջյանը:

Տիգրան Խզմալյանն էլ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ՀՀ ընդերքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, հռետորական հարց տվեց. «Արդյոք զարմանալի չէ, որ հենց Սյունիքում, որ ժամանակին ազատագրել է Գարեգին Նժդեհը, կատարվում է մի բան, որի իրականացնողները  երդվում են Նժդեհի անունով, բայց միաժամանակ դատարկում այս հողը»:

Ելույթ ունեցավ նաև Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը և հայտարարեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցել ժողովրդին և նրա ձայնը հասցնել ամենաբարձր ատյաններին:  «Բարի երթ ձեր պայքարին: Մենք միշտ լինելու ենք ձեր կողքին»,- այսպես ավարտեց նա իր ելույթը:

Հանրահավաքի վերջում կազմակերպիչները հայտարարեցին, որ հանրահավաքները  և պայքարի մյուս միջոցները կշարունակվեն այնքան ժամանակ,  քանի դեռ չեն դադարեցվի ուրանի պաշարների  որոնողական աշխատանքներն ու չեղյալ չեն հայտարարվի կառավորության կողմից ընդունված որոշումները:

Դիտվել է 2290 անգամ:
Print Friendly

Leave a Reply