Երեւանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 12, 2010 7:38

Նոյեմբերի 11-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը` հայկական կողմից Արամ Սաֆարյանի եւ ռուսական կողմից` Նիկոլայ Ռիժկովի համանախագահությամբ:

Հանձնաժողովի համանախագահ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը հյուրերին խորհրդարանում ողջունելուց հետո ներկայացրեց նիստի օրակարգը:

Նիստի բացմանը ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը ողջունեց մասնակիցներին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից` մաղթելով արդյունավետ աշխատանք: Խոսելով միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության մասին` Սամվել Բալասանյանն ընդգծեց դրա կարեւոր դերակատարությունը ոչ միայն երկու երկրների միջխորդարանական, այլ նաեւ միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու հարցում: Հանձնաժողովի երկարամյա աշխատանքի արդյունքում, նշեց խորհրդարանի փոխնախագահը, երկու խորհրդարանների միջեւ կապերը կայուն եւ դինամիկ ընթացք են ստացել` հնարավորություն ստեղծելով բացահայտել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության ամբողջական ներուժը: Բանախոսի խոսքերով` այս նիստի օրակարգը վկայում է, որ խորհրդարանականները ժամանակի հետ համընթաց են քայլում. իննովացիոն տեխնոլոգիաները տնտեսական դաշտում արագ եւ արմատական որոշումների են բերում, եւ այդ որոշումների օրենսդրական ապահովումը չպետք է հետ մնա: Իննովացիոն քաղաքականության իարականացումը կնպաստի ինչպես ազգային տնտեսության, այնպես էլ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ասաց ԱԺ փոխնախագահը եւ որպես հաջողված փորձ ներկայացրեց ԱՊՀ տարածքում առաջինը բացված` Ռուս-հայկական իննովացիոն համագործակցության կենտրոնի օրինակը:

Հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը եւս խոսեց տնտեսական հարաբերությունների եւ, մասնավորապես, իննովացիոն ոլորտում համագործակցության մասին: 2010 թ.-ը ԱՊՀ տարածքում հայտարարվել է գիտության եւ իննովացիայի տարի: Նիկոլայ Ռիժկովը այս ոլորտում համագործակցությունը համարեց սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր նախապայման, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների արտադրության, համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար: Համանախագահի համոզմամբ` համաշխարհային ճգնաժամը մեծապես վնասեց այն երկրներին, որոնք հիմնականում շեշտադրում էին կատարել հումքի արտահանման վրա, մինչդեռ բարձր տեխնոլոգիաներով հագեցած տնտեսություններում ճգնաժամի ազդեցությունը փոքր եղավ: Նա տեղեկացրեց, որ տնտեսապես զարգացած երկրներում գիտական հետազոտությունների եւ ծրագրերի ուղղությամբ ծախսվում է ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, մինչդեռ ԱՊՀ երկրներում համանուն ցուցանիշը առավելագույնը 0,5 տոկոսի է հասնում: Նիկոլայ Ռիժկովը ներկայացրեց, որ մշակվել է ԱՊՀ երկրների միջեւ իննովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագիր` մինչեւ 2020 թ.-ը: Ռուս-հայկական երկկողմ, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափով համատեղ ծրագրերի համար որպես հնարավոր ուղղություններ պրն. Ռիժկովը նշեց էներգաարդյունավետ տնտեսությունը, ատոմային էներգետիկայի անվտանգությունն ու զարգացումը, գիտության եւ կրթության ինտեգրումը, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը, նորագույն բժշկական եւ արտադրական տեխնոլոգիաների զարգացումը:

Օրակարգային հիմնական հարցը գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ իննովացիոն տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանն էր նվիրված: Հայկական կողմից հարցը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարարության` գիտության հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը, ռուսական կողմից` տնտեսական զարգացման նախարարության` ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Ցեմախովիչը եւ «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ղեկավարի խորհրդական Սերգեյ Օբրեզանովը: Բանախոսներն անդրադարձան իննովացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավոր ուղղություններին ու հեռանկարին, խոսեցին կոնկերտ ծրագրերի մասին:

19-րդ նիստի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովը ընդունեց արձանագրություն: Փաստաթղթում ամրագրված են կողմերի քննարկած հարցերը` իննովացիոն ոլորտը կարգավորող իրավական դաշտ ստեղծելու, երկու երկրների միջեւ, բիզնեսի, գիտության եւ կրթության ոլորտների ներգրավվմամբ, իննովացիոն համագործակցության, այս ոլորտում երկկողմ հարաբերությունների պայմանագրային բազայի ներդրման, համատեղ գիտատեխնիկական կենտրոնների ստեղծման ու համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ կադրերի վերապետրաստման հարցում համագործակցելու վերաբերյալ: Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց աջակցել իննովացիոն մոդելային օրենսգրքի ընդունմանը` նպաստելով դրա ներդրմանը Հայաստանի եւ Ռուսատանի ազգային օրենսդրություններում, առաջարկել հետաքրքրված նախարարություններին իննովացիաների զարգացմանը նվիրված տնտեսական ֆորումներ, ցուցահանդեսներ կազմակերպել` ներգրավելով մասնավոր բիզնեսի, գիտակրթական հաստատությունների ներուժը, աջակցել համատեղ կենտրոնների եւ նախագծերի ստեղծմանը` հատկապես աստղաֆիզիկայի եւ տիեզերագիտության ոլորտներում:

Նիստի մասնակիցները քննարկեցին նաեւ հաջորդ` 20-րդ նիստի կազմակերպման հարցը: Այն առաջարկվեց անցկացնել 2011 թ. ապրիլին` Յարոսլավլում: Այդ նիստում նախատեսվում է քննարկել հումանիտար համագործակցությանը նվիրված հարցեր, ինչպես նաեւ, հայկական կողմի առաջարկով, անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին:

Նիստից հետո տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արամ Սաֆարյանի եւ Նիկոլայ Ռիժկովի մամլո ասուլիսը, որտեղ համանախագահներն ամփոփեցին հանձնաժողովի այսօր կայացած 19-րդ նիստի աշխատանքը:

Հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ 19-րդ նիստի օրակարգում ընդգրկված են եղել եւ քննարկվել են ՀՀ եւ ՌԴ միջեւ գիտության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են բարձր տեխնոլոգիաներին եւ տնտեսական նորամուծություններին:

Քննարկվել եւ որոշվել է հանձնաժողովի 20-րդ նիստի անցկացման վայրը: Հանձնաժողովի առաջիկա ` 20-րդ նիստում, որը կայանալու է 2011 թվականի ապրիլին ՌԴ Յարոսլավլ քաղաքում, հայ եւ ռուս գործընկերները նախատեսում են քննարկել հարցեր, որոնք գտնվում են մարդու իրավունքների ոլորտում:

Մասնավորապես, նախատեսվում է քննարկել ռուսաց լեզվի վիճակը Հայաստանում եւ հայոց լեզվի վիճակը Ռուսաստանում հարցը:

Կքննարկվեն նաեւ, ինչպես նշեց Նիկոլայ Ռիժկովը, մտահոգության տեղիք տվող ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ դրա հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նկատեց, որ վերջին տարիներին միջխորհրդարանական կապերն ամրապնդվել եւ բարելավվել են, իսկ այս ձեւաչափով անցկացվող նիստերն ընթանում են հագեցած եւ հետաքրքիր: Նա նկատեց, որ համամիտ չէ այն տեսակետին, թե անհրաժեշտություն չկա տարեկան երկու նիստ անցկացնել:

Հանձնաժողովի համանախագահները պատասխանեցին նաե լրագրողների հարցերին:

Մինչեւ նիստի աշխատանքները սկսվելը Ազգային ժողովի այգում մասնակիցները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` մասնակցելու Վազգեն Առաջին Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ, Էջմիածնի քաղաքապետը, մշակույթի եւ արվեստի գործիչներ, Էջմածին քաղաքի բնակիչներ, լրագրողներ եւ այլք:

Նշենք, որ կիսանդրին ձուլվել է Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ, քանդակագործն է ՌԴ վաստակավոր քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանը, նախագծողը` ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանը:

Կիսանդրու բացումը վերապահված էր Նիկոլայ Ռիժկովին եւ քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանին:

Հայ ժողովրդի բարեկամ Նիկոլայ Ռիժկովին կիսանդրու ստեղծման համար շնորհակալական խոսք ասացին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը, Գերաշնորհ տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նիկոլայ Ռիժկովն իր խոսքում բարձր գնահատեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի դերը Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում: Նրա խոսքով` հայոց հայրապետը դժվարին տարիներին կարողացավ իր հայրենանվեր ու աստվածասեր ոգին փոխանցել հայ ժողովրդին եւ ապրելու ու պայքարելու հույս ներշնչել:

Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին կիսանդրու մոտ:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply