Բարեփոխվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 11, 2010 16:17
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածում։ Անցած ժամանակահատվածում ծրագրի կիրառման ընթացքում կատարված վերլուծությունների, հետազոտությունների և քննարկումների արդյունքում հստակեցվել են ծրագրի պայմանները, դյուրինացվել վարկերի ձեռքբերումը մարզերում։ Կատարվել է «երիտասարդ միայնակ ծնող» հասկացության սահմանումը, իրականացվել է ՀՀ մարզերում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի չափի փոփոխություն` լրացուցիչ գրավի դիմաց, ինչպես նաև ավելացել է պետության կողմից սուբսիդավորվող տոկոսի չափը։
Նշելով, որ այս մոտեցումը համահունչ է կառավարության տարածքային համաչափ զարգացման հայեցակարգին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք պետք է խթանենք, որպեսզի վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում, համայնքներում։ Այսօր գաղտնիք չէ, որ հիմնականում, մանավանդ հիփոթեքային վարկերը տրամադրվում են Երևան քաղաքում, քանի որ այստեղ ռիսկայնությունն ավելի կառավարելի է առևտրային բանկերի համար և կան իրացվելիք գույքային պարտավորություններ, ինչը չի կարելի ասել մարզերի և համայնքների մասին։ Սրանով մենք ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի հիփոթեքային վարկերից օգտվեն մարզերում, համայնքերում ավելի արտոնյալ պայմաններով։ Մենք նաև երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոստացել էինք, որ պետք է պետության օժանդակությունն ավելացնենք հիփոթեքային վարկավորման առումով։ Այս որոշումով մենք, ըստ էության, մեր պարտավորությունն ու խոստումը կատարում ենք»։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգին։ Բարեփոխումների հիմնական նպատակն է Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգի հետագա զարգացումը, գործառույթների իրականացման որակի բարձրացումը և թափանցիկության ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու սպասարկման որակի բարձրացումը։ Առաջարկվող հայեցակարգով կկարգավորվեն համակարգի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, կներդրվի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից համակարգ։ «Անշարժ գույքի կադաստրի աշխատանքներում այս հայեցակարգը իրականացնելու դեպքում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու։ Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ այս համակարգը գործի, և եթե անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, մենք պատրաստ ենք քննարկել, որ մարզերում ևս ավելի շուտ ներդնենք։ Այս հայեցակարգով իսկապես արտակարգ պայմաններ են ստեղծվելու մեր քաղաքացիների համար` օգտվել այս ծառայություններից էլեկտրոնային եղանակով, օնլայն ռեժիմով, առանց բյուրոկրատական քաշքշուկի։ Հնարավորություն են ունենալու օգտվել մասնագիտացված կառույցերը, տարածքային ստորաբաժանումներ են ձևավորվելու։ Սա արդիական համակարգ է։ Եթե անհրաժեշտություն կա օժանդակելու, որ ծրագիրն ավելի շուտ իրականանա, մենք կարող ենք նաև գրանտային ծրագրեր ուղղել այս համակարգի կայացմանը», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշել է 2010թ. հատկացնել 700   մլն  դրամ` համակարգչային հավաքածուների գնման համար։ Դա հնարավորություն կտա ձեռք բերել 250 համակարգչային հավաքածու, ինչը կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
«Սա չափազանց կարևոր միջոցառում է, կա նաև ՀՀ նախագահի հանձնարարականը` դպրոցներում կոմպյուտերիզացիայի մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք և այդ ցուցանիշով դեռևս զիջում ենք շատ երկրների։ Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնահերթություն է, բնականաբար, մեծ ուշադրություն պետք է դարձնենք, թե դպրոցներում ինչ մակարդակի վրա է գտնվում դասավանդումը և համակարգիչներ ունե՞ն, թե չունեն։ Ցավոք, դեռևս իրավիճակը շտկելու կարիք ունի, լուրջ ներդրումներ պետք է անենք այս ուղղությամբ։ Ուրախալի է նաև, որ տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտում այսօր առկա մասնավոր ընկերություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել մեզ օժանդակելու դպրոցներում պիլոտային ծրագրեր իրականացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման գործում, և, բնականաբար, այս համակարգիչներով դպրոցները հագեցնելը մեզ էապես կօգնի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջընթաց ապահովելու գործում», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը և Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման 2011-2013 թվականների գործողությունների ծրագրին։ Սահմանվել են ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ամբողջական և ժամանակակից համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախադրյալներն ու գործողությունները։ Ռազմավարությունը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի բյուջետային դեպարտամենտի և «ՍԻԳՄԱ» ծրագրի գործուն մասնակցությամբ, համակարգի ներդրման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու են 2010-2013 թվականների ընթացքում։
ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման ընթացակարգերի պարզեցման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2001 թվականի հունվարի 8-ի թիվ 4 որոշման մեջ, որոշման վերնագրում և 1-ին կետում «առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 50 հազար դրամի մաքսային արժեքը չգերազանցող» բառերը փոխարինել «միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող» բառերով։ Որոշման 1-ին կետով հաստատված կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Որոշման ընդունմամբ կանոնակարգվում և հստակեցվում են նաև հասցեատիրոջ, փոխադրողի և մաքսային մարմնի միջև առկա հարաբերությունները։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման կարգը։
Հավատարիմ մնալով խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու քաղաքականությանը` կառավարությունը որոշել է «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2010թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2011թ. փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի հոկտեմբերի 25-ը։
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած զովացուցիչ ըմպելիքների և բնական հյութերի արտադրության գործարան, ստեղծել 120 նոր աշխատատեղ։ Նախատեսվող 5 մլրդ ՀՀ դրամի ներդրումների մոտ 2,82 մլրդ դրամը ուղղվելու է համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը։
Կարևորելով ներդրումային ծրագրերի դերը տնտեսության զարգացման գործում` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս ներդրումների շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ 2011 թվականին տնտեսական աճ ապահովելու համար լուրջ ներուժ է ստեղծվում նաև ներդրումային ծրագրերով։ Եթե կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացվեն, 2011-ին դա արդեն բավականին արդյունք պետք է տա նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով»։
Գործադիրը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշման մեջ, կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ։ Որոշման ընդունումը պայմանավորված է բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մշակել և իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների աջակցության ծրագիր։
Կառավարությունը հաստատել է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկատվության գրանցման և օգտագործման կարգը, որով կարգավորվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ ՀՀ առողջապահության նախարարության համակարգում կստեղծվի ՀՀ դոնորների օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտի ռեեստր, ինչը հնարավորություն կտա ապահովել ՀՀ-ում իրականացվող փոխպատվաստումների, առկա դոնորների, փոխպատվաստման դոնոր հանդես գալուց հրաժարված անձանց վերաբերյալ տեղեկությունների ճշգրիտ բազա։
Մեկ այլ որոշմամբ սահմանվել են դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները։
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի և ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522 որոշման մեջ, գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի հզորացման դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։
Փոփոխություն կատարելով իր 2002թ. նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշման մեջ` գործադիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հաստիքների թիվը 7-ի փոխարեն սահմանել է 6 հոգի։
Կառավարությունը թույլատրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից 2005թ. նոյեմբերի 18-ի և 2006թ. փետրվարի 8-ի համապատասխան մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ժամկետների երկարաձգումը` մինչև 2015թ. դեկտեմբերի 5-ը։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Ակունք համայնքի նախկին միջնակարգ դպրոցի շենքը հետ է վերցվել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել Ակունք համայնքին` այն վերակառուցելու, բարեկարգելու և որպես համայնքային մանկապարտեզի շենք օգտագործելու պայմանով։
Հաստատվել են Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման, նույն մարզի Գեղաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։
Մի քանի այլ որոշումներով կառավարությունը Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային, Արմավիրի մարզի Փարաքար, Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր և Եղեգիս, Կոտայքի մարզի Գետամեջ, Մեղրաձոր գյուղական և Եղվարդի քաղաքային համայնքներին հնարավորություն է տվել հողերի կատեգորիան փոխելու միջոցով կառուցել կոյուղաջրերի մաքրման կայան, մեկ այլ բնակավայրում` փոքր ՀԷԿ, ավտոտեխսպասարկման կայան կամ կենցաղային նշանակության այլ կառույցներ։ Համայնքների ղեկավարներին առաջարկվել է գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
2010թ. նոյեմբերին Արմավիրի մարզի Շենավան գյուղական համայնքի ավագանու, Կոտայքի մարզի Զորավան, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով իր պահուստային ֆոնդից համապատասխան ֆինանսական միջոցներ է հատկացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը։
Բելառուսում ՀՀ դեսպանության շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2010թ. չորրորդ եռամսյակում հատկացվել է 186.551.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply