Լրագրողական կեղծիքի դեմ պայքարելու համար կսահմանվի «Կեղանք» մրցանակաբաշխություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2010 16:07
Հայաստանում մինչեւ տարեվերջ կստեղծվի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհուրդ, որը կհայտարարի «Կեղանք» լրագրողների ամենամյա մրցանակաբաշխություն: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, «կեղանք» նշանակում է խոց, քոս, իսկ այս մրցանակին կարժանանան այն լրագրողները, ովքեր զբաղվում են իրողությունների ու փաստերի խեղաթյուրմամբ, կաշառված կամ վարձված են, ստորակարգ ստեղծագործական աշխատանքներ են ներկայացնում:
Մրցանակը տրվելու է գրական-մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակութային գործիչներին ու ստեղծագործական միություններին անվանարկելու ասպարեզում սահմանած «ռեկորդների համար»: Լ. Անանյանի տեղեկացմամբ` ստեղծագործական միությունների ղեկավարների խորհուրդը միավորելու է ՀՀ ժուռնալիստների, գրողների, թատերական գործիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների եւ ճարտարապետների միությունները: Նրա խոսքով` նման կառույց հիմնելու, մցանակաբաշխություն սահմանելու դրդապատճառը լրագրողների պարբերաբար ստահոդ, թյուր ու անհիմն նյութերի հրապարակումն է:
Լ. Անանայանը նշեց, որ այդ տեսակ լրագրողական գործունեությունը խարխլում է երկիրը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հույս հայտնեց, որ «Կեղանք» մրցանակաբաշխության սահմանումը կծառայի նպատակին: «Գաղափարը հղացավ բոլորիս մտահոգության արդյունքում: Գուցե հումորով կընկալվի ձեռնարկը, սակայն հուսով ենք, որ որոշակիորեն կզսպի որոշ լրագրողների»,-ասաց նա:
Նշենք, որ մրցանակաբաշխության հաղթողներին ստեղծագործական միությունների կողմից շնորհվելու են դիպլոմներ եւ խորհրդային երեքռուբլիանոցների պատճեններ: Ինչպես մեկնաբանեց Լ. Անանյանը, դա խորհրդանշելու է ոչ պրոֆեսիոնալ լրագրողների կողմից վաճառվելը գերադասելու փաստը: Իսկ աջիկայում մրցանակաբաշխության համար նաեւ անվանակարգեր կսահմանվեն:
Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply