Հայազգի Արթին Էթմեքջյանն ընտրվել է Ավստրալիայի Ռայթ քաղաքի քաղաքապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2010 15:41
Նա առաջին հայն է, որ Ավստրալիայում քաղաքապետի պաշտոն է ստանձնել:
Այս առնչությամբ, ծավալուն հոդված է հրապարակել Armenian Reporter պարբերականը: «Ես միշտ շարժվել եմ համայնքին ծառայելու ցանկությամբ ու մղումով եւ ցանկացել եմ դրական փոփոխությունների իրականացնող լինել», – Armenian Reporter-ին ասել է Էթմեքջյանը:
Էթմեքջյանի ընտրությունն ամրապնդում է հայերի աճող հեղինակությունը ավստրալական քաղաքական դաշտում: Այստեղ թե՜ իշխանության եւ թե՜ ընդդիմության մեջ մի շարք ազդեցիկ պաշտոններում եւս հայեր են:
Արթին Էթմեքջյանը Ավստրալիա առաջին անգամ ոտք է դրել, երբ 2 տարեկան էր: Նրա ընտանիքը դժվարին ճանապարհ է անցել` Եգիպտոսից հասնելով Ավստրալիա:
Իր հայկական արմատները գիտակցելով եւ ընդունելով հանդերձ` Էթմեքջյանը իրեն իսկական ավստրալացի է համարում: «Ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ հենց Ավստրալիան ընտրեցին որպես մեր ընտանիքի տուն, եւ այդ պատճառով հպարտ եմ լինել ավստրալացի` հայկական արմատներով», – ասել է նա:
Էթմեքջյանը վստահ է, որ իր ընտրությունը քաղաքապետի պաշտոնում մեծ ազդեցություն կունենա Ավստրալիայի հայերի վրա, կնպաստի նրանց առավել ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում:
Արթին Էթմեքջյանին ընտրողների թվում 6-8 հազար հայեր կան: Ողջ Ավստրալիայում հայերի թիվը մոտ 40 հազար է: Նրանք այդ երկիր են տեղափոխվել հիմնականում Մերձավոր Արեւելքից:
Էթմեքջյանը մեծ կարեւորություն է տալիս, որ ազգային ինքնությունը գոյակցի ավստրալական կենսակերպի արժեքների հետ, եւ հասարակությունը ներդաշնակորեն ինտեգրվի ավստրալական իրականությանը:
Նա տանը կնոջ` Նորայի հետ հայերեն է խոսում եւ համարում է, որ հայկական եկեղեցին շարունակում է անառարկելի կապ հանդիսանալ ողջ աշխարհի հայերի միջեւ:
«Եկեղեցին հսկայական դեր է խաղում հայության կյանքում` որպես քրիստոնեությունը առաջինը պետականորեն ընդունած ազգ: Ես հավատում եմ, որ միշտ էլ այդպես է լինելու, եւ ամբողջապես սատարում եմ հայկական եկեղեցուն», – Armenian Reporter-ին ասել է Արթին Էթմեքջյանը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
NEWS.am
Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply