Ցուցահադես. հայկական ավանդական կացարանները` ֆրանսիացի Ռեժիս Լաբուրդետի լուսանկարներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 22, 2009 12:37

Ռեժիս Լաբուրդետի լուսանկարներից մեկըՃարտարապետների միությունում հուլիսի 21-ից ցուցադրվում են ֆրանսիացի լուսանկարիչ Ռեժիս Լաբուրդետի` հին հայկական տները պատկերող լուսանկարները: Դրանք ներկայացնում են Ջավախքի Ալաստան և Գեղարքունիքի մարզի Գարնահովիտ, Լճաշեն, Հարիճավանք, Ալիչալու-Արծվանիստ գյուղերի հայկական ավանդական կացարանները:

Լաբուրդետն առաջին անգամ ծանոթացել է հայկական արվեստին 2007թ. Ֆրանսիայում` Հայաստանի տարվա հետ կապված միջոցառումների ժամանակ:

Բայց դեռևս 1999թ. եկել է Հայաստան` սկզբում կրոնական հետաքրքրություններով, հետո հայկական ճարտապետությունն ուսումնասիրելու համար:

«Հայկական վանքերի ու եկեղեցիների մեջ մի տեսակ առեղծվածային շունչ կա, դու այնտեղ զգում ես Աստծո ներկայությունը, նույնը հայկական ավանդական կացարաններում է. դա ոչ թե հնության զգացողություն է, այլ միստիկ ուժ»,-ասում է Լաբուրդետը:

Լուսանկարներում ներկայացված են ավանդական կացարաններ, գյուղական բարքեր, պարզ և խաղաղ միջավայրում գյուղացի մարդիկ՝ հասարակ հագուստով ու կենցաղով:

Լաբուրդետի աչքից չեն վրիպել հատկապես հին հայկական երդիկները. «Շատ հետաքրքիր է երդիկը, դա մեզ տանում է հեռավոր անցյալ, երդիկները ճշգրտորեն են տեղադրված հայկական գյուղերի հին տներում. ծխնելույզի դեր են կատարում, օդափոխանակություն ապահովում, իսկ ներքևում թոնիրն է, որտեղ լավաշ է թխվում»,-հմայված պատմում է լուսանկարիչը`զարմացած մնալով հայկական գյուղերի հյուրընկալությունից:

Նկարների մեջ ջերմություն կա, համեմատություն` այսօրվա գյուղերի ժամանակակից տների հետ:

Ռեժիս Լաբուրդետի լուսանկարներում գլխատները ներկայացվում են կառուցողական և ճարտարպետական լուծումներով:

Կացարանների ցուցահանդեսը, որը շարունակական է լինելու, և հաջորդը, հավանաբար, ներկայացնելու է սովետական շրջանի հայկական ճարտարապետությունը, տևելու է մինչև օգոստոսի 7-ը:

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply