Երիտասարդների կոչը բանակ զորակոչվող ուսանողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 11, 2010 15:06
Սիրելի ուսանողներ, սկսվում է 2010 թվականի աշնանային զորակոչը, որի կատարումը մեր հայրենիքի սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմաններից մեկն է:
Այս զորակոչը յուրահատուկ է նրանով, որ հայոց բանակի նոր համալրման կազմում առաջին անգամ բավական մեծ թիվ են կազմելու ուսանողները: Մեզնից շատերը համալսարանների և ինստիտուտների լսարանները, գրադարանների ընթերցասրահները երկու տարով փոխարինելու են զորանոցներով, զորավարժարաններով ու մարտական հենակետերով: Մենք յուրացնելու ենք ուրիշ գիտելիքներ, ավարտելու բոլորովին այլ դասընթացներ, ձեռք բերելու լուրջ փորձառություն, մինչև ուսանողի պատվաբեր կոչումից բացի, արժանանանք նաև Հայրենիքի պաշտպանի սրբազան անունը կրելու իրավունքին:
Միշտ էլ դժվար, փորձություններով լի ու վտանգաշատ է եղել հայ ուսանողի ընտրած ճակատագիրը: Օտար համալսարաններում սովորող հայ ուսանողն էր, որ 19-րդ ու 20-րդ դարերի սահմանագծին նոր թափ հաղորդեց հայոց ազգային ազատագրական պայքարին, դժվարին ու զրկանքներով լի 1920-ական թվականներին անօրինակ եռանդով մասնակցեց Խորհրդային Հայաստանի վերաշինությանը, երկու տասնամյակ անց կռվեց Մեծ Հայրենականի բոլոր ճակատներում, ապա նոր շունչ ու որակ հաղորդեց հասարակական ու քաղաքական բոլոր խմորումներին, եղավ նոր ու լուսավոր գաղափարների ջահակիրը և այդպիսին մնաց նաև անցած դարավերջի մեր ազգային ազատագրական պայքարի ժամանակ: Հայ ուսանողներից շատերն ընկան Մեծ հայրենականում ու Արցախյան ազատամարտում և իրենց երիտասարդ կյանքերի գնով մեզ անառիկ սահմաններով Հայրենիք պարգևեցին:
Իսկ բանակաշինության դժվարին տարիներին մեր ավագ ընկերները մեկնելով սպայական ծառայության՝ մեծ ավանդ ունեցան նորանկախ Հայաստանի ու Արցախի զինված ուժերի կայացման ու հզորացման գործում:
Մեր ավագ ընկերների նվիրումի ու Հայրենիքին զոհաբերված կյանքերի շնորհիվ է, որ այսօր մենք մեկնում ենք ծառայելու տարածաշրջանի ամենակայացած ու մարտունակ բանակում:
Մե՜նք ենք մեր ուսանած բուհերի ավելի քան մեկդարյա ավանդների կրողն ու մեզնից յուրաքանչյուրը զինվորական ծառայության պիտի մեկնի այդ ժառանգության հունդերը մեր բանակում սերմանող, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր գիտելիքների շնորհիվ ավելի հզոր ու մարտունակ դարձնող առաքյալի գիտակցությամբ: Բա՜րձր պահենք մեր կրթօջախների ու անցած տարիներին զինված ուժերում ծառայած շրջանավարտների բարի անունը և արժանի լինենք փոխարինելու Հայրենիքի սահմանները երկու տարի պատվով պաշտպանելուց հետո տուն վերադարձող զինվորներին: Ձեր ուսանողական ընկերներն ու դասախոսները հպարտանում են Ձեզանով: Եթե ուսանողությունը երիտասարդության ուսյալ հատվածն է և ապագա մտավոր ներուժը, ապա ժամկետային զինծառայողները խաղաղ ապագայի երաշխիքն ու գրավականն են: Մենք ենք մեր երկրի տերն ու ապագան, և այժմ ժամանակն է հասել ընդունել երկրի անդորը պաշտպանելու վեհ գործի հերթափոխը:
Բարի ծառայություն մեր ընկերներին:
1. Երևանի պետական համալսարան
2. Ռուս-hայկական (Սլավոնական) համալսարան
3. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
4. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
5. Հայկական պետական ճարտարագիտական համալսարան
6. Հայկական պետական տնտեսագիտական համալսարան
7. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
8. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
9. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
10. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
11. Հայաստանի պետական ագրարային համալսարան
12. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
13. ՙԱնկախության սերունդ՚ երիտասարդական հասարակական կազմակերպություն
14. ՙՀայրենապաշտ՚ հասարակական կազմակերպություն






Facebook
Tweet This
Email This Post
