Աննա Պավլովա. աղջիկն ու բալետը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 18, 2010 14:41

Թե ինչպես էր նա պարում, այսօր կարող ենք միայն ենթադրել, քանզի պահպանված կինոկադրերը չեն կարող հաղորդել պարուհու կատարման մոգությունը, որը, դատելով ժամանակակիցների հիշողություններով, հմայում, կախարդում էր հանդիսատեսին: Երբ ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը, ում երաժշտության  հիման վրա է բեմադրված  «Մեռնող կարապը», տեսավ Պավլովայի պարը, նրա շուրթերից դուրս թռավ. «Մադամ, ես հիմա հասկացա, թե ինչ գեղեցիկ երաժշտություն եմ գրել»:

Բալետի ապագա պարուհին ծնվել է 1881-ի փետրվարի 12-ին, Պետերբուրգի մերձակայքում գտնվող Լիգովո գյուղում, մայրը` Լյուբով Պավլովան, ընտանիքը պահում էր կար, երբեմն էլ լվացք անելով: Աղջիկը ծնվեց թերհաս, և միայն հրաշքով կենդանի մնաց: Հայրը պաշտոնապես համարվում է  Պրեոբրաժենսկի գնդի պաշտոնաթող զինվոր Մատվեյ Պավլովը, ում Անյան բնավ չէր հիշում: Խոսակցություններ կային, թե  նրա իսկական հայրը բանկիր, ռուսական «երկաթուղային արքա» Սեմուել Պոլյակովի եղբայրն էր` Լազար Պոլյակովը: Հնարավոր է, որ դա միայն լեգենդ էր: Սակայն միայն այդ հանգամանքով կարելի է բացատրել որոշ անհամապատասխանություններ, օրինակ, թե ինչպես եղավ, որ  նույն Լիգովոյում, որը համարվում էր Հյուսիսային մայրաքաղաքի արիստոկրատական բնակավայր, որտեղ ամռանը հանգստանում էին ժամանակի թատերական բոհեմը և նորահարուստները, աղքատ զինվորի աղջկա տատիկի համար  երկհարկանի ամառանոց էր վարձակալվել: Կամ` Մարիինյան թատրոն հաճախակի այցելություններն ու  մայրաքաղաքային Կայսերական բալետային դպրոցում ուսանելը, ինչը  նույնպես փող արժեր և ոչ քիչ:

Ի դեպ, բալետային դպրոց աղջկան ընդունեցին միայն երկրորդ փորձից: Որ պարուհի է դառնալու, Անյան գիտեր 8 տարեկանից, երբ առաջին անգամ մտավ Մարիինյան թատրոն. այն ժամանակ  նա հայտնեց իր «անբեկանելի» որոշումը. «Ես պետք է պարեմ «Քնած գեղեցկուհին» և ա՛յս թատրոնում»:  Ընդունելության առաջին փորձը տապալվեց, երկրորդը նույնպես մոտ էր ձախողման, սակայն աղջնակի ճակատագիրը վճռեց հանձնաժողովի նախագահը` հանրահայտ  պարուսույց Մարիուս Պետիպան: Դիտելով Աննայի պարային ելույթը` սպիտակամորուս վարպետը կայացրեց մարգարեկան վճիռ. «Քամուն տրված  փետուր… Նա բեմում կթռչի…»:

Նոր շունչ

Ուսումնարանում այնպիսի կարգուկանոն էր տիրում, որին կնախանձեր ուզածդ զորանոցը: Արթնացում` ժամը 8-ին, սառը ջրով շփում, աղոթք, նախաճաշ, այնուհետև`8 ժամ  ուժասպառության հասցնող պարապմունք բալետային հաստոցի առջև, որն ընդհատվում էր միայն երկրորդ նախաճաշով (չորահացով սուրճ) ու ճաշով, որն ամենևին քաղցը չէր հագեցնում, մաքուր օդում մեկժամյա զբոսանք: Ինն անց կես ուսանողուհիները պետք է անկողնում լինեին: Եթե  այս ամենին ավելացնենք նաև ուսանողուհիների մեջ տիրող մրցակցությունը, խանդն ու  խարդավանքները, ապա պարզ կդառնա, թե տարօրինակ կեցվածքով, թույլ առողջությամբ Աննային այդ ամենից ինչքան դառնություն էր բաժին հասնում. միայն «հատակի փայտ» մականունն ամեն ինչ արժեր:

Պարի տեխնիկայով Աննան շատերին էր զիջում, այդ թվում` ռուսական բալետի աստղեր Մաթիլդա Քշեսինային, Տամարա Կարսավինային ու Օլգա Պրեոբրաժենսկայային: Նա չէր կարողանում բոլոր 32 ֆուետեները պտտել այնպես, ինչպես Քշեսինան, սակայն փխրուն ու եթերային Պավլովան արտիստիզմով ու բալետային իմպրովիզացիաներով հավասարը  չուներ:

Ավարտական բեմադրության ժամանակ այս որակներն  ազդեցին խիստ հանձնաժողովի վրա: 1899-ին կայացած քննությունը Պավլովայի առաջնաելույթն էր  «կորիֆեյի» կարգավիճակում. այն ժամանակ այդպես էին անվանում կայսերական թատերախմբում ընդգրկված պարուհիներին: Աննան սրընթաց առաջ էր գնում: Նա կորդեբալետից (խմբային պար) շուտով զբաղեցրեց երկրորդ  մենակատարի դերը, իսկ տագնապալի 1905-ից  առաջատար պարուհի էր: Կատարվեց փորձառու սրատես Պետիպայի կանխատեսումը: Մայրաքաղաքային թերթերը չին խնայում գերազանցություն նշանակող մակդիրներ շռայլել նորահայտ աստղի հասցեին` միաբերան հաստատելով, որ Պավլովան ռուսական բալետին նոր շունչ է բերել:

Կարապի հավատարմությունը

Ճակատագրի բերումով Աննայի  առաջին հովանավորը դարձավ առաջին ու կյանքի միակ սերը: Ֆրանսիացի էմիգրանտի ռուսացած զավակը` Վիկտոր Դանդրեն, գեղեցիկ էր, հարուստ և առանձնանում էր իր նրբին շարժուձևով: Նա պարուհուն սկզբում հովանավորում էր ազարտից ելնելով: Նա Աննայի համար  շքեղ սենյակ վարձեց, որտեղ պարի համար դահլիճ սարքավորեց. այն ժամանակ ոչ մի պարուհի նման պայմաններ չուներ: Պավլովայի հանդեպ ոչ մի ավելորդ վերաբերմունք չէր ցուցաբերում, բայց  շարունակ պնդում էր, որ նա պետք է դառնա առաջին մեծության աստղ: Իսկ հետո չպարտավորեցնող այս կապը վերածվեց իսկական սիրո և կյանքի գլխավոր գործի:

1909-ին ծանոթացան պարուհու հովանավոր Դանդրեն և անտրեպրենյոր Սերգեյ Դյագիլևը: Վերջինս կազմակերպել էր  ռուսական սեզոնների բացումը Փարիզում: Նա Աննային իսկույն առաջարկեց մասնակցել իր բեմադրություններին, իսկ Դանդրեն պարտավորվեց Աննայի համար բեմական գեղեցիկ հագուստներ գնել: Նա իր խոսքը չդրժեց, սակայն այդ նպատակով արված ծախսերի պատճառով խրվեց պարտքերի մեջ, որոնց հետևանքով կալանավորվեց: Խոսակցություններ էին պտտվում, որ իբր Վիկտորը նաև պետական միջոցներ է մսխել: Ինչ էլ որ եղած լիներ, փաստն այն էր, որ երեկվա հաջողակ մեկենասն այլևս բավարար գումար չուներ, որ  վճարեր գրավի համար: Դատական գործընթացը երկարաձգվեց մեկ տարի, և Աննան Փարիզ մեկնեց մենակ, առանց Դանդրեի: Չար լեզուները հանգիստ չունեին, ասում էին,  թե սերն ու հովանավորությունը ցնդեցին փողերի հետ միասին: Աննան չէր արդարանում: Սակայն Փարիզում  տպավորիչ ելույթներից հետո, լոնդոնյան  թատերական գործակալություններից մեկի հետ  ստորագրեց իր համար խիստ անհրաժեշտ, թեկուզև տաժանակիր,  գրեթե ստրկական պայմաններով պայմանագիր, որի համար ստացած կանխավճարն անմիջապես ուղարկեց Վիկտորին: Փարիզում Աննան ու Վիկտորը գաղտնի պսակադրվեցին:

Ֆուետե աշխարհի շուրջ

1912-ին Աննան ու Դանդրեն ստեղծեցին սեփական խումբը, որն ավելի քան երկու տասնամյակ շրջեց երկրից երկիր, ցամաքից ցամաք` ստվարացնելով պարուհու երկրպագուների բանակը: Ամուսինները Լոնդոնում վարձակալեցին Այվի հաուս  կալվածքը, որը մի փոքր այգի ուներ. այն մի ժամանակ պատկանել էր հայտնի նկարիչ, անգլիական իմպրեսիոնիզմի նախակարապետ Ուիլյամ Թերներին: Աննայի սիրտն ամբողջությամբ նվիրված էր բալետին ու Վիկտորին: Նա ողջ կյանքում սիրել է միայն նրան ու չի դադարել կրկնել. «Կնոջ համար արժանի ամուսինը նույնն է, ինչ երաժշտությունը` պարի համար»:

Աննայի բնատուր տաղանդը, ինքնախոշտանգման հասնող աշխատասիրությունը ապշեցնում էին բոլորին: Տասը տարով կնքված հիշյալ պայմանագրի համաձայն`  Պավլովան ելույթ ունեցավ ավելի քան 20 երկրում, երբեմն հանդես եկավ  բաց բեմերում, կրկեսային արենայում, հապճեպորեն  հարմարեցված խորդանոցներում, վարիետեներում, սակայն ռուսական աստղը  նույն նվիրումով պարեց և՛ լավագույն բեմերում, և՛  ամերիկյան խուլ բնակավայրերում` աշակերտների առջև:

Մեքսիկացի մաչոներն Աննայի ոտքերի տակ էին նետում իրենց սոմբրերոները, հնդիկները` լոտոսի ծաղիկներ, իսկ զուսպ շվեդները` լուռ, որպեսզի պարուհու հանգիստը չխանգարեն, ուղեկցում էին նրա կառքը դեպի հյուրանոց: Իսպանիայի թագավորը տարիներ շարունակ նրա յուրաքանչյուր ներկայացմանը ծաղկեփունջ էր ուղարկում, անկախ նրա գտնվելու վայրից: Հոլանդիայում նրա պատվին կակաչի նոր` Anna Pavlova  անունով տեսակ մշակվեց, Ավստրալիայում ստեղծեցին եթերային քաղցրավենիք` պատրաստված բեզեով, հարած սերուցքով ու վայրի հատապտուղներով: Աննա Պավլովան բեմ էր դուրս գալիս ջերմությունով, ձգված ջլերով, իսկ մի անգամ ԱՄՆ-ում` նույնիսկ կոտրված ոտքով: Թերթերը գրում էին, որ Պավլովան տարեկան մաշում է 2000 զույգ բալետային  մաշիկներ:

Կյանքի պարը

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը մի կախարդիչ  նկար ունի` «Կյանքի պարը»: Կանաչ մարգագետնում հասարակությունը վալս է պարում, իսկ փողոցներում` մահացու ձանձրույթ է, որն այն մտքին է հանգեցնում, թե ամեն պար, ի վերջո, ավարտվում է: Աննա Պավլովայի ստեղծագործական կարիերայի պսակը Սեն-Սանսի երաժշտության հիման վրա ականավոր բեմադրիչ Միխայիլ Ֆոկինի բեմադրած  նույն «Մեռնող կարապն» էր: Պարային համարի անունը, ավաղ, ճակատագրական դարձավ:

Աննային երկար ժամանակ էին համոզում արձակուրդ վերցնել, հանգստանալ: Պարուհին միշտ նվաղ ձայնով հակադրվում էր. «Եթե ես ապրելու ժամանակ չունեմ, ուրեմն թող մեռնեմ ոտքի վրա»: Այս ճակատագրական խոսքերը հնչել են 1931 թ.: Հունվարին նա պետք է հյուրախաղերով Հաագա մեկներ, սակայն Հոլանդիա ուղևորության ընթացքում  միջանցիկ քամու տակ մրսեց, բժիշկներն էլ ախտորոշեցին գրիպ: Այն ժամանակ, երբ հակաբիոտիկներն այնքան էլ մատչելի ու արդյունավետ չէին, այս ախտորոշումը կարող էր ցանկացած ելք ունենալ, մինչև անգամ` վատագույնը: Պավլովան հրաժարվեց ընդունել նշանակված դեղերը, ինչը հանգեցրեց թոքաբորբի, ապա` պլևրիտի: Երեք օր անց պարուհին մահացավ:

Մի քանի օրից կլրանար նրա կեսդարյա հոբելյանը:

Ասում են, թե իբր մահից մի քանի  ժամ առաջ  պարուհու գիտակցությունը վերադարձել է,  նա նստել է տեղում և  խնդրել. «Պատրաստեք իմ  կարապի հագուստը»:

Կա ճշգրիտ մի փաստ. Հաագայի հյուրանոցային այն համարը, որտեղ իր մահկանացուն է կնքել ռուս արտիստուհին, տնօրինությունն այլևս ոչ մեկին չի հանձնել: Իսկ քաղաքային թատրոնում Պավլովայի մահվան  օրը տարիներ շարունակ տարօրինակ  ներկայացում է եղել. բարձրանում էր վարագույրը, հնչում` Սեն-Սանսի երաժշտությունը, իսկ  դատարկ բեմում անտեսանելի պարուհու շարժումներին հետևող լուսարձակի լույսի շողն էր միայն: Այդ օրերին հասարակությունը հոտնկայս ու լուռ  հետևում է տեսիլք պարին:

«Նրանք խենթացրին աշխարհը» ժողովածուից

Դիտվել է 2487 անգամ:
Print Friendly

Leave a Reply