Հարսն ընդդեմ սկեսուրի. վարչական դատարանի վճիռը հարսի օգտին է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 17, 2010 14:36

«Երբ դատարան դիմեցի, իմ շրջապատում ինձ բոլորը վստահեցնում էին, որ սխալ քայլ եմ արել, քանի որ դատավորներին կաշառելու համար գումար չունեմ»,- ասում է Կարինե Գրիգորյանը, որ գրեթե մեկ տարի է` դատարանային քաշքշուկներում է նախկին ամուսնու և սկեսրոջ հետ:

Կարինեն, որ արդեն 10 տարի ամուսնալուծված է, տարիներ շարունակ վարձով է ապրում կամ հարազատներից որևէ մեկի տանը: «Հիմա նորից բարեկամիս տուն եմ տեղափոխվել, 7 ամիս է` աշխատավարձ չեմ ստացել»,-ասում է նա:

Չնայած Կարինեն իր երկու դուստրերի հետ տնից տուն է տեղափոխվում և մշտական բնակավայր չունի, սեփականաշնորհված բնակտարածք ունի: Դեռ 1999-ին դատարանը Կարինեին, նախկին ամուսնուն և դուստրերին է հատկացրել Նոր Նորքում գտնվող համատեղ երեքսենյականոց բնակարանի երկու սենյակները` համապատասխանաբար 10 քմ և 17,6 քմ մակերեսով:

Սկեսուրը, սակայն, խոչընդոտում է, որ նախկին հարսը և թոռները բնակվեն համատեղ բնակարանում: «Ես սեփականություն ունեմ, բայց չեմ կարող այնտեղ ապրել, փոխարենը ստիպված եմ ուրիշների մուննաթը տանել,- ասում է Կարինեն»: Նա նշում է, որ բնակարանում կոմունալ հարմարություններն ընդհանուր են, և այնտեղ ապրելու դեպքում ինքը և երեխաները զրկված են լույս, ջուր և կոմունալ հարմարություններն օգտագործելու իրավունքից: «Անգամ ալիմենտը նախկին ամուսինս փոստով է ուղարկում, որ հանկարծ իրենց տուն չգնամ»,- ասում է Կարինեն:

Այլևս չուզենալով զրկված լինել սեփականությունն օգտագործելու իրավունքից` Կարինե Գրիգորյանը դատարան է դիմում` պահանջելով իրեն հատկացնել համատեղ բնակարանի իր բնակտարածքին համարժեք գումար:

Առաջին ատյանի դատական գործը, սակայն, կասեցվել է, քանի որ Կարինեի սկեսուրը` Սիրվարդ Մարտիրոսյանը, վարչական դատարան հայց է  ներկայացրել ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման` պահանջելով անվավեր ճանաչել Կարինե Գրիգորյանին, նրա դուստրերին և նախկին ամուսնուն տրված սեփականության վկայականը:

Կարինեն պատմում է, որ ամիսներ շարունակ մտավախություն է ունեցել, որ սկեսուրը և նախկին ամուսինը կկաշառեն արդարադատությանը, և ինքը կմնա կոտրած տաշտակի առջև: «Բախտս բերեց, ու դատարանը որոշում կայացրեց հանուն օրենքի, ոչ թե հանուն փողի»,- ասում է Կարինեն` հավելելով, որ հիմա վստահաբար շարունակում է դատական գործընթացը` արդեն հավատալով արդարադատությանը:

«Ես անգամ փաստաբան չեմ ունեցել դատավարության ողջ ընթացքում,- ասում է Կարինեն,- սկզբում մեծ դժվարությամբ փաստաբան էի վարձել: Բայց հանկարծ հասկացա, որ իմ փաստաբանն աշխատում է իմ դեմ. անընդհատ համոզում էր, որ ես դատարանում շահելու հնարավորություն չունեմ և պետք է ընդունեմ սկեսրոջս առաջարկած չնչին գումարը, որով սեփականություն ձեռք բերել չէի կարող»: Նաև պատմում է, որ մինչ օրս էլ սկեսրոջ երկու փաստաբանների կողմից ճնշումների է ենթարկվում: «Մինչ վարչական դատարանի որոշում կայացնելն ինձ անընդհատ ագրեսիվ տոնով ասում էր, որ դատը տանուլ եմ տալու, որ ինքս ինձ եմ վնասում դատական գործով»:

Չնայած փաստաբանների և ընկերների պնդումներին, դատավարության աննպատակահարմարության մասին` ՀՀ վարչական դատարանը` դատավոր Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ, որոշում է կայացնում. «Սիրվարդ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման, որով պահանջում է հարսի և երկու  թոռների անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել, մերժել»: Կարինեն ցնցվել է, երբ  դատավարության ժամանակ նախկին ամուսինը հայտարարել է, որ պատրաստ է իր երեխաներին և նրանց մորը թողնել փողոցում` առանց տանիքի: «Դատարանում ասացի, որ եթե ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ երկրում բնակարան ունենալու իրավունք չունեմ, թող ընտանիքս վտարեն, արտերկրում գոնե որպես փախստական կացարան կստանանք»,- ասում է Կարինեն:

Վարչական  դատարանի վճռին Սիրվարդ Մարտիրոսյանը համաձայն չի եղել և դիմել է վճռաբեկ դատարան, որը, սակայն, մերժել է հայցը:

Այժմ նորից Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացքի մեջ է Կարինե Գրիգորյանի հայցն ըննդեմ նախկին սկեսրոջ` Սիրվարդ Մարտիրոսյանի և ամուսնու` Ալբերտ Կարապետյանի: «Հույս ունեմ, որ այս անգամ էլ դատարանը վճիռ կկայացնի հանուն արդարության, և ես ու աղջիկներս վերջապես տանիք կունենանք մեր գլխավերևում»,- ասում է Կարինեն:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply