Սեռական բռնությունները ժողովրդավարական ԱՄՆ-ի բանակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 16, 2010 14:14

Վերջին տարիներին զինծառայող կանանց թվաքականը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զինված ուժերում աճել է: Այսպես, Իսրայելում նրանք կազմում են 33% (58.245), ԱՄՆ-ում` 20% (294.780), Կանադայում`13% (8,372), Մեծ Բրիտանիայում` 9.1% (17.900) (աղբյուրը` IDF/Nato/US/MoD):

Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներն առաջինն են իրենց բնույթով, երբ տասնյակ հազարավոր կանայք անցան երկարաժամկետ զինվորական ծառայության: Եվ հատկանշական է, որ Իրաքում ավելի շատ ամերիկացի կանայք են մահացել, քան 2-րդ աշխարհամարտից ի վեր  որևէ այլ պատերազմում:

2003 թ. մարտից սկսած` նրանցից 260 հազարը ծառայել են Մերձավոր Արևելքում, հիմնականում` Իրաքում: Զինծառայության ժամանակ 600-ը վիրավորվել են, 104-ը` մահացել:

Ամերիկացի կանանց համար, սակայն, զոհվելու  վտանգից բացի, բռնության իրական ու մշտական սպառնալիք կա. սեռական ոտնձգությունները, որ կիրառվում են բանակում բացարձակ գերակշռություն կազմող ծառայակից տղամարդկանց կողմից:

Թեև, ինչպես նշվեց, կանանց թիվը բանակում ավելանում է, նրանք միայնակ են. կանանց տարաբաժանումը զորամասերում այնպես է կատարվում, որ զորամասում լավագույն դեպքում կարող են առավելագույնը  2-3 հոգի լինել: Որպես հարաբերակցության օրինակ` վերցնենք Իրաքի դեպքը, որտեղ ամերիկյան 10 զորամասերում ընդհանուր հաշվով ծառայում է 1 կին:

Այսօրինակ մեկուսացումը, կանանց նկատմամբ ամերիկյան բանակում առկա ավանդական ու խորը նստած թշնամանքի հետ միասին, կանանց համար «պատերազմական երկրորդ ճակատ» է ստեղծում արդեն բանակի ներսում. նրանք հարկադրված են դիմագրավել ամենօրյա սեռական հետապնդումներին ու ոտնձգություններին: Այս «ճակատում», սակայն, նրանք գրեթե միշտ պարտվում են:

2003 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորած և Լովայի համալսարանի իրականացրած հարցախույզը պարզել է, որ հարցված 500 վետերան կանանց 30%-ը հայտնել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի մասին:

Ամերիկյան բանակի մի շարք ուսումնասիրությունների համաձայն, որոնք ֆինանսավորվել են Վետերանների գործերի վարչության կողմից, ԱՄՆ բանակում ծառայող կանանց 30%-ը զինծառայության ընթացքում բռնաբարվում է, 71%-ը` սեռական ոտնձգությունների է ենթարկվում, իսկ 90%-ը` սեռական հալածանքների:

Լրագրող Հելեն Բենեդիկտը գրում է, որ 2006-2008 թթ. ընթացքում Իրաքի պատերազմին մասնակցած 40 կանայք պատմել են իրենց ծառայողական կյանքի մասին, որոնցից 28-ը սեռական հալածանքների ու ոտնձգությունների են ենթարկվել կամ բռնաբարվել են ծառայության ընթացքում:

Հիմնախնդիրն ավելի խորն է ու սոսկալի, քանի որ ԱՄՆ զինված ուժերում ձևավորված մշակույթը թույլ չի տալիս հայտնել բռնության դեպքերի մասին: «Վստահ եմ` կլինեն շատերը, որ կասեն, թե բանակում կանանց ներկայությունն է իրական հիմնախնդիրը, և սեռական բռնությունը միայն ախտանշան է. սա նոնսենս է,- նշում է Human Rights-ի աշխատակից Քիմբրլի Քուրթիսը,- ամեն ինչից  առավել մշակույթն է, որ պետք է փոխվի»:

ԱՄՆ պաշտպանության նախարարության սեռական ոտնձգությունների կանխարգելման ու արձագանքման գրասենյակի վարչության տնօրեն, դոկտոր Քեյ Վիթլին նշում է, որ զոհերի համար շատ դժվար է  տեղեկացնել սեռական ոտնձգության մասին: Թույլի ու հարգանք չվայելողի պիտակներ ստանալուց բացի, այդ զինծառայողը նաև համարվում է դավաճան կամ ստախոս, որովհետև հեղինակազրկում է իր զորամասն ու ամերիկյան բանակը:

Շատ հաճախ հրամանատարությունն է ձևեր գտնում` լռեցնելու նրանց, ինչը կատարվում է սպառնալիքների կամ պատիժների միջոցով, կամ ուղղակի զինծառայությունից հեռացվում են այն կանայք, ովքեր հայտնում են սեռական բռնության մասին:

Մարթի Ռիբեյրոն այդ հարյուրավոր զոհերից մեկն է, որ ավարտելով համալսարանը` ընդունվել է օդային ուժեր` որպես պահեստային զինծառայող: Մի քանի տարի անց` 2003 թ. մարտին, նրան տեղափոխել են Իրաք, իսկ 2006 թ.` Աֆղանստան: «Ռազմական գոտում պետք է ամբողջ ժամանակ զենքը մոտդ պահես,- պատմում է նա,- բայց ես զենքս դրեցի և քայլեցի` ծխելու, և այդ ժամանակ ինձ վրա հարձակվեցին»: Նրան հետևից հարվածել են ու բռնաբարել: «Եթե ես զենքս պահած լինեի, կկանխեի դա, բայց եթե զենք կիրառեի, ամենայն հավանականությամբ կնետվեի բանտ»,-ասում է Մարթին: Նա դիմել է իշխանություններին, բայց վերջիններս հասկացրել են, որ եթե բողոք գրի, կմեղադրվի զինվորական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու մեջ և կդատապարտվի, քանի որ ռազմական գոտում գտնվելու ժամանակ զենքը պահած չի եղել: Այսպիսով, նա լռել է, և տղամարդը, որ բռնաբարել էր նրան, մնացել է անպատիժ:

2005 թ. ԱՄՆ բանակի լեյտենանտ Ջենիֆեր Դայըրին սպառնացել են դատապարտել այն բանի համար, որ մերժել է դիրքեր վերադառնալ այն սպայի հետ, որն իրեն բռնաբարել է:

Մեկ այլ օրինակ. բանակի մասնագետ Սյուզան Սվիֆտը 2006 թ. դատապարտվել է 1 ամսվա բանտարկության այն մեղադրանքով, որ մերժել է վերատեղակայվել իրեն պարբերաբար բռնաբարած սերժանտի ենթակայության տակ գտնվող զորամասում:

Նույն տարում օդուժի զինծառայող Կասանդրա Հերնանդեսը մեղադրվել է անպարկեշտ վարքի համար, երբ հաղորդել է, որ խմբակայնորեն բռնաբարվել էր իր 3 ծառայակիցների կողմից. նրան կեղծ մեղադրանք առաջադրեցին, թե ինքն է հարձակում գործել նրանց վրա:

2009 թ. իր տարեկան զեկույցում ԱՄՆ ՊՆ-ն նշում է, որ բանակում ծառայող կանանց 1/3-ը ենթարկվում է սեռական հալածանքների, և տեղի ունեցած բռնաբարությունների միայն 10%-ի  մասին է հաղորդվում, չնայած ֆինանսական հսկայական ներդրումներին  սեռական հանցագործությունների մասին հաղորդումները խրախուսող ծրագրերում:

Նախարարությունն, այնուամենայնիվ, պնդում է, որ 2005-ից սկսած, բռնաբարությունների հաղորդման իրենց գործադրած մեխանիզմները նոր «վստահության կլիմա» են ստեղծել, ինչը հնարավորություն է տալիս կանանց հաղորդել բռնությունների մասին առանց իրեն չհավատալու, մեղադրելու կամ պատժելու վախի:

2009 թ. սեռական ոտնձգությունների թիվը 11%-ով աճել է (2 բռնություն ամեն 1000 զինծառայողի թվում): Բայց սա, փաստորեն, «առաջընթաց» է, եթե համեմատենք սեռական բռնությունների 2003 թ. 28-30% աճի հետ, երբ 1000 կին զինծառայողներից 300-ը սեռական բռնության են ենթարկվել:

Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ սեռական բռնությունների 90%-ը հայտնի չի դառնում, ինչպես նշում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, և այն, որ միայն 2009 թ. գրանցվել է սեռական ոտնձգությունների շուրջ 3000 դեպք, ստացվում է, որ բռնության ենթարկված զինծառայող կանանց վերջնական թիվը 30.000 է:

Եզրակացություն. ավելի հավանական է, որ զինծառայող ամերիկացի կանայք բռնաբարվեն իրենց ծառայակիցների կողմից, քան սպանվեն թշնամու գնդակից:

Դիտվել է 2870 անգամ:
Print Friendly

Leave a Reply