Աղանդները Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 15, 2010 8:12

Կարելի է ասել, որ Հայաստանը աղանդավորական շարժումների կենտրոն է եղել: Պատմական Հայաստանի տարածքում և հայ իրականության մեջ ձևավորվել և մինչև Եվրոպայի խորքերն են տարածվել միջնադարյան հզոր աղանդավորական շարժումներ` պավլիկյան, ապա թոնդրակեցիների… Մինչ այդ Հայաստանում ծաղկում էր մանիքեությունը, այլ աղանդներ, անգամ իսլամական աշխարհը ցնցած Բաբեկի շարժումը գործում էր հիմնականում Հայաստանում կամ նրա սահմաններին մոտ:

Բայց եթե միջնադարյան այդ շարժումները բացառապես սոցիալական բնույթ ունեին և տեղի սոցիալ-քաղաքական իրավիճակի ծնունդ էին, այսօր վիճակը բոլորովին այլ է. օտարամուտ, օտարածին աղանդները պառակտում են մեր հասարակությունը:

Աղանդավորական շարժումները միշտ եղել են հասարակական գիտակցության ուշադրության կենտրոնում:  Դրանք հազարամյակների պատմություն ունեն և այսօր էլ չեն կորցրել արդիականությունը: Մեզ համար հարցն առավել քան արդիական է, քանզի աղանդավորությունը ոչ միայն մեր հասարակական կյանքի արդեն անբաժանելի մասնիկն է, այլև երևույթն օրեցօր սպառնալից բնույթ է ստանում:

Աղանդավորական շարժումները, ներառելով մեր իրականության բոլոր ոլորտները, այնքան են ընդլայնվել, որ սովորական երևույթ են դարձել` խախտելով ժողովրդի մեջ արմատացած բարոյահոգեբանական չափանիշների ողջ համակարգը: Սրան նպաստում է նաև պետության և եկեղեցու ցուցաբերած անտարբերությունն ու  թերևս թաքուն  և բացահայտ աջակցությունը:

Այս  իրողությունը ստիպում է մեզ դառնալ դեպի պատմություն` որոնելու աղանդավորություն երևույթի ծագման պատճառները, զարգացման օրինաչափություններն ու սոցիալական արմատները: Բայց երևույթն անչափ բարդ է և խոր արմատներ ունի, հետևաբար իրավիճակը միանշանակ գնահատելը դժվար է:

Միջնադարյան աղանդների և այսօրվա հերձվածների միջև նմանություններ կան, միաժամանակ  գոյություն ունեն բազմաթիվ տարբերություններ:

Ներկայիս Հայաստանում գործող բազմաթիվ աղանդների  շարքում են Եհովայի վկաները, հոգեգալստականները, մորմոնները, մունիստները… Մինչ Հայաստան հասնելը այս աղանդները որոշակի ճանապարհ են անցել: Ծանոթանալով դրանց ծագումնաբանությանը` կարելի է հստակ պատկերացնել, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում դրանք:

Ժամանակակից աղանդավորական շարժումները սկիզբ են առել 1830-ական թթ. ամերիկյան մայրցամաքում` Ժոզեֆ Սմիթի` մորմոնների երևան գալով: Նրան հաջորդած բոլոր աղանդավորական առաջնորդները թե՛ գործունեության ոճով, թե՛ հայացքներով նմանվեցին Սմիթին:

Նախ` աղանդները, որպես կանոն, իրենց գաղափարախոսության մեջ մերժում են տեղի եկեղեցական կազմակերպությունները` քարոզելով, որ  դրանք շեղվել  են ճշմարտությունից, և  դրանց դավանանքը ճշմարիտ չէ: Ապա հայտարարում են, որ իրենք են միակ ճշմարիտ ուսմունքի հետևորդները և միակ ճշմարիտ եկեղեցու հիմնադիրները: Մասնավորապես, այդպես արեցին և՛ Ժոզեֆ Սմիթը, և՛ Եհովայի վկաների աղանդի հիմնադիր Ռասելը, և՛ ադվենտիստների աղանդի հիմնադիր Միլլերը:

Որպես կանոն` աղանդապետերն իրենց անձի շուրջ ստեղծում են խորհրդավոր- գերբնական պաշտամունք. իբր կարող են վերծանել և մեկնաբանել իրենց իսկ մասնավոր տեսիլքները, աստծո խոսքը: Նրանց հանկարծակի «այցելում են» Հովհաննես Մկրտիչը, Քրիստոսի առաքյալները, նրանց ձեռքով իրենք մկրտություն են ստանում և այլն…

Ժամանակակից աղանդների գործունեության մեջ կան որոշ օրինաչափություններ. նրանց բոլոր «մարգարեությունները» վերաբերում են Քրիստոսի երկրորդ գալստյանը: Այս առումով հատկապես շատ առաջ գնացին Եհովայի վկաները: Այդ աղանդի հիմնադիրը` Ռասելը, չհաշտվելով երկրորդ գալստի հետ կապված իր «մարգարեության» և հաշվարկների չիրականանալու հետ, սկսեց հաշվեհարդար տեսնել առհասարակ քրիստոնեության հետ: Իր յոթհատորյա երկերում նա Աստվածաշնչից հանեց ամեն մի գաղափար, որ անընդունելի էր իր համար, և հիմնեց «Սուրբ գրքի ուսումնասիրությունների» իր ընկերությունը: Նա իր աղանդի գաղափարախոսության հիմքում դրեց հետևյալ դրույթները.

– Հիսուսն աստված չէ, այլ մարդ, բայց ամենամեծ մարդը, որ երբևէ եղել է աշխարհում:

– Սուրբ գրքերում հանդիպող աստված բառն ամենուր փոխարինվում է «Եհովա» եբրայական տետրագրամմով:

– Սուրբ հոգու և Որդու զորությունները վերագրվում են Եհովային:

– Յուրահատուկ է մեկնաբանվում Արմագեդոնը` պատերազմ Քրիստոսի եկեղեցու և բոլոր ոչ վկաների դեմ:

– Մարդը նյութ է, հավիտենական ոչինչ չկա մարդու մեջ:

Ինչպես տեսնում ենք, այս աղանդը  չափազանց հեռու է քրիստոնեությունից:

Եհովայի վկաներն ունեն նաև յուրօրինակ ներքին կանոնակարգ և գործելակերպ, որ մշակել է աղանդապետ Ֆրեդերիկ Ֆրանցը: Սակայն այս ամենի հետ Եհովայի վկաների «ուսուցչապետերն» իրենց գաղափարախոսության մատուցման ձևերի հարցում շատ նրբանկատ են, և շարքային վկաներից շատերն անգամ պատկերացում չունեն իրենց աղանդի բուն էության ու գաղափարախոսության,  առավել ևս նպատակների մասին: Իրենց գործունեության բուն նպատակը քողարկելով և իրենց գաղափարները ներկայացնելով որպես աստծո խոսք` նրանք իրենց ցանցն են գցում միամիտներին:

Ինչպես նշվեց վերը, այսօրվա և միջնադարյան աղանդները որոշ նմանություններ և տարբերություններ ունեն:

Առկա նմանությունները.

– Թե՛ միջնադարում, թե՛ այսօր աղանդավորության շարքերը համալրող հիմնական  զանգվածը սոցիալական ծանր դրության մեջ գտնվող, շատ դեպքերում անգրագետ կամ թերի կրթություն ստացած մարդիկ են:

– Թե՛ միջնադարում, թե՛ այսօր աղանդներն իրենց ուրույն ներքին կառուցվածքն ու ներքին կյանքը կանոնավորող նորմերն ունեն: Փաստորեն, ներքին  կառուցվածքները նման են:

– Բոլոր ժամանակներում աղանդները հակապետական դիրք են բռնել և օգտագործվելով օտար ուժերի կողմից` տեղում ապակայունացնող օջախներ են եղել: Միջնադարում այդպիսին էին թե՛ պավլիկյանները, թե՛ թոնդրակեցիները:

Առկա տարբերությունները.

– Միջնադարում աղանդավորական շարժումները որոշ սոցիալական հենարան և դրդապատճառներ ունեին: Սրանք, որպես կանոն, սոցիալական շարժումներ էին, որ ուղեկցվում էին զինված պայքարով: Այս երևույթն առկա էր նաև մահմեդական իրականության մեջ (Ալի-ալլահիներ, Բաբեկ…): Այսօր էլ աղանդավորների հիմնական  զանգվածն են կազմում  մեծ մասամբ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդիկ, սակայն մերօրյա աղանդավորական շարժումների հենարանը թշվառությունն ու կյանքի ծանր պայմանները չեն: Աղանդները Հայաստանում կայուն սոցիալական հենարան չունեն և ֆինանսական ու բարոյական աջակցություն են ստանում արտասահմանից:

– Միջնադարյան աղանդները տեղի ծնունդ էին, ներմուծված չէին և ժամանակի սոցիալ- տնտեսական, քաղաքական իրավիճակի արդյունք էին: Այսօր Հայաստանում գործող բոլոր աղանդները ներմուծված են արտասահմանից: Մինչդեռ թե՛ Պավլիկյան, թե՛ Թոնդրակյան շարժումները ծնվեցին և զարգացան Հայաստանում: Նույնիսկ 8-րդ դարից, երբ Բյուզանդական կայսրությունը պարբերաբար և հետևողականորեն տեղահանում էր աղանդավորներին և վերաբնակեցնում Բալկաններում ու Ապենինյան թերակղզում, նրանք իրենց ազգային կերպարանքը չկորցրին և  օտարի աչքում պահպանեցին իրենց ազգային կեցվածքը: Մինչդեռ մերօրյա հերձվածողները ժխտում են ազգը և ազգային արժեքները:

– Եթե միջնադարում աղանդներն իրենց գաղափարական հիմքում դնում էին նոր գաղափարներ ու մտքեր, այսօրվա աղանդների գաղափարական հիմքը կազմում են եկեղեցական դրույթների ժխտումն ու հերքումը:

Այսքանով ամբողջը չի ասված, և շարքը կարելի է շարունակել: Բոլոր դեպքերում՝ աղանդավորության  նկատմամբ անտարբերությունն ինքնին խրախուսանք է, և մեր այսօրվա իրավիճակը մեր հասարակության բարոյահոգեբանական և սոցիալական խոր ճգնաժամի վառ արտացոլանքն է:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 6055 անգամ:
Print Friendly

Leave a Reply