Առանց լուրջ նպատակների

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 13, 2010 2:48

Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում, թե երբ է մեկնարկելու բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության ակումբային մրցաշարը: Բանն այն է, որ մեր երկիրը ներկայացնող Երևանի «Հատիսը» անցած տարի հաջող նորամուտ է ունեցել: Խոսակցությունները շատ էին, որ նոր մրցաշրջանում մեր թիմն ավելի ուժեղ կազմ է ունենալու: Իրականությունն այն է, որ Հայաստանում բասկետբոլիստուհիների առաջնությունն իմիջիայլոց է անցկացվում, եղած թիմերի խաղամակարդակն էլ, մեղմ ասած, բարձր չէ: Այնպես որ, եվրոպական ստուգատեսին մասնակցող  «Հատիսին» մարզասերները մեր ներքին առաջնությունում ուղղակի չեն տեսնում:

Այն, ինչ կատարվել է, նման է սառը ցնցուղի: Եվրագավաթի խաղարկության մրցաշարում  մեր թիմը երկու հանդիպում է անցկացրել և երկուսում էլ պարտվել է: Երկու սայթաքումն էլ ցավալի են: Առաջինի դեպքում մերոնք  միավորների զգալի տարբերությամբ Նովոսիբիրսկում զիջել են  տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին, իսկ տանն անփառունակ պարտություն կրեցին Իսրայելի «Էլիտզուրից» 82:59 (19:21,11:19, 20:15,19:27) հաշվով:

Փաստորեն,  այսպիսի մեկնարկից հետո  անցանկալի իրավիճակ է ստեղծվել: Եթե հաշվի առնենք այն հանգմանաքը, որ F խմբից, որում ընդգրված են այս երեք թիմերը, միայն առաջին երկու տեղերը գրավողներն են շարունակելու պայքարը, ապա պարզ կդառնա, թե ինչ կարող է կատարվել: Իսկ դա նշանակում է, որ ֆինանսական այն զգալի միջոցները, որոնք ծախսվել են  եվրոպական ստուգատեսի մասնակից ակումբ ունենալու համար, նպատակին չեն ծառայել, ջուրն են ընկել:

Ի դեպ, այս մրցաշրջանում նույն ոգևորությունը չկա, ինչ նախորդում էր, և դա  միանգամից նկատվում է: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Ի դեպ, կազմակերպիչները «Էլիտզուրի» հետ խաղից առաջ հայտնել էին, որ տոմսեր են վաճառվելու: Նախորդ մրցաշրջանում էլ տոմսեր էին պատրաստվել, սակայն դրանք բաժանվում էին  մարզական կազմակերպություններին: Իսկ այս անգամ տոմսը 3-5 հազար դրամ արժեր: Դժվար է ասել, թե ինչքան տոմս է վաճառվել, սակայն երբ խաղը սկսվեց,  մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում զգալի թվով դատարկ նստատեղեր կային: Իսկ դրսում մարդկանց հոծ բազմություն էր: Միջոցներ չունեցող մարզասերները  սպասում էին, որ պատեհ առիթ ներկայանալու դեպքում առանց տոմսի ներս կմտնեն: Ի դեպ, դժգոհ էին նաև հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված  զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Բանն այն է, որ տարբեր մարզաձևերի միջազգային ստուգատեսների ժամանակ գրչի մշակներին, որպես կանոն, նստատեղեր են տրամադրում լավագույն հատվածներում: Անցած տարի եվրագավաթի մրցաշարի հանդիպումներին «Միկա» մարզասրահ այցելած լրագրողներն այս առումով դժգոհելու առիթ չունեին: Իսկ այս անգամ նրանց տեղեր էին տրամադրել  մի հատվածում, որը խաղահրապարակն ավարտվելուց հետո է սկսվում: «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանն  անկեղծորեն խոստովանեց, որ  իր երկարամյա  աշխատանքային գործունեության ընթացքում շատ մարզական միջոցառումների է ներկա գտնվել, սակայն չի  եղել մի դեպք, որ լրագրողներին այսպես անկյուն գցած լինեն: Հնարավոր է, որ սրա մեջ դիտավորություն չկար:

Անփութության հետևանք էր այն, որ մարզասրահի տանիքին տեղադրված մեծ թվով լուսարձակներ չէին աշխատում: Խոսքն այն լուսարձակների մասին չէ, որոնք նախատեսված են տրիբունաները լուսավորելու համար, և դրանց վառելու կարիքն այնքան էլ չկար: Իսկ ահա խաղահրապարակը լուսավորող փչացած լուսարձակները թերևս մոռացել էին փոխել: Մարզասրահի ղեկավարներից մեկը հանդիպումից հետո դա նկատեց  և ենթակա աշխատողին հանդիմանեց, որ ժամանակին չի ուղղվել այդ բացը: Իսկ մեզ արդարացման կարգով հայտնեց, որ լամպերը շատ թանկ արժեն և արտասահմանից են բերվում:

Դալիճում երեք դրոշ էր կախված` բասկետբոլի Եվրոպայի ընկերակցության, Հայաստանի և Իսրայելի: Բայց դրանք էլ ճմռթված էին, ասես ջրաղացի քարի տակից էին հանել: Իսկ ամենից շատ մարզասերներին վրդովում էին աջակցող խմբի աղջիկները: Ասես նրանց  ամենևին էլ չէր հետաքրքրում, որ  մեր թիմը ողջ խաղի ընթացքում ձախողվում է: Անգամ խաղավարտից մի փոքր առաջ, երբ արդեն ակնհայտ էր, որ դրությունը շտկելն անհնարին է, պարողների խմբի անդամները, բերանները լայն բացած, վայրենի շարժումներ էին անում: Ընդ որում,  կարելի էր նաև նկատել, որ անցած տարվանից հետո պարողները ոչ մի նոր բան չէին սովորել: Այնպես որ ամեն անգամ այդ աջակցող խմբի խաղահրապարակ դուրս գալուց հետո հանդիսականներն ավելի շուտ զայրանում էին, քան ոգևորվում:

Ինչ վերաբերում է «Հատիսին», ապա այն իր խաղով վատ տպավորություն թողեց: Թիմը  թիմի նման չէր, անհամաձայնեցված գործողությունները շատ էին: Իսկ ամենամեծ թերությունն այն էր, որ չէին հաջողվում երեք միավորանոց նետումները: «Հատիսի» բասկետբոլիստուհիները մրցակցի զամբյուղը գրավելու շուրջ երեք տասնյակ  այդպիսի փորձ արեցին և հազիվ 3 թե 4 անգամ նրանց հաջողվեց նպատակին հասնել: Խաղից հետո «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազարյանը նույնպես ցավով նշեց, որ թիմի անհաջողության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ  երեքմիավորանոց նետումները չեն «գնացել»: Իսկ ամեն բան սկսվել է նրանից, որ  թիմի կենտրոնական խաղացող Էրիկա Դևիսն առաջին վրիպումն է թույլ տվել: Կատարվածը շղթայական ռեակցիայի նման ազդել է  բոլոր խաղացողների վրա, և սկսել են  սխալներ թույլ տալ նաև մեր թիմի մյուս բասկետբոլիստուհիները:

Այս խաղում  տխուր տպավորություն թողեց մեր թիմի մյուս կենտրոնականը` Իվա Սերդարը: Եվ քանի որ նա ավելի վատ խաղաց, քան նախորդ մրցաշրջանում, ապա հետաքրքիր է, թե ինչու է այդ մարզուհին ընդգրկվել թիմում: Մարզիչը հայտնեց, որ երկար են մտածել այդ մասին, սակայն այլ խաղացող ընտրելու հնարավորություն չեն ունեցել: Սկզբում ցանկացել են հրավիրել մի ամերիկուհու: Նա նույնիսկ մեր թիմի հետ է եղել վերջերս Կուրսկում կայացած միջազգային մրցաշարի օրերին, սակայն բասկետբոլի Եվրոպայի ընկերակցությունը նոր կարգ է  կիրառել, որը սահմանափակում է յուրաքանչյուր  թիմի կազմում խաղալու իրավունք ստացած ամերիկացի բասկետբոլիստուհիների թիվը: Այդ է եղել պատճառը, որ հրաժարվել են ամերիկացի նոր խաղացողին «Հատիսի» կազմում ընդգրկելու մտադրությունից:

Ինչևէ, «Հատիսի» հիմնական նպատակն է՝ դուրս գալ խմբից և պայքարը շարունակելու իրավունք ստանալ: Ղազանչյանն այդ առումով հույժ կարևորեց նոյեմբերի 18-ին կայանալիք «Հատիս»-«Դինամո-ԳՈՒՎԴ» հանդիպումը: Մեր թիմի գլխավոր մարզչի կարծիքով` այս մրցակիցն ավելի թույլ է, քան իսրայելական ակումբը, և հաղթանակը կարող է օգնել, որ «Հատիսը» խաղա հաջորդ փուլում: «Սպասում  էինք, որ մեր թիմն աստիճանաբար ավելացնի, բարձրացնի խաղամակարդակը և ավելի լավ հանդես գա, սակայն փոփոխությունները հօգուտ մեզ չեն կատարվել: Ինձ փոքր-ինչ սփոփում է միայն այն, որ մեր թիմը «Էլիտզուրի» հետ  խաղն ավելի լավ անցկացրեց, քան  նախորդ հանդիպումը: Ի դեպ, «Էլիտզուրի» կազմում չորս խաղացող կա, որոնք հանդես են եկել բասկետբոլի Ամերիկայի  ազգային ընկերակցության առաջնությունում: Ընդ որում, Տանաշա Վրիգթը և Լե Քոյե Վիլինգհեմը ազգային ընկերակցության մեկ ամիս առաջ ավարտված առաջնությունում չեմպիոն են դարձել «Սիեթլ» թիմի կազմում: Փաստերը խոսուն են և վկայում են այն մասին, որ ուժեղ հակառակորդի ենք զիջել»,- ասաց Ղազանչյանը:

Ուշագրավն այն է, որ իսրայելական ակումբը ներկայումս այդ երկրի առաջնությունում զբաղեցնում է միայն 4-րդ տեղը: Թիմի գլխավոր մարզիչ Ադան Ինբարը պարզաբանեց, որ իրոք ներկայումս «Էլիտզուրն» Իսրայելի ամենուժեղ թիմն է, և ազգային հավաքականում են հանդես գալիս  նրա խաղացողներից Լեյնե Սելվուն, Օրնիտ Շվարցը, Շիրան Զաիրուն: Իսկ Ռիվի Գրինբոյմը նախկինում  խաղացել  է ազգային հավաքականում: Իսրայելից մեկ այլ թիմ եվրոպական գավաթային մրցաշարում չի խաղում: Ազգային առաջնությունը նոր է սկսվել, և թիմը երկու հաղթանակ է տարել ու մեկ պարտություն կրել, այդ է պատճառը, որ այդպիսի դիրքում է: Նա նշեց նաև, որ սերբ բասկետբոլիստուհիներ Նատաշա Իվանկևիչը և Հայդանա Ռադունովիչն առաջին անգամ են հանդես գալիս «Էլիտզուրի» կազմում, քանի որ Իսրայելում լեգեոնականների թվի սահմանափակում կա, իսկ իրենք լիմիտն արդեն սպառել են: Դրանով բացատրվեց, որ որոշ անհամաձայնություն կար նրանց և իր թիմի մյուս խաղացողների միջև: Ինբարը հայտնեց, որ լրջորեն են նախապատրաստվել երևանյան հանդիպմանը, և չնայած հաղթել են «Հատիսին», ամենայն պատասխանատվությամբ կմոտենան նաև Իսրայելում երևանյան ակումբի հետ  նոյեմբերի 25-ին նախատեսված խաղին:

Ինչ վերաբերում է մեր թիմի հաջորդ փուլ անցնելու հնարավորություններին, ապա դրանք մշուշոտ են: Սակայն մի բան ակնհայտ է, որ եթե անգամ այդպիսի հրաշք կատարվի, ապա «Հատիսը» դարձյալ  հավակնություններ ունենալ չի կարող հաջորդ փուլի ուժեղ մրցակիցների հետ պայքարում: Իսկ առանց լուրջ նպատակների` անիմաստ է այսպիսի խոշորամասշտաբ ստուգատեսում խաղալը:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply