Դավիթ Ֆահրադյանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 21, 2009 17:34

Դավիթ ՖահրադյանԱյսօր Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության  դպրոցի դալիճում Դավիթ Ֆահրադյանը պտտաձողի վրա 354 պտույտ կատարեց, որը ռեկորդների Գինեսի գրքում գրանցվելու արժանի նվաճում է:

25-ամյա Ֆահրադյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս է: Նա նախկինում մարմնամարզիկ է եղել, մրցանակակիր է դարձել Հայաստանի առաջնություններում:

5 տարի առաջ Դավիթը փորձել էր յուրօրինակ ռեկորդ սահմանել: Նա պտտաձողի վրա 307 պտույտ էր կատարել: Ֆահրադյանի անունը գրանցվել էր ռեկորդների Գինեսի գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում»:
Մեր երկրում կա հատուկ հանձնաժողով, որը գրանցում է շարժողական և ֆիզիկակական արտասովոր ունակություններ ունեցող մարդկանց նվաճումները: Այդ հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը «Անկախ»-ին հայտնեց, որ արդեն արձանագրվել է 93 ռեկորդ: Ընդ որում, ռեկորդներից 7-ը գրանցվել են նաև ռեկորդների Գինեսի գրքում:

Թովմասյանը նշեց նաև, որ Գինեսի գրքի ներկայացուցիչները հայտնել են` եթե Ֆահրադյանը պտտաձողի վրա 350 պտույտ կատարի, ապա նրա նվաճումը ևս գինեսյան ռեկորդ կդառնա: Իսկ Դավիթը 354 պտույտ է կատարել:
Երբ նա ավարտեց վարժությունը, ձեռքի ափերի մաշկը վնասված էր, արյուն էր հոսում: Սակայն նա անտրտունջ էր, քանի որ իր առջև դրած առաջադրանքը կատարել էր:
Հատուկ հանձնաժողովի անդամները  համապատասխան փաստաթղթեր լրացրին և հաստատեցին այն, ինչին ականատես էին եղել:  Ֆահրադյանի կատարած վարժությունն ամբողջովին տեսագրվում էր, և առանց մոնտաժելու պետք է ուղարկվի Անգլիա` ռեկորդների Գինեսի գրքի լոնդոնյան գրասենյակ:

Թովմասյանը պարզաբանեց, որ համապատասխան նյութերն ուղարկելուց հետո պետք է սպասել 2-4 ամիս, մինչև պատասխան կստանան`արդյոք այս նվաճումը գրանցվելու է ռեկորդների Գինեսի գրքում, թե՞ ոչ:

Միջոցառմանը ներկա լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, շնորհավորելով իրենց ուսումնականն հաստատության աշխատակից Ֆահրադյանին, հայտնեց, որ որպես պարգև` նա լրացուցիչ կվարձատրվի երկու ամսվա աշխատավարձով:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply