Լարվածությունը պահպանվեց մինչև վերջ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 11, 2010 12:23
Մինչև տասնվեց տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության հաղթողը հայտնի էր դարձել վերջին խաղից առաջ, երբ Վանաձորի հավաքականը 29:13 հսշվով առավելության էր հասել Աջափնյակի ներկայցուցիչների նկատմամբ և անհասանելի էր դարձել մրցակիցների համար: Եվ ահա,ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ միանգամից երեք թիմեր հավակնում էին երկրորդ տեղին: Արցախ-Ալավերդի խաղն ավարտվեց 24:21 հաշվով: Սկզբունքային ստացվեց Հանդբոլի մասնագիտացված դպրոցի և Շենգավիթի հավաքականների հանդիպումը: Խաղն անցավ հավասար պայքարում: Ամբողջ հանդիպման ժամանակ մեկ գնդակի առավելությունը փորձում էին պահպանել, առջևում էին ՀՄԴ-ի ներկայացուցիչները: Սակայն վերջին րոպեին շենգավիթցիները, օգտվելով մրցակցի թիմի խաղացողների կոպիտ սխալից, հաշվի մեջ առաջանցան: Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն վերջին վայրկյաններին հաշիվը հավասարվեց`21:21: Բայց դա փոքր սփոփանք էր ՀՄԴ-ի հանդբոլիստների համար, քանի որ նրանք այդպես էլ զուրկ մնացին խաղարկված պարգևներից: Այսպիսով, 10 միավորով առաջին տեղը գրաված Վանաձորի հավաքականին (մարզիչ` Արարատ Բարսեղյան) հաջորդեցին Շենգավիթի (7) , Աջափնյակի (6), ՀՄԴ-ի (5), Արցախի (2), Ալավերդիի (0) թիմերը: Առաջնության փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարութուն Մելքոնյանը հայտնեց, որ ստուգատեսը ստացվել է այն առումով, որ մինչև վերջ պահպանվել է լարվածությունը: Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմերը լրջորեն են նախապատրաստվել, լավ խաղամակարդակ դրսևորել: Աչքի ընկած թիմերի խաղացողներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր: Պարգևատրությունը կատարեցին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Հակոբյանը, հայկական սպորտի երախտավոր, հանբոլի ճանաչված մասնագետ Սպարտակ Ծառուկյանը: Ծննդյան քառասուն ամյակի առթիվ վանաձորցի մրցավար Արմեն Ուլիխանյանին հուշանվեր հանձնեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սարգիս Բալյանը:






Facebook
Tweet This
Email This Post
