Կադրային փոփոխություններ կառավարությունում
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | November 11, 2010 13:30
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանը և Աբրահամ Մանուկյանը, սեփական դիմումների համաձայն, ազատվեցին զբաղեցրած պաշտոնից: Ոլորտի չորս փոխնախարարներից միանգամից երկուսի հրաժարականները, թերևս, զարմանալի կլինեին, եթե դրանց նախորդած չլիներ նոյեմբերի 4-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, որում նա մի շարք հանձնարարականներ էր տվել որոշ նախարարությունների, այդ թվում` առողջապահության ղեկավարներին:
«Վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել այն բողոքները և միտումները, որոնք դրսևորվում են կրթության և առողջապահության ոլորտներում: Կոռուպցիան այս երկու ոլորտներում խորացել է: Դրա մասին են վկայում և՛ վերլուծական նյութերը, որոնք դարձել են հանրության համար արդեն հասանելի, և՛ մեր վերլուծությունները, և՛ մեր վերահսկողական ծառայությունների աշխատանքները»,- հայտնել է վարչապետը:
Առողջապահության նախարարին հանձնարարվել էր 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ «ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից և ավարտված նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ»: Վարչապետը հավելել էր նաև. «Սրանք առաջին քայլերն են այդ ուղղությամբ` կադրային փոփոխություններ. եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք»:
Ըստ երևանյան որոշ պարբերականների` հրաժարականի դիմում ներկայացրած առողջապահության փոխնախարարներից մեկը` Թաթուլ Հակոբյանը, հայտնել է, որ ինքը պարբերաբար դիմում գրելու ցանկություն է ունեցել, որովհետև նախարարի հետ հարաբերությունները լարված են եղել: «Վերջին տարիներին նախարարությունում ստեղծված հարաբերություններն ու աշխատանքային մթնոլորտն ինձ համար անընդունելի և անտանելի էին դարձել»,- ասել է նա «Հայկական ժամանակին»` հրաժարվելով մանրամասնելուց, թե հատկապես ինչ մթնոլորտի մասին է խոսքը, սակայն նշել է, որ վերջին տարիներ ասելով` նկատի ունի Հարություն Քուշկյանի նախարար նշանակվելուց (2007թ.) հետո ընկած ժամանակահատվածը: Լուրեր են շրջանառվում նաև, որ հրաժարական ներկայացրած երկու փոխնախարարները, որոնք սակավաթիվ անկուսակցականներից են, պարզապես դարձել են «քավության նոխազ»:
Կառավարության նույն նիստում ԿԳ նախարարին հանձնարարվել էր 10 օրվա ընթացքում ներկայացնել «պարզ և հասկանալի գործողությունների ծրագիր, որպեսզի մենք այլևս չհանդուրժենք կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում, ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ»: Նշվել էր նաև, որ «պետք է թարմացվեն խորհուրդների կազմերը բուհերում», և այն անձանց, որոնք կառավարությունն են ներկայացնում, հստակ հանձնարարականներ տրվեն` բացահայտելու թերությունները և պայքարելու դրանց դեմ:
Վարչապետն անդրադարձել էր նաև նիստի նախօրեին հանրապետության նախագահի` միջսահմանային պետական գործառույթներին վերաբերող հանձնարարություններին, նշելով. «Մենք միասին պարտավոր ենք շատ արագ հանրապետության նախագահի հանձնարարականներն ի կատար ածել: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն մաքսային և հարկային գործառույթներին, այլև բոլոր այն պետական գործառույթներին, որ մենք իրականացնում ենք սահմանում»:
Վարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել բուսասանիտարիայի խնդրի վրա: «Գաղտնիք չէ, որ դժգոհություններն այդտեղ բավական շատ են, և վերջերս մենք գյուղատնտեսության նախարարի հետ քննության ենք առել վարչապետի վերահսկողական ծառայության հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ»,-հայտնել է Տ. Սարգսյանը: Ըստ նրա` թունաքիմիկատների առևտրով զբաղվող օբյեկտներում ավելի վաղ ստուգումներ իրականացրած գյուղնախարարության «և՛ լիցենզավորման վարչությունը, և՛ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները», քանի որ, ի տարբերություն վերջինների, վարչապետի վերահսկողականը խախտումներ է հայտնաբերել բոլոր օբյեկտներում: Արդյունքում՝ լիցենզավորման վարչության պետն աշխատանքից հեռացվեց, իսկ բուսասանիտարիայի տեսչության պետի հետագա պաշտոնավարման հարցը դեռևս օրակարգում է: Այդ տեսչությունը ղեկավարում է «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Վռամ Գյուլզադյանը, որը քաղծառայող է, և նրան աշխատանքից հնարավոր է հեռացնել քաղծառայության խորհրդի որոշմամբ կամ սեփական դիմումի համաձայն: «Օրենքով սահմանված կարգով կներկայացնենք բուսասանիտարիայի տեսչության պետին աշխատանքից ազատելու բոլոր հիմնավորումները», – «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը:
Քննադատության արժանացած հաջորդ ոլորտը ֆինանսների նախարարությունն էր: «Երկու տարի է` մենք խոսում ենք այն մասին, որ վարկային ռեսուրսները պետք է լինեն հասանելի սահմանամերձ շրջաններում: Ավելին, մենք ծրագիր ենք հաստատել ձեզ հետ միասին, և միջոցներ ենք հատկացրել, որպեսզի սահմանամերձ շրջաններում տրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, այսինքն` մեր գյուղացիները հնարավորություն ունենան ստանալու անտոկոս վարկեր: Երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով»,-ասել էր վարչապետը` հավելելով, որ ասվածը վերաբերում է նախարարության կազմում գործող տվյալ ծրագրերի իրականացման գործակալությանը: Այս կապակցությամբ հանձնարարվել է նախարարին 10 օրվա ընթացքում կառավարությանը ներկայացնել համապատասխան որոշում` կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և կադրային լուծումներ տալու համար: Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը նոյեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ աշխատանքից ազատվել է ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արայիկ Մուրադյանը, նրա փոխարեն նոր տնօրեն է նշանակվել: Ըստ աշխատակազմի ղեկավարի` մշակվում է նաև կառավարության համապատասխան որոշում ԾԻԳ-ում կառուցվածքային փոփոխությունների մասով:
Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
