Լևոն Գալչյան արվեստանոց. մի կտոր արվեստ Հայաստանի ծայրամասում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 11, 2010 13:44

Միքայել Մկրտչյան. արվեստանոցի ղեկավար

Արտաքինից ոչնչով աչքի չընկնող այդ շենքը մուտք գործելով` հայտնվում ես ուրիշ աշխարհում: Եռահարկ տուֆ քարից շենքը ներսից  նույնպես ամբողջությամբ տուֆապատ է. բացակայում են ժամանակակից ինտերիերին բնորոշ սվաղած պատերն ու  կահույքի պարագաները:

Լևոն Գալչյան արվեստանոցը գտնվում է Երևանից մոտ 60 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում:  Սա դպրոց է, որ կրում է 6 տարի առաջ քաղցկեղից մահացած երիտասարդ  արվեստագետի անունն ու մարմնավորում նրա չիրականացած երազանքները:

Լևոն Գալչյանն ավարտել է Անգլիայի Բրայթոն քաղաքի Արվեստի համալսարանն ու իր որոնումներն իրականացրել  կիրառական արվեստում: Նա աշխատել է բրոնզով, քարով, կտորով ու ստեղծել բրոնզաձույլ ու բյուրեղապակյա ջահեր, կիրառական արվեստի այլ նմուշներ: Լևոնը Հայաստան կատարած այցելություններից հետո մտադրվել էր այստեղ նույնպես գեղարվեստական գործունեություն ծավալել:

Նրա մահից հետո ծնողները որոշում են ծրագիր իրականացնել Հայաստանում, բայց ոչ Երևանում: «Մենք ուզեցինք, որ դա լինի մի գյուղական միջավայրում, որտեղ երեխաների համար արվեստով զբաղվելու ավելի քիչ առիթ կա,- «Անկախին» ասաց Ռուբեն Գալչյանը,- որ դա լիներ մի տեղ, որտեղ երեխաները դպրոցից դուրս ժամերին, երբ ազատ ժամանակ կունենան, գան ու արվեստ ուսանեն»:

Ռուբեն Գալչյանը  պարսկահայ է, ապրում է Լոնդոնում: Նա քարտեզագետ է և  դպրոցի հիմնադրումից հետո ֆինանսավորում է այն. «Իհարկե, մեզ օգնում են մեր ընկերներն ու բարեկամները, մենք մենակ չենք»:

Դպրոցն անվճար է և ապահովում է նաև ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ թուղթ, ռետին, կավ, ներկեր, փայտ և այլ պիտույքներ: Գալչյանի ասելով՝ դպրոցը պահելու համար տարեկան կտրվածքով ծախսվում է 15 հազար ԱՄՆ դոլար:

Հիմնադրի խոսքով՝  ավեստանոցը միայն որդու հիշատակին չէ, և լավ առիթ է երեխաների համար արվեստի հետ մոտիկից շփում ունենալու համար. «Սա կարող է նրանց համար հոբբի լինել, և պարտադիր չէ, որ բոլորը արվեստագետ դառնան»:

Արվեստանոցի ներքին ինտերիերը  շատ ներդաշնակ է դպրոցի որդեգրած ուղղությանը.  հարկերը կահավորված են դպրոցի սաների կամ Լևոնի աշխատանքներով: Բոլոր դռները ոչ լաքապատ փայտից են: Նույնպիսի փայտից են նաև պահարանները, որոնց բռնակները քարից են ու պատրաստվել են դպրոցում:

Արվեստանոցի հիմնադրումից երեք տարի անց` օրերս, այստեղ առաջին անգամ բազմամարդ էր. ցուցահանդես էր կազմակերպված: Դպրոցի տարբեր հարկերում ցուցադրված էին երեխաների աշխատանքները. նկարներ, քանդակ, ասեղնագործություն ու կիրառական արվեստի նմուշներ:

Միքայել Մկրտչյանը, որ դպրոցի ղեկավարն է, մասնագիտությամբ ճարտարապետ է ու իր ասելով՝  առաջիններից մեկը, որ հասարակ քարի վրա փորագրություն անելով` այն վերածում է արվեստի ստեղծագործության: «Ես մանկուց սիրել եմ քարերի հետ խաղալ ու բզբզել: Մի օր մտածեցի, որ կարող եմ վրան նաև փորագրել,- ասում է Մկրտչյանը,- ու դա իմ կյանքում մի օր հեքիաթից  վերածվեց իրականության: Երեխաներն էլ շատ արագ սովորեցին»:

Դպրոցում կա նաև գորգագործության դասարան, որն այժմ փակ է մասնագետ չլինելու պատճառով:

Նախնական որոշմամբ՝ դպրոցը պետք է լիներ եռամյա, սակայն հետո որոշվել է, որ այն լինի շարունակական: «Մենք, քանի որ քարացած ծրագիր չունենք, ու դպրոցն անընդհատ էքսպերիմենտների մեջ է, որոշեցինք, որ երեք տարին լրանալուց հետո ով ուզում է,  կարող է գալ ու շարունակել, եթե նույնիսկ ավարտել է հանրակրթական դպրոցը»,- ասում է տնօրենը:

Դպրոցում հիմնականում սովորում է 15 աշակերտ, սակայն Մկրտչյանն ասում է, որ ամբողջ տարվա կտրվածքով անցնում է մոտ 45 երեխա: «Սկզբից էդ թիվն էինք  որոշել,  բայց ռոտացիոն սկզբունքով երեխաները գալիս-գնում են,- ասում է նա,- ու տակը մնում է էդքանը:  Էրեխեք կան, որ կպչում են, պոկել չի լինում»:

Քաջիկ Վարդանյանը 17 տարեկան է և արդեն 3 տարի է՝ հաճախում է դպրոց: Նա դպրոցի երկու սաներից մեկն է, որ ապագան կապում է արվեստի հետ ու շարունակելու է ուսումը: Նա ասում է, որ երեխա ժամանակվանից սիրել է նկարել, իսկ արվեստանոցում նաև կավով քանդակում է ու փորագրություններ անում քարի վրա: Ցուցահանդեսում նա աքլորի նկար էր ներկայացրել, թեպետ ասում է, որ հավասարապես սիրում է քանդակը: «Ես սկզբից ընտրում եմ պատկերը, հետո որոշում եմ, թե որ ձևի մեջ այն հարմար կլինի ստեղծել,- ասում է  Քաջիկը,- աքլորն ավելի հարմար է ներկայացնել նկարով, քան քանդակով»:

Մկրտչյանի խոսքով՝ ասեղնագործության դասարանի հետ կապված խնդիր կա:  «Գյուղերում ծնողներն աղջիկ երեխաներով չեն զբաղվում,  ու մեկ-երկու ամիս գալուց հետո հնարավոր է, որ ծնողը որոշի, թե երեխան էլ չի գալու դպրոց»,- ասում է նա:

Հաշվետու ցուցահանդեսը կարևորվում էր նաև մեկ այլ իրադարձությամբ: Դպրոցի բակին կից բացվում էր դարբնոց, որտեղ  նույնպես ցանկացողները կարող են սովորել: Դարբնոցի ֆինանսավորումն իրականացրել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

«Այսօրվանից դարբնոցը կգործի, երեխաներ կգան, կնայեն ու կգնան, բայց մի օր էլ նրանցից մեկը կհամարձակվի մուրճ վերցնել ու մոտենալ քուրային,- ասաց Միքայելը,- հետո նրանցից մեկը կգնա էդ ուղղությամբ ու կդառնա դարբին, իսկ մյուսն էլ ծանոթ կլինի արհեստի այդ տեսակին ևս»:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Ռշտուն Մարտիրոսյանը, որ նույնպես ներկա էր հաշվետու ցուցահանդեսին, «Անկախին» ասաց, որ համագործակցելու է արվեստանոցի հետ՝ այն բիզնես հիմքի վրա դնելու համար:  «Մենք ուզում ենք մի ծրագիր իրականացնել, որ էստեղ ստեղծված արդյունքը, լինի կավագործի աշխատանք, թե դարբնի գործ, մտնի շուկա և եկամուտ բերի դպրոցին,- ասաց նա,- ցանկացած բարեգործ կամ բարերար կարող է ինչ-որ պահի այլևս  հնարավորություն չունենալ կամ ինչ-ինչ պատճառներով դադարեցնել ֆինանսավորումը, իսկ  ամենալավ բարեգործությունն այն է, որ մարդուն կարթ տաս ձուկը որսալու համար»:

Արվեստանոցի հիմնադիրների երազանքն է շրջակայքը վերածել վարպետների թաղամասի, որտեղ կդաստիարակվի վարպետների սերունդ, ու կշարունակվեն հին հայկական ավանդույթները:

Դիտվել է 2320 անգամ:
Print Friendly

Leave a Reply