Սրբուհի Գալֆայան /1822-1889/

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 11, 2010 11:09

1860-70-ական թթ. պոլսեցիները հաճախ էին տեսնում սև թիկնոցով, հնամաշ պայուսակով, գլուխը քողով ծածկած մի կնոջ, որը «ամառվա հրակեզ արևի տակ քրտնաթոր, ձմռան սաստկաշունչ քամու առջև ցրտասարսուռ, կորամեջք ու շնչասպառ», դռնեդուռ ընկած ողորմություն էր խնդրում իր որբուկների համար:

Սրբուհի Գալֆայանն էր, Գալֆայան որբանոցի հիմնադիրը: Նրա կյանքն ու գործը մի տեսակ միստիկ քողով էր ծածկված: Մի մարդու ուժերից վեր համարելով նրա մեծագործությունը, դրա մտահղացումն իսկ, չկարողանալով պատասխան գտնել նրա կենսագրության որոշ հանգամանքներից ծագած հարցերին` ինչու, ինչպես, մարդիկ  նրա հաջողության ու տոկունության մեջ նախախնամության ձեռքն էին փնտրում:  Իրոք որ դժվար է այլ բացատրություն գտնելը,  երբ հառնում են այն բարոյական զրկանքները, որ կրել է այդ հավատավոր կինը 24 տարի շարունակ հանգանակություն կատարելով իր հաստատությունը կանգուն պահելու համար:

Անշուշտ, բազում են եղել այն մարդիկ, որոնք ընկրկել ու փափկել են նրա պերճախոսության ու աննկուն ոգու առջև, բայց և շատ ավելի բազում են եղել նրանք, ովքեր  կոպտորեն մերժել ու անարգել են նրան` երեսին շպրտելով «քու շահուդ համար կաշխատիս կոր»  խոսքերը: Ասում են` մի անգամ  նույնիսկ ապտակել են նրան: Իսկ մայրապետը ավետարանական հեզությամբ պատասխանել է ապտակողին. «Շնորհակալ եմ, էֆենդի, այս ապտակը իմ բաժինս է, հապա խեղճ որբերուն ի՞նչ տանիմ»:

Անկասկած, Սրբուհի Գալֆայանին այդպես դիմացկուն ու անվհատ էր պահում  այն գիտակցությունը, որ  մարդկության բարօրության համար պատրաստ մարդը նաև պատրաստ պիտի լինի զրկանքների: Ու երբ նման տխուր ու հուսահատեցնող պահերին գործակիցները փորձում էին մխիթարական խոսքեր ասել, այդ կրթություն չստացած, բայց ըստ ամենայնի իմաստուն կինը պատասխանում էր. «Տղաս, մարդկանց փրկության համար իր արյունը թափող Քրիստոսի գլխին անգամ փշե պսակ դրին, էլ ի՞նչ խոսք կարող է լինել ինձ պես ողորմելիի մասին» (տե՛ս Մարգարյան Գ. Կենսագրություն Սրբուհի մայրապետի ՆշանԳալֆայան հիմնադիրմայր համանուն որբանոցի աղջկանց հաստատյալ ի Խասգյուղ 1 հունվար 1866:-Կ.Պոլիս, 1892, էջ 60):

Սրբուհի մայրապետ Նշան Գալֆայանը ծնվել է Գարթալ գյուղում: Սրբուհին, որ  Նշան աղայի վեց զավակներից անդրանիկն էր, 12 տարեկան հասակում զրկվում է հորից:  Սրբուհու մայրը ցանկանում է ամուսնացնել աղջկան, բայց հանդիպում է նրա դիմադրությանը: Սրբուհին հայտարարում է, որ ուզում է մտնել կուսանոց: Մոր բազմաթիվ փորձերն ու ջանքերը արդյունք չեն տալիս: Բանը հասնում է նրան, որ Սրբուհին նույնիսկ իրեն վնասելու, իր գեղեցկությունն աղճատելու փորձեր է անում, որպեսզի մայրը վերջնականապես հրաժարվի իրեն ամուսնացնելու մտքից: 1837-ին Սրբուհին հիվանդանում է ժանտախտով: Շատ ծանր վիճակում, կարելի է ասել` մահվան մահճում, երբ արդեն ոչ մի հույս չկար, որ կապրի, խնդրում է մորը խոստանալ, որ եթե ինքը փրկվի, ապա կկատարի իր փափագը, թույլ կտա, որ կուսանոց մտնի: Մայրը, բնականաբար,  խոստանում է: Մի շաբաթ հետո Սրբուհին ապաքինվում է:  Մայրը ծախում է իրենց ունեցվածքը Գարթալում և աղջա հետ տեղափոխվում Պոլիս` հորեղբոր` Աղաթոն Գրիգոր էֆենդիի տուն, որտեղ էլ Սրբուհին 1840 թ. հանդիսավոր ուխտով հագնում է մայրապետության սև վերարկուն և կուսական քողով ծածկում իր երիտասարդությունը:

Սրբուհի Գալֆայանը ձեռագործության, մասնավորապես այդ արվեստի օյա, տիվա և սըրմա տեսակների անզուգական վարպետ էր: Այդ աշխատանքով նա գումար է հավաքում և Խասգյուղում տուն է գնում իրենց համար:  1850 թ. այստեղ նա երկսեռ արհեստանոց է բացում, հավաքում աշակերտներ և սովորեցնում իր արվեստը:  Նրա աշակերտներից շատերը հետագայում հայտնի վարպետներ են դառնում` հպարտանալով «խարթալցի մայրապետին աշակերտը» տիտղոսով:

Սրբուհու արվեստի համբավը տարածվել էր երկրի սահմաններից դուրս: 1868 թ. մայրապետն իր գործերն ուղարկում է Անտվերպենի (Բելգիա) ցուցահանդեսին, որոնք արժանանում են առաջին կարգի վկայականի:  Նա վեց անգամ հրավիրվել է Եգիպտոս` գոհացնելու արքունական տիկինների նուրբ ճաշակը:  Այնտեղից 1858 թ. Յուսուֆյան Գեորգ բեյի կնոջ հետ ուղևորվել է Իտալիա` Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա, Միլան, հաջորդ տարին երկու անգամ ուխտի է գնացել Երուսաղեմ և վերադարձին հրավիրվել Աթենք` կատարելու Հունաստանի թագուհու և պալատական տիկինների պատվերները:

1865 թ.  բռնկվում է խոլերայի համաճարակը` մահ  սփռելով ամենուրեք: Երեք ամիս տևած պատուհասը հազարավոր մարդկանց կյանքեր է խլում` առաջացնելով որբերի, այրիների ու որդեզուրկ ծնողների հսկա բանակ: Ամենուրեք` փողոցների մայթերին, եկեղեցիների բակերում, խանութների դռներին, ուրվականների պես թափառող,  օգնություն հայցող ձեռքները կարկառած, կիսամերկ ու վտիտ որբեր էին թափառում: Ասում են` մի օր Սրբուհին փողոցում այդպիսի մի որբ աղջնակի է հանդիպում ու տեսնելով նրա արտասվախառն կերպարանքը` չափազանց զգացվում է: «Սրբիր արտասուքդ»,- ասում է նա և աղջան տանում իր տուն: Հենց այդ ժամանակ էլ նա մտահղանում է բոլոր որբերին մի տանիքի տակ հավաքելու և նրանց մասին  հոգ տանելու գաղափարը:

Իրականությունն այն է, որ  այդ օրերին Սրբուհի մայրապետն այցելում է Գևորգ ավագ քահանա Արծրունու տուն` տեսակցելու այնտեղ  իջևանած հիվանդ  Կարապետ վարդապետ Շահնազարյանցին: Վերջինս, զրուցելով մայրապետի հետ և, ըստ երևույթին,  խորաթափանցորեն նկատելով այդ կնոջ  անձնվեր ոգին ու եռանդը, խորհուրդ է տալիս եվրոպական մայրապետների օրինակով ավելի գործնական ու մարդասիրական եղանակով արդարացնել իր կոչումը: Սրբուհին պատասխանում է. «Հայր սուրբ, ուսում չունիմ, որ տղա դաստիարակեմ, հարստություն չունիմ, որ նյութական մեծ օգնություն մ’ընեմ, բայց ինչ որ պարգևած է ինձ Աստված` բարի կամք ու առողջություն, սիրահոժար կնվիրեմ սիրելի ազգիս անտեր որբոց` ձեռքս խղճիս վրա հոս հանդիսավորապես ուխտելով ձեր երեք սուրբ հայրերուդ առջև մինչև մահս խոստմանս հավատարիմ մնալ» (զրույցին ներկա էին Գևորգ ավագ քահանա Արծրունին և թաղի քարոզիչ տեր Ներսես եպիսկոպոս Վարժապետյանը – Ա.Հ):

Այդ տեսակցությունից հետո 15 օրվա ընթացքում մայրապետը 2-10 տարեկան 17 անտերունչ որբ աղջիկներ է հավաքում  և ինը ամիս շարունակ իր անձնական խնայողությունների հաշվին, որ 200 օսմանյան ոսկի էին կազմում, խնամում է  նրանց: Սակայն այդ միջոցները  չէին կարող երկար բավականացնել, մանավանդ որ  ոսկեթել օյան, որով հիմնականում դրամ էր վաստակում Գալֆայանը, նորաձևությունից դուրս էր եկել: Մայրապետը  Ներսես եպիսկոպոս Վարժապետյանի  հովանավորությամբ, որն իր ձեռքը Գալֆայան միաբանության ստեղծման վկայագիր է տալիս, հանգանակություն է սկսում: Այսպիսով, 1866 թ. հիմնադրվում են  Գալֆայան միաբանությունն ու Գալֆայան որբանոց-վարժարանը` հաստատվելով Սանտալճի փողոցի մի համեստ բնակարանում:

1870 թ.  Սրբուհի մայրապետն իր 20 որբուհիներով ներկայանում է Սուլթան Ազիզին` ստանալով 50 ոսկի նվիրատվություն և օրական 45 ֆունտ հաց և 23 ֆունտ միս որբերի համար: 1871 թ.  Սրբուհի մայրապետը մասնակցում է Խասգյուղի Դաքեսյան փառավոր առանձնատան աճուրդին և 950 ոսկի առաջարկելով` հաղթում է մրցակիցներին: Այդ գումարը նա առաջարկում է` գրպանում ունենալով ընդամենը 110 փարա: Նա հաջողում է 8 օրվա ընթացքում հանգանակությամբ 650 ոսկի հավաքել, իսկ մնացած 300 ոսկի գումարը փակում է երկու ամսվա ընթացքում: 1871 թ. մարտի 1-ին որբուհիները հանդիսավոր կերպով մտնում են Դաքեսյան վերանորոգված առանձնատունը, և այդ օրվանից այն հայտնի է իբրև Գալֆայան որբանոց: Դրանից հետո մայրապետը ձեռնամուխ է լինում նաև վարժարանի հիմնադրմանը, որպեսզի որբուհիները ստանան բավարար կրթություն:

Սրբուհի մայրապետի օրոք այստեղ կրթվեց ու դաստիարակվեց 160 որբ աղջիկ, որոնցից  23-ը ամուսնացան, որբանոցը հոգաց նաև նրանց օժիտի և հարսանեկան ծախքերը,  20-ը որդեգրվեցին ապահով ընտանիքների կողմից, 75-ը կրթությունն ավարտելուց հետո վերադարձան ազգականների մոտ, իսկ ովքեր ազգականներ չունեին, ապահովվեցին վարժուհու կամ դաստիարակչուհու աշխատանքով:

Սրբուհի մայրապետը վախճանվեց 67 տարեկան հասակում, 1899 թ. հուլիսի 4-ին, շաքարախտ հիվանդությունից: Նրա մարմինն ամփոփվեց Գալֆայան մատուռում: Նրան հաջորդեց Երանուհի մայրապետ Հովհաննիսյանը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, բավականաչափ ունակություններ չուներ որբանոցը կառավարելու համար: Այնուամենայնիվ որբանոցը կանգուն մնաց: Նրանից հետո որբանոցի կառավարումը հանձնվեց Տիկնանց խնամակալությանը և Քրիստինե մայրապետին, որոնք էլ ապահովեցին որբանոցի հարատևումը: Գալֆայան որբանոցը  գործում է մինչև այսօր:

Ա.Հարությունյան «Երևելի տիկնանց դարը» (Եր. 2005) գրքից

Դիտվել է 2535 անգամ:
Print Friendly

Leave a Reply