Երջանկության հորմոններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 11, 2010 10:57

Երջանկությունն ակնթարթ չէ,ոչ էլ մի փունջ ծաղիկ կամ էլ երեխայի ժպիտ: Երջանկությունը մեր օրգանիզմում հորմոնների անմիջական ազդեցությամբ կատարվող  քիմիական ռեակցիա է:

Էնդորֆին

Երբ անորոշություն է տիրում, իսկ աչքերում հայտնվում են սիրահարության կայծեր, «մեղավոր» է ոչ թե հանելուկային անծանոթը, այլ էնդորֆին հորմոնը: Հենց սա է պատճառը, որ աշխարհին երկնագույն ակնոցով եք նայում ու ճաղատ, ցածրահասակ տղամարդուն   գեղեցիկ արքայազնի տեղ դնում: Իսկ եթե  ձեր աչքերը չեն փայլում նույնիսկ հակասթրեսային թերապիայից հետո, ու գեղեցկատես ամուսինն էլ մշտապես ալերգիա է առաջացնում, զբաղվեք սպորտով:

Գիտնականները պարզել են, որ մարզումների ժամանակ հիպոֆիզն ակտիվորեն էնդորֆին է մշակում:  Մարզասրահ և լողավազան  ակտիվ հաճախողների հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց  85%-ը մարզումներից հետո մոռանում է վատ տրամադրության ու դեպրեսիայի մասին: Սկսեք քչից. առավոտյան վազքից: Իսկ երբ զգաք, որ ավելին կարող եք, ապա հաճախեք մարզադահլիճներ, ֆիթնես սրահներ, զբաղվեք արևելյան մարզաձևերով, ու կուտակված ագրեսիան անպայման ելք կգտնի: Լողավազանը կցրի ձեր հոգնածությունը և թուլանալու հրաշալի հնարավորություն կընձեռի: Մարզումների ողջ ընթացքում ձեր օրգանիզմը էնդորֆին կմշակի: Իսկ դա նշանակում է, որ աչքերի փայլն ու լավ տրամադրությունը երաշխավորված են:

Սոմատոտրոպին

44 չափսի կիսաշրջազգեստը, հարթ փորը, իդեալական ոտքերը ցանկացած օրիորդի երջանկության անհատնում աղբյուրն են: Ուստի, սոմատոտրոպին հորմոնը, որը պատասխանատու է կազմվածքի համար,  կարելի է իսկական աղջկական  երջանկության հորմոն  անվանել: Ովքեր դրա պակասը չունեն, հատուկ սննդակարգերի անհրաժեշտություն նույնպես չունեն: Նրանց կերածը «գնում» է մկաններ կառուցելու և պատահական կուտակված ճարպերը այրելու վրա: Դուք կարող եք սոմատոտրոպին սինթեզող  հիպոֆիզին ստիպել «աշխատել» լրիվ ծրագրով: Դրա համար առաջին հերթին հարկ է մոռանալ արտաժամյա աշխատանքի ու գիշերային զբոսանքների մասին: Բոլոր սուպերմոդելները հենց այդպես էլ անում են: Առատ ընթրիքը 2 ժամով առաջ գցեք: Եթե, այնուամենայնիվ քնելուց առաջ ինչ-որ բան ուտելու ցանկություն է առաջանում, բավարարվեք յոգուրտով կամ էլ մի կտոր պանրով: Կաթնամթերքն ակտիվացնում է հիպոֆիզի աշխատանքը: Եվ, վերջապես, զբաղվեք ուժային մարզումներով: Պարապմունքի ծամանակ շաքարի մակարդակն արյան մեջ նվազում է, իսկ սոմատոտրոպինի մակարդակը՝ բարձրանում:

Էստրոգեն

Ինչ էլ որ ասեն ֆեմինիստները, միևնույն է, աղջիկները տղաներից տարբերվում են: Ու պատճառը ոչ թե տղամարդկանց շովինիզմն է, այլ Էստրոգեն հորմոնը, որը կնոջը կին է դարձնում: Այդ հորմոնն է կարգավորում դաշտանային փուլը, հղիության ընթացքն ու  ծննդաբերությունը: Եվ ամենակարևորը՝ դրանով է պայմանավորված նաև հեքիաթային գեղեցկությունը: Էստրոգենն է պատասխանատու մաշկի արյունամատակարարման, խոնավության ու ձգության, ճարպագեղձերի  գործունեության համար: Եթե հորմոնային հավասարակշռությունը խախտված է, ձեր մազերի որակը ոչ մի բալզամ չի լավացնի: Այսինքն՝ էստրոգենը երիտասարդության պատասխանատուն է: Հաճախ ու պարբերաբար սիրով զբաղվող կանայք հասակակիցների համեմատությամբ ավելի ուշ են ծերանում: Կա մեկ այլ տարբերակ. հավասար բաժիններով ազնվամորու տերևների, ելակի, մասուրի թուրմ խմեք և դարչինի բույրը շնչեք:

Ադրենալին

Եթե օրիորդը սիրահարվում է, նկատում են բոլորը, երբ նա նույնիսկ այդ մասին չի էլ խոսում, միևնույն է, նրա հայացքը պղտորվում է, ձայնը թեթևակի խռպոտում, իսկ աղջկական սրտի թրթիռը՝ լսելի է  անգամ կիլոմետրի հեռավորությունից: Այս ամենով նա պարտական է ադրենալինին: Սակայն կան աղջիկներ, ում համար արքայազնի առկայությունը պարտադիր չէ, որ ադրենալին թափանցի արյան մեջ, նրանք ընդունակ են տարվա մեջ հարյուր անգամ սիրահարվել, գիտակցությունը կորցնել կրքի պահերին և այդ ամենի համար վճարել միգրենի ահավոր նոպաներով: Մեր արյան մեջ ադրենալինի մակարդակը  ի ծնե է որոշված: Եվ այն չի կարելի պարզապես պահեստավորել:

Դոփամին

Քայլվածքն է կնոջը կանացի դարձնում: Ինքնատիպ կոշիկը կնոջը գրավչություն չի տա, եթե նրա քայլվածքը ծանրանա ու հրամանատարական շեշտ ստանա: Դրա պատճառն էլ դոփամին հորմոնն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Այս հորմոնի բավարար քանակությունը  քայլվածքը դարձնում է թեթև, օժտում  ճառագայթող կենսաէներգիայով ու ստեղծագործելու ներուժով: Մասնագետներն առաջարկում են բնության սխալներն ուղղել պարահանդեսային պարերով, քայլքով: Դա ոչ միայն զարգացնում է շարժումների կոորդինացիան, այլև նպաստում է արյան մեջ դոփամինի մակարդակը բարձրացնելուն:

Օքսիտոցին

Գիտնականները պարզել են, որ մարդուն կատարյալ երջանիկ զգալու համար բավական է օրական յոթ համբույր և կրքոտ գրկախառնության յոթ րոպե: Քնքշության նմանօրինակ դրսևորումները նպաստում են օքսիտոցին հորմոնի մշակմանը, ինչը պաշտպանում է մեզ հիվանդություններից: Ադրենալինի հետ արյուն ներթափանցած այս հորմոնը խտացնում է իգական հորմոնների ազդեցությունը՝ ճնշելով արականին: Ուստի, երբ լավ չենք զգում, քնքշության կարիք ենք ունենում: Գիտնականները պարզել են, որ ինքնավստահ կանանց օրգանիզմում այս հորմոնի մակարդակը նորմից բարձր է: Օքսիտոցինի մակարդակը նորմի հասցնելու համար բավարար է սեքսով զբաղվելը, մերսումը, ծայրահեղ դեպքում՝ ինքնամերսումը:

Սերոտոնին

Ամեն մարդու համար սահմանված է երջանկության իր չափաբաժինը: Մարդը չի կարող հինգ անգամ սիրահարվել, եթե  Աստված տվել է ընդամենը մեկ կրքոտ սեր: Չես կարող լավատեսություն սերմանել, եթե ի ծնե վատատես ես: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը սերոտոնին  հորմոնի քանակով է պայմանավորված: Կենսախինդ կանանց մեջ այն ավելի շատ է, քան մռայլ բնույթ ունեցողների մեջ, ոչ միայն այն պատճառով, որ կենսուրախ օրիորդներն օժտված են ամեն ինչով ուրախանալու տաղանդով: Պարզապես, սերոտոնինի մշակման ու լավ տրամադրության միջև փոխադարձ կապ կա. որքան շատ հորմոն է ընկնում արյան մեջ, այնքան շատ ենք ուրախ լինում, և հակառակը, որքան ուրախանալու առիթներ ենք ունենում, այնքան շատ հորմոն է մշակվում: Բավական է զայրանանք, որ սերոտոնին պարզապես չմշակվի, քունը դառնա կարճատև ու ընդհատվող, ախորժակը՝ անզուսպ, իսկ ինքներս՝ չար ու նյարդային: Որովհետև այս հորմոնն է պատասխանատու հանգիստ քնի ու չափավոր նորմալ ախորժակի համար: Այնպես որ, երբ զգում եք մոտալուտ դեպրեսիան, կերեք մակարոնեղեն և ընդեղեն. այս մթերքները հարուստ են ածխաջրերով, որոնք խթանում են սերոտոնինի մշակումը: Իսկ եթե համբերություն չունեք, ապա կերեք շոկոլադե սալիկ և դարչինի բույրով մոմ վառեք: Մի քանի րոպեից տրամադրությունը կբացվի:

Տիրօքսին

Հանքային ջու՞ր եք ուզում, նշանակում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունեք: Այս գեղձն է պատասխանատու  նորմալ նյութափոխանակության համար,  այն արագացնում է օրգանիզմից  խարամների (շլակ) ու թունավոր նյութերի  արտազատումը: Տիրօքսինի անբավարարությունը բացասաբար է անդրադառնում դեմքի ու կառուցվածքի վրա: Խանգարվում է ճարպագեղձերի աշխատանքը: Դեմքի գույնը դառնում է գորշ, հողագույն: Ազդրերին ու փորին ճարպային նստվածքներ են շոշափվում: Խմեք հանքային ջուր և կերեք յոդով հարուստ սնունդ, օրինակ՝ ծովամթերք:

Դիտվել է 10028 անգամ:
Print Friendly

Leave a Reply