Շիրակի մարզում ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 21, 2009 19:28

Շիրակի մարզում հուլիսի 19-ին ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների տանիքներ, էլեկտրական հենասյուներ:  Բայանդուր գյուղում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին 6 ծառ է շուռ եկել: Ուժեղ քամուց գյուղում տապալվել է 3 էլեկտրասյուն, վնասվել 2 տների տանիքներ, գյուղը հոսանքազրկվել է:

Քամուց կոտրված ու ընկած թիթեղյա ծածկից  գլխի վնասվածքով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Վարդաբաղ թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Լ. Երեմյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը  նորմալ է:

Գյումրիի կայարանի հարակից  շինություններից մեկի 50 քմ մակերեսով թիթեղյա տանիքն էլ ընկել է գնացքների երթևեկությունն ապահովող բարձր լարման էլեկտրական լարերի վրա, ինչի հետևանքով երկաթուղու Գյումրի-Բայանդուր հատվածը հոսանքազրկվել է, իսկ  տանիքների կոտրվածքներից վնասվել է 2 ավտոմեքենա:

Ազատան գյուղում վնասվել են  էլեկտրական ենթակայանի տանիքը, 6 բնակելի տան տանիք` 180 քմ ընդհանուր մակերեսով, կտրվել են ցածր լարման էլեկտրալարերը. գյուղը մասամբ հոսանքազրկվել է: Իսկ մի ծառ շրջվել է ու վնասել ցածր ճնշման գազատարը, ինչի պատճառով 350-400 տուն էլ գազազրկվել է:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply