Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Հնդկաստան ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 11, 2010 10:18

Նոյեմբերի 10-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան:

Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին:

Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Հնդկաստանի փոխնախագահն ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար եւ արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները եւ համագործակցության նոր ծրագրեր մշակելու:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս` աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:

Զրուցակիցներն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` այդ ենթատեքստում կարեւորելով բարձր մակարդակի այցելությունների կազմակերպումը:

Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջեւ շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով` ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարն հանդիպեց Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին:

Հանդիպման ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց հումանիտար բնագավառում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվեցին Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի բացման, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի միջեւ համագործակցության, կրթական փոխանակումների աշխուժացման, Հայաստանի ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի բացման, Հայաստանում Հնդկաստանի մշակութային սեզոնի անցկացման վերաբեյալ հարցեր:

Նյու Դելիում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույց տվեց “Asian Age” հեղինակավոր պարբերականին:

Նոյեմբերի 11-ին նախատեսված են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply