Ադրբեջանի ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2010 10:13

Ադրբեջանի 10 ընդդիմադիր կուսակցություններ այսօր հայտարարել են, որ նոյմեբերի 7-ին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններն իշխանության կողմից ամբողջութամբ կեղծվել են եւ պահանջել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այդ մասին,  հայտնում է «BBCazeri» լրատվական կայքը: Ադրբեջանական ընդդիմության կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ նոր կազմավորված խորհրդարանն անօրինական է անվանվել:

Ընդդիմության կարծիքով, նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններն իրականում ոչ թե ընտրություն, այլ նշանակման գործողություն են եղել, եւ նոր կազմավորված խորհրդարանը ոչ թե ընտրողների, այլ իշխող խավի կամքն է ներկայացնում: Ադրբեջանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ներկայացնող այդ 10 կուսակցությունները հայտարարության մեջ նշել են, որ չեն ճանաչում նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ են պահանջում: Տեղական դիտորդները հայտնում են, որ 1991 թ-ին Ադրբեջանի անկախացումից հետո առաջին անգամ է, որ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի անցել Միլլի Մեջլիս:

Ընդդիմությունը պնդում է, որ դա հնարավոր է դարձել իշխանության կողմից համընդհանուր կեղծարարության արդյունքում, եւ որ դրանով Ադրբեջանի իշխանությունը մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը: «Արդեն դատարաններ զանգվածային դիմումներ են սկսվել եւ նրանց հիմնական հասցեն լինելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը», -կայքին հայտնել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը:

Ներքին քննադատություններին զուգահեռ նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական լինելը կասկածանքով է ընդունվել նաեւ միջազգային հանրության կողմից: Վերջին օրերին մի շարք ազդեցիկ եվրոպական կառույցներ, ինչպես նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել են, որ Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ադրբեջանի իշխանությունը, սակայն, չի հրաժարվում իր ասածից եւ համառում է, որ ընտրությունն ամբողջությամբ դեմոկրատական է եղել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյա Ալի Հասանովը հայտարարել է. «Ընտրությունը թափանցիկ եւ արդարացի է եղել, եւ մենք զարմանում ու ցավում ենք այդ հայտարարության առթիվ»: Ընտրությունների արդյունքների կեղծման մասին խոսող որոշ թեկնածուներ իրենց մոտ եղած բողոքներն ու ապացույցները ներկայացրել են ԿԸՀ: Այդ ապացույցների մի մասը տեսանյութեր են: Ասվում է, որ ԿԸՀ-ն սկսել է հետազոտել ներկայացված փաստաթղթերը:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply