Կրթության ոլորտը ՀԽ ուշադրության կենտրոնում է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | November 10, 2010 17:14

Ուսումնական ծրագրով պետք է դպրոցական կրթության տարիներին նախատեսել գոնե մեկ պարտադիր այց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն յուրաքանչյուր աշակերտի համար. այսօր Հանրային խորհրդի 11-րդ լիագումար նիստի ժամանակ նման առաջարկություն արեց ՀԽ անդամ Կարեն Բեքարյանը: Նա նշում է, որ կա հայրենաճանաչության պակաս դպրևոցականների մոտ և պետք է փոխադարձ այցեր կազմակերպվեն դեպի ԼՂՀ և ՀՀ:

Հանրային խորհրդում այսօր քննարկվող թեմաներից  էր հանրակրթությունը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը  նշում է, որ  կրթության թեման մշտապես լինելու է ՀԽ ուշադրության կենտրոնում և թեմատիկ քննարկումները հետագայում կշարունակվեն:

ՀԽ անդամ Էդիկ Ղազարյանը, անդրադառնալով հանրակրթությանը, նշում է, որ խորհրդային տարիների համեմատությամբ կորուստներ կան և ներկա վիճակը շտկումների կարիք ունի: Նա նշում է, որ անցած դարի 60-ականներին Հայաստանում գիտությունը և կրթությունը մեծ վերելք ապրեցին, քանի որ կային համապատասխան նախադրյալներ. այս ոլորտը պետության հոգածության կենտրոնում էր, ամենաբարձր աշխատավարձը հանրապետությունմ ստանում էր գիտնականը: Ղազարյանը նշում է, որ այն ժամանակ գիտելիքը նաև իրական հարստություն էր համարվում, կար ակնածանք ուսուցչի և գիտնականի հանդեպ: Նա նշում է, որ ներկայումս կրթության որակը բարելավելու համար անհրաժեշտ պայման է այն տարիների արժեհամակարգը վերականգնելը, ինչը, սակայն ազգովին լուծելու հարց է, ոչ թե միայն ԿԳ նախարարության: Նրա խոսքով, այն ժամանակ աշակերտը նաև հանրագիտակ էր, անկախ մասնագիտական նախասիրություններից, հավասարապես տիրապետում էր բոլոր առարկաներին, ինչը, սակայն, չկա այսօր:

Ղազարյանը նշում է, որ անկախ Հայաստանի կրթական համակարգում կատարվել են կասկածելի փոփոխություններ, որոնք ևս նպաստել են կրթության որակի անկմանը:

Ղազարյանը մատնանշում է, որ ուսուցչի աշխատավարձը իրականում բարձրացնելու փոխարեն ավելացվեց նրա շաբաթական ծանրաբեռնվածությունը` 18-ից հասցնելով մինչև 22 ժամ, ինչը բերեց մանկավարժական կադրերի լայնածավալ կրճատման: «Փաստորեն ուսուցիչը հիմա օրական 4-5 ժամ ծանրաբեռնվածություն ունի: Նման պարագայում իրատեսական չէ ինքնակրթությամբ զաղվելը, դասավանդման ժամանակակից մեթոդներին տիրապետելը: Փաստորեն ուսուցիչը դառնում է արհեստավոր»: Որպես կասկածելի փոփոխություն Ղազարյանը նաև նշում է դասարաններում աշակերտների խտության մեծացումը:

ՀԽ անդամը նաև սխալ որոշում է համարում 12-ամյա կրթական համակարգին անցնելը` լիովին բավարար համարելով 11 տարին: «Հիմա տարրական դպրոցին հատկացված է 4 տարի, մինչդեռ 3 տարին բավարար է: Փոխարենը միջին  դպրոցում ունենք խիստ ծանրաբեռնվածություն, որը հնարավոր կլիներ լուծել տարրական դպրոցի մեկ տարին հիմնականի տալով»,- ասում է Ղազարյանը:

Կրթության ոլորտին վերաբերող առաջարկները, սակայն, կամփոփվեն և քվեարկության կդրվեն հետագայում` համապատասխանեցնելով գործող տեղական և միջազգային օրենսդրությանը:

Հանրային խորհուրդը 11-րդ լիագումար նիստում միաձայն կողմ քվեարկեց նաև Ազգային համագործակցության ցանցին վերաբերող առաջարկություններին: Ըստ այդմ` ՀԽ-ն պարտավորվում է իր բոլոր հնարավորություններով աջակցել «Էլեկտրոնային հասարակության» ձևավորման գործընթացին և մասնակցել  «Ազգային համագործակցության ցանց» կառույցի աշխատանքային խմբերի գործունեությանը:

Արշակ Սադոյանն ասում է, որ  Ազգային համագործակցության ցանց ստեղծելով նպատակ ունենք համացանցում ունենալ ազգային տարածք, ինքնակազմակերպվող կառույց, որը կկարողանա հայությանը հուզող հարցերի պատասխանները գտնել:

Ցանցն, ըստ Սադոյանի, ունենալու է տասը բաժիններ, ինչպես «Դարերի միջև», որը հայության պատմությունը և գործունեությունը կներկայացնի, «Հեռավար ուսուցում», որը հնարավորություն կտա Սփյուռքի հայերին հայագիտական առարկաներ ուսումնասիրել, «Մշակութային ենթացանց», «Հանրային կյանք» և այլն:

Սադոյանն ասում է, որ նման լայնածավալ ծրագիրը կյանքի կոչելու համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն, ուստի ծրագիրն իրատեսական է: Նրա խոսքով` ԱՀՑ հիմնադրամի գրանցումից մեկ տարի հետո նախատեսվում է ունենալ արդեն կայացած ու գործող համակարգ:

ՀԽ լիագումար նիստում քննարկվում է նաև Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման հարցը: Հաշվի առնելով իրողությունը, ԱՄՆ նախագահ Վիլսոնը հետևողական է եղել Հայկական հարցի լուծման ուղղությամբ, իսկ այս տարի լրանում է Վիլսոնի հայանպաստ որոշման 90 ամյակը, ՀԽ-ն առաջարկում է Վիլսոնի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել Երևանում, նաև նրա անունով փողոց անվանակոչել:

ՀԽ օրակարգում է նաև հայկական գորգերի թանգարան-գիտահետազոտական կենտրոն հիմնելու հարցը:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply